Գագիկ Ջհանգիրյան. Մենք չենք կարող այդպես հեշտ տալ մեր ինքնուրույնությունը (տեսանյութ)
«Ես ներկայացնում եմ մի քաղաքական ուժ, որն առաջնորդում է Հայաստանի առաջին նախագահը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, ուստի ես ուզում եմ նշել, որ մեր քաղաքական ուժը հասկանում է հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների նշանակությունը»,- այս մասին այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի առաջին նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
«Բավական է հիշել, որ երկու մեծ համաձայնագրերը, խոսքս ԱՊՀ և ՀԱՊԿ անդամակցության մասին է, եղել են մշակված և ստորագրված Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ»,- նշեց նա՝ շեշտելով, որ իրենք կողմն են, որ Հայաստանը գործի որպես ինքնուրույն պետություն:
«Մեր գործընկերներն այստեղ կարծիքներ հնչեցրին, որոնք ես վաղաժամ եմ համարում, և հետո մենք չենք կարող այդպես հեշտ տալ մեր ինքնուրույնությունը: Մենք կողմ ենք համագործակցության, ինտեգրացիային, բայց մենք կողմ ենք համագործակցությանը, ինտեգրացիային, հավասար կողմերի պարագայում»,- ընդգծեց ՀԱԿ պատգամավորը:
Գ. Ջհանգիրյանն ասաց, որ Հայաստանը բավականին շատ խնդիրներ ունի՝ փակ սահմաններ, դե ֆակտո պատերազմ սահմանին, արտագաղթ, որոնց պայմաններում Հայաստանը պետք է իմանա, թե ի՞նչ է ստանալու Մաքսային միությանն անդամակցելուց հետո:
«Մենք կցանկանայինք հստակ իմանալ, թե Մաքսային միության անդամակցության դեպքում ի՞նչ է ստանալու Հայաստանը, ի՞նչ է շահում, ի՞նչ է կորցնելու: Մենք այս մասին դեռ չգիտենք՝ միայն խոսակցություններ են, այն դեպքում, երբ մենք կցանկանայինք ստանալ այն բազային օրենսդրությունը, որը պետք է ընդունենք, այն պայմանները, սկզբունքները, որոնց հիմքում միությունը պետք է գործի»,- եզրափակեց նա: