Հիշենք Շեքսպիրին՝ «այդպիսով չմոռանանք ինքներս մեզ»
Թեև մեր Համլետ սիրելի եղբոր մահվան հիշատակը
Թարմ է տակավին, և մեզ պատշաճ էր վշտով համակվել,
Եվ պետք էր համայն մեր պետությունը
Մեկ ճակատ դառնար` ցավից կծկված,
Բայց դատողությունն այնպես սրտի դեմ պայքար է մղել,
Որ մենք ավելի խոհական վշտով հիշում ենք նրան,
Առանց ինքներս մեզ մոռանալու:
Հովհ. Մասեհյանի թարգմանությունը
Մեր սիրելի Համլետ եղբոր մահվան հուշը
Թեպետ թարմ է, և վայելուչ կլիներ մեզ
Կսկիծ պահել մեր սրտերում, իսկ մեր ամբողջ
Տերությանը` վշտից կիտված մի հոնք դառնալ,
Սակայն խելքը պայքարում է բնության դեմ`
Ստիպելով նրան հիշել խոհեմ ցավով,
Որ այդպիսով չմոռանանք ինքներս մեզ:
Արամ Թոփչյանի թարգմանությունը
Հովհաննես Մասեհյանի հայտնի թարգմանությունից հետո այսօր ունենք «Համլետի» մի նոր թարգմանություն` ընդարձակ ուսումնասիրությամբ ու մեկնություններով («Սարգիս Խաչենց»-«Փրինթինֆո», 2013): Մեր զրուցակիցն է գրքի հեղինակը` թարգմանիչ, մշակութաբան Արամ Թոփչյանը:
– Պարոն Թոփչյանն Շեքսպիրից օրագրեր, նամակագրություն չի պահպանվել: Մեզ հասել են միայն մի քանի փաստաթուղթ, թղթի կտորներ, որոնց վրա նա ստորագրել է: Մինչ օրս վիճարկվում է Շեքսպիրի հեղինակային իրավունքը` ի՞նքն է ողբերգությունների հեղինակը, թե՞ ոչ: Ի վերջո, որքանո՞վ է էական` ո՛վ է գրել այդ դրամաները, սոնետներն ու պոեմները:
– Այո՛, Շեքսպիրից մեզ չի հասել նաև նրա որևէ երկի ձեռագիր: Բրիտանական գրադարանում պահվում է «Սըր Թոմաս Մորի գիրքը» (հին ուղղագրությամբ` The Booke of Sir Thomas Moore) վերնագրով անթվական ձեռագիրը: Booke տվյալ դեպքում նշանակում է` «բեմական օրինակ», այսինքն` երկի բեմադրվելիք տարբերակը: Սակայն, ի սկզբանե արգելվելով գրաքննությամբ, «Սըր Թոմաս Մորի գիրքը» չի բեմադրվել: 1590-95 թթ. այն գրել են երկու հեղինակ, իսկ տարիներ անց «բեմական օրինակի» վրա լրացումներ են արել ուրիշները: Այդ լրացումներից մեկը (Addition II.D)` 164 տող, դատելով հեղինակի լեզվամտածողության ու տառերի գրության հատկանիշներից, որոնք համեմատվել են Շեքսպիրի ստորագրությունների հետ, հավանաբար նա է իր ձեռքով արել (այդ ձեռագիրը հայտնի է որպես Hand D):
Ասում ենք` «հավանաբար», բայց չենք կարող վստահ լինել, որ դա իրոք նրա ձեռագիրն է: Կա Շեքսպիրի հայտնի կտակը` նրա ստորագրություններով, բայց գրված ուրիշի ձեռքով, որը խիստ տարակուսանք է առաջացրել, քանզի այնտեղ ոչինչ չի վկայում, թե նա երբևէ որևէ երկի հեղինակ է եղել կամ իր տանը գրքեր է ունեցել: Իսկ կտակի ամենազավեշտալի կետն այն է, որ նա իր կնոջը կտակում է, ոչ ավել, ոչ պակաս, իր «երկրորդ լավագույն մահճակալը»: Ի՞նչ է սա արդյոք, և ի՞նչ առեղծված է առհասարակ այս կտակը: Սրանք հարցեր են, որոնց քննարկումները մեր օրերում էլ շարունակվում են:
Մյուս կողմից, սակայն, կտակում հիշատակվում են նրա երեք դերասան ընկերները` Ռիչարդ Բերբիջ, Ջոն Հեմինգ ու Հենրի Կոնդել, որոնց հետ նա հանդես էր գալիս «Գլոբուս» թատրոնում: Վերջին երկուսին է պատկանում 1923 թ., Շեքսպիրի մահից մոտ յոթ ու կես տարի անց, նրա պիեսների ժողովածուն` հռչակավոր «Առաջին ֆոլիոն» (First Folio), կազմելու պատիվը: Այսինքն` կտակը, անտարակույս, պատկանում է դերասան Ուիլյամ Շեքսպիրին. կասկածները միայն այն հարցի շուրջ են` նույն դերասա՞նն է գրել նրա անունով մեզ հասած երկերը, թե՞ ոչ: Ես կասկած չունեմ, որ հենց ինքն է գրել, և դրա վկայությունները կան նաև «Համլետում». համապատասխան մեկնություններին կարելի է ծանոթանալ իմ գրքում:
Հարցնում եք, թե որքանո՞վ է էական` ով է գրել Շեքսպիրի երկերը: Այո՛, վերջին հաշվով` էականը ոչ թե դա է, այլ` որ այդ գլուխգործոցները ստեղծվել են, և մենք կարող ենք դրանք վայելել: Այդուհանդերձ, Շեքսպիրի անձնավորության շուրջ վեճերը երբեք չեն դադարի երկու պատճառով: Առաջին` դա չափազանց հետաքրքիր և պրպտումների անսպառ հնարավորություններ տվող թեմա է: Երկրորդ` բավական է մեկն այդ մասին ուսումնասիրություն գրի, անմիջապես հայտնի մարդ է դառնում, իսկ հայտնի դառնալու ձգտումը մարդկային է:
– Հոգեբույժներն անգամ այսօր կարևոր են համարում քննարկումները` Համլետն իրո՞ք ուներ հոգեկան խնդիրներ, Համլետի հոր ուրվականի խոսքերից փորձ է արվում պարզել` բողոքակա՞ն էր նա, թե՞ կաթոլիկ, գեհենի՞ց էր ուղարկված, թե՞ քավարանից: Նման մանրամասները, նեղ մասնագետներին հետաքրքրելուց բացի, ի՞նչ կարևորություն են ներկայացնում ընթերցողի համար:
– Համլետի նկարագրում հոգեկան հիվանդության տարրեր փնտրելը, իհարկե, արդարացված չէ, որովհետև պիեսում չկա դա հաստատող որևէ դրվագ: Այո՛, նա խելագար է ձևանում` մտնելով ողբերգակատակերգական այդ կերպարի մեջ, բայց դա պարզապես գործելու և ուրվականի հրահանգը զանց չառնելու նրա ուրույն մեթոդն է: Համլետը, հարկավ, մելամաղձոտ է, բայց մելամաղձությունը հիվանդություն չէ: «Հոգեբուժական» նման թյուր մոտեցման հիմքում այն վաղեմի պատկերացումն է, թե մելամաղձությունը («սևլեղիությունը») հիվանդագին երևույթ է, և դրա պատճառը մարդու մարմնում, այսպես կոչված, չորս «գլխավոր հյութերից» (արյուն, լորձ, դեղին լեղի ու սև լեղի) մեկի` սև լեղու գերակայությունն է:
Այս պատկերացման տարրեր կարելի է գտնել նույնիսկ խոշոր շեքսպիրագետ Էնդրյու Բրեդլիի` 20-րդ դարի սկզբին հրատարակված «Շեքսպիրյան ողբերգություն» գրքում: Մինչդեռ Համլետի հապաղման բուն և գլխավոր պատճառներից մեկն էությամբ ոչ մարդասպանին արգելակող` սպանություն գործելու հոգեբանական խոչընդոտն է: Հարցի այս կողմը, ասել է թե` նորմալ մարդու համար արյուն թափելու դժվարությունը, եթե ոչ` անհնարինությունը (խոսքը ռազմական իրադրության մասին չէ, երբ բոլորը ստիպված են սպանել), որքան ինձ հայտնի է այս պիեսի մասին հսկայածավալ գրականությունից, բավարար ուշադրության ու շեշտադրության չի արժանացել:
Համլետի անվճռականության զանազան տրամաբանական ու անտրամաբանական բացատրությունների հեղինակները հաճախ այնպես են զարմացած նրա վարքագծից, կարծես թե իրենց համար որևէ մեկին սրախողխող անելը խնդիր չէր լինի: Ուստի և` ոմանք իշխանի խառնվածքում անպայման հիվանդագին տարրեր են փնտրում:
Անդրադառնալով ձեր հարցին` նշեմ, որ Համլետի հոգեկան նկարագիրը ոչ միայն նեղ մասնագետների, այլև շատ ուրիշների խնդիրն է (ինչպես և միշտ եղել է), որովհետև դա սերտորեն առնչվում է մարդկային բնությանն առհասարակ: Իսկ ինչ վերաբերում է ուրվականի հետ կապված` քավարանի՞ց, թե՞ դժոխքից, բողոքակա՞ն, թե՞ կաթոլիկ հարցերին, դրանք ուշագրավ ու պարարտ նյութ են զանազան մտավարժանքների համար, հետևաբար` կարող են հետաքրքրել ցանկացած` քիչ թե շատ մտածելու և վերլուծելու ընդունակություն ունեցող մարդու:
– Տոլստոյն իր «Շեքսպիրի և դրամայի մասին» քննադատական հոդվածում Շեքսպիրի գործերը, այդ թվում` «Համլետը», «Լիր արքան», «Օթելլոն» համարում է ձանձրալի, դրամայի կանոններին հակասող: Գտնում է, որ, օրինակ, Լիրի, Համլետի շատ գործողություններ, մտքեր հիմնավորված չեն: Մասնավորապես, Լիրն ինչպե՞ս կարող էր չհավատալ իր ամենասիրելի դստերը` Կորդելիային, և նրան զրկել հայրական օրհնանքից ու օժիտից:
– Քանի որ իմ գրքում հատուկ անդրադարձել եմ Տոլստոյի կարծիքին և այդ առթիվ Ջորջ Օրուելի արձագանքին, այստեղ ձեր հարցին կպատասխանեմ հակիրճ: Տոլստոյն իմ ամենից սիրելի վիպասաններից է, բայց հիշյալ հոդվածը, թերևս, նրա ամենաանհաջող գրական արտադրանքն է: Շեքսպիրի պիեսների մասին Տոլստոյի դատողություններն այնքան տարօրինակ ու անտեղի են, որ հազիվ թե կարիք կա դրանց մեկ առ մեկ անդրադառնալու և հերքելու. դրանք հերքում են իրենք իրենց: Նրան, օրինակ, «բնավ ոչ վատն» է թվում Համլետի նախատիպ Ամլեթի մասին սկանդինավյան պրիմիտիվ ու բիրտ միջնադարյան պատմությունը. իսկ Շեքսպիրը, ըստ նրա, պարզապես վերցրել և այդ պատմությունը փչացրել է:
Սխալ է, առհասարակ, Շեքսպիրի ողբերգություններում պարզ տրամաբանություն որոնելը և, այդպիսին չգտնելով` նրան քննադատելը: Չէ՞ որ կյանքում էլ ողբերգությունները տեղի են ունենում` հակառակ առողջ տրամաբանության: Կարող է պարադոքսալ հնչել, բայց Շեքսպիրի հերոսները, ասենք` Համլետը, Օթելլոն և Լիր արքան, չափից ավելի մեծ անհատականություններ ու վիթխարի ողբերգական կերտվածքներ են, որպեսզի հնարավոր լինի նրանց մասին դատել զուտ սառը և սովորական տրամաբանությամբ: Համլետի փոխարեն` մի շարքային «խիզախ» մահկանացու, օրինակ, պարզապես Կլավդիուսին կսպաներ, Օթելլոյի փոխարեն` սթափ դատող մեկն ականջ չէր դնի Յագոյին, իսկ Լիրի փոխարեն` մի հաշվենկատ ու ճղճիմ հարուստ երբեք իր կենդանության օրոք ունեցվածքը չէր բաժանի աղջիկներին ու հայտնվի փողոցում:
– Տոլստոյը հոդվածը գրել է 75 տարեկանում, և մինչ այս եզրակացության հանգելը` ուսումնասիրել է Շեքսպիրին` ոչ միայն անգլերենով, այլև տարբեր թարգմանություններով:
– Նրա վարմունքի մեջ, թող ինձ ներվի ասել, ես տեսնում եմ խոշոր գրողի որոշ մեծամտություն և ուրիշներին անպայման հակադրվելու մղում: Հայտնի է նաև, որ Շեքսպիրը Տոլստոյի միակ «զոհը» չէր. նա բացասաբար է արտահայտվել նաև այլ հանճարների մասին: Ի դեպ, այստեղ արժե հիշել ճակատագրի դաժան խաղը, որով Տոլստոյը մահից առաջ նմանվել է իր քննադատած ողբերգության հերոսին (դրա վրա ուշադրություն է հրավիրել Օրուելը):
1910թ. հոկտեմբերի 28-ի, լույս 29-ի ցուրտ գիշերն ութսուներկուամյա կոմսը լքել է իր ընտանիքը, Յասնայա Պոլյանայի տունն ու կալվածքը, որպեսզի ժուժկալ ու աստանդական կյանք վարի, ինչպես Լիր արքան կասեր (III.4.33գ34)` իրեն ստիպի «զգալ, ինչ որ աղքատն է զգում»: Թոքաբորբով հիվանդանալով` նա անկողին է ընկել Աստապովո երկաթուղային կայարանում, որտեղ մահացել է նոյեմբերի 20-ին: Հիվանդ ծերունու կողքին է եղել նրա կրտսեր դուստր Ալեքսանդրան` Տոլստոյի բազմաթիվ զավակներից միակը, ում նա իր ժառանգ էր հայտարարել: Ահա՛ և Լիրի ու Կորդելիայի պատմության փոխակերպումը:
– Ի՞նչ եք կարծում` ո՞րն է արվեստի դերն առհասարակ: Հնագույն շրջանից մինչ օրս ստեղծվել են մշակութային մեծ գործեր` միտված բոլոր ժամանակներին: Սակայն մարդու էությունը, խոշոր հաշվով, չի փոխվում, եթե անգամ նա նոր է դուրս գալիս համերգասրահից, ուր Մոցարտ էր լսում: Վկա` պատերազմները, սպանությունները, ստորությունը, դավաճանությունը:
– Ես տվյալ դեպքում չէի օգտագործի «մարդ» ընդհանուր հասկացությունը: Մարդիկ տարբեր են. կարող են լինել, ասենք, իրենց բարոյական նկարագրով հիանալի անձնավորություններ, որոնք, սակայն, բարձր գրականության և արվեստի պահանջմունք չունեն: Սա նորմալ է և ամենևին ոչ դատապարտելի: Իսկ Մոցարտ կամ Գյոթե կարող են իսկապես ընկալել միայն նրանք, ում դա տրված է ի ծնե, և այդ մարդիկ խիստ փոքրամասնություն են կազմում:
Եթե չկա նման բնածին ընկալունակություն, որքան էլ, ասենք, Ձեր նշած «ստորության» հակում ունեցողին զոռով կամ գովազդի ենթարկելով` տանես դասական համերգի կամ ստիպես որևէ գրական կոթող կարդալ, նա, միևնույն է, դա չի ընկալելու (կամ սխալ է ընկալելու) և չի բարեփոխվելու: Ուստի պետք չէ այս առումով արվեստի դերը գերագնահատել:
– Ռիչարդ III-ը նախատիպն է այսօրվա որոշ անմարդկային ղեկավարների, որոնք, դիցուք, անխնա պատերազմներ են հրահրում, ինչպես` Սիրիայում: Օթելլոյի նման հզոր կերպարներ, չգիտեմ` կա՞ն, սակայն քրեական քրոնիկոնը ներկայացնում է խանդի պատճառով սպանություններ: Լիրի փոքրիկ մոդելներին` զավակների հարգանքից զրկված և ունեցվածքը կորցրած ծնողներին, տեսնում ենք փողոցում, նոտարական գրասենյակներում: Իսկ Համլետին Դուք տեսնո՞ւմ եք կյանքում:
– Ես այստեղ փոքր-ինչ ուրիշ կերպ կձևակերպեմ վերևում արդեն հայտնածս միտքը. Շեքսպիրի ողբերգական կերպարները` իրենց հսկայամասշտաբ կերտվածքով, մարմնավորած բազում խնդիրներով ու լայն ընդգրկումով, չեն կարող տեղավորվել առօրյա կյանքում: Եվ եթե անգամ կա նրանց գործողությունների ու քրեական քրոնիկոնում կամ նոտարական գրասենյակներում գրանցված դեպքերի միջև նմանություն, ապա դա խիստ պայմանական և հեռավոր նմանություն է: Դուք ճիշտ օգտագործեցիք «Լիրի փոքրիկ մոդելներ» արտահայտությունը: Հետևաբար, մենք կյանքում, բնականաբար, հազիվ թե տեսնենք Համլետի կրկնօրինակին: Այլ հարց է, որ, ինչպես ասում էր նշանավոր բանաստեղծ ու գրականագետ Սեմյուել Քոլրիջը, մենք մեր մեջ կարող ենք նկատել Համլետի որոշ տարրեր:
– Ասում ենք, որ այս կամ այն գործը բոլոր ժամանակների համար է: Ըստ Ձեզ` ինչո՞ւ է Շեքսպիրը բոլոր ժամանակների համար: Եվ ի՞նչը կպակասեր աշխարհում, եթե մարդկությունը չճանաչեր Շեքսպիրին:
– Ես կարող էի հիմա թվարկել զանազան պատճառներ, թե ինչու է Շեքսպիրը բոլոր ժամանակների համար, բայց դրանք հանրահայտ ճշմարտություններ են, որոնք չեմ ուզում կրկնել: Վաղուց ընդունված իրողություն է, որ, եթե մարդկությունը չունենար Շեքսպիրին, համաշխարհային մշակույթում մի հսկայական դատարկ տարածություն կառաջանար, որն ուրիշ ոչնչով հնարավոր չէր լինի լցնել:
– Երբ Սամվել Մկրտչյանը թարգմանեց Ջոյսի «Ուլիսեսը», հրաշալի այդ թարգմանությունը նա հնարավոր համարեց` շնորհիվ հայոց լեզվի: Հայերենը Ձեզ որքանո՞վ է օգնում Շեքսպիր թարգմանելիս:
– Առանձին, ասենք` զուտ փիլիսոփայական կամ գեղագիտական բնագրերի թարգմանության դեպքում հայերենը, իր որոշ սահմանափակումներով, կարող է թարգմանչի համար դժվարություններ առաջացնել: Բայց դա չի վերաբերում այնպիսի հեղինակների, ինչպիսիք են Ջոյսը կամ, առավել ևս, Շեքսպիրը, որի հայերեն թարգմանության հարուստ ավանդույթ կա: Սամվել Մկրտչյանն իր թարգմանություններում հայերենի հնարավորություններն օգտագործել է լավագույնս:
– Թեև հասկանալի է, թե ինչու եք որպես թարգմանության նյութ ընտրել Շեքսպիրին, սակայն, այդուհանդերձ, ինչո՞ւ եք ընտրել Շեքսպիրին: Գիտեմ, որ աշխատում եք նաև «Լիր արքայի» թարգմանության վրա:
– Իմ գիտակցական կյանքում բեկումնային են եղել Գրիգորի Կոզինցևի երկու բացառիկ ֆիլմերը` «Համլետ» և «Լիր արքան», Դմիտրի Շոստակովիչի անզուգական երաժշտությամբ հանդերձ: Դրանք դիտել եմ դեռ դպրոցական տարիքում, և այդ ժամանակից ի վեր, Շեքսպիրը, եթե կարելի է այսպես արտահայտվել, դարձել է իմ երկրորդ «եսը»: Նրա դրամատիկական երկերը թարգմանելու և նրա մասին գրելու եմ իմ հետագա ողջ կյանքի ընթացքում: