Բաժիններ՝

Ադրբեջանցիները գիտեին, որ մեքենայում վիրավոր երեխա կա ու կրակում էին. Այգեպարում վիրավորված աղջկա հայր (Audio). aysor.am

Ամեն բան արագ կատարվեց, չհասկացա, թե ինչ եղավ: Կրակոցը լսեցի, բայց չզգացի, որ ոտքերիս ա կպել: Պատմում է 16-ամյա այգեպարցի Լիաննա Անիկյանը ու հիշում, որ արյունը տեսնելուց հետո միայն մի բան էր կրկնում՝ ես քայլելու եմ, ես քայլելու եմ…

aysor.am –ի փոխանցմամբ` Լիաննան վիրավորվել է օրեր առաջ թշնամու գնդակից, հենց իր գյուղում, իր տանը նստած: Հիշում է, որ կրակոցների պահին գրականության դասագիրքն էր կարդում, քանի որ հաջորդ օրը դպրոցում ստուգողական աշխատանք էր լինելու:

Լիաննան հրամանատարի, ազատամարտիկի աղջիկ է ու ինքն էլ՝ 16-ամյա զինվոր: «Չգիտեմ, ես կռվի տարիներից զինվորական եմ ու կյանքում շատ բան եմ տեսել՝ զոհեր , վիրավորներ, բարդ իրավիճակներ: Բայց այդ պահին ես էլ ինձ կորցրի: Բոլորիս դուխ տվեց Լիաննան: Ինքը վիրավոր՝ բոլորիս ասում էր՝ լավ կլինի ամեն բան»,- հիշում է աղջկա հայրը՝ Այգեպարի գումարտակի հրամանատար Դավիթ Անիկյանը:

«Դեպքի օրը տանն եմ եղել, ծառայությունից էի եկել, ընկերոջս հետ նստած էինք: Երեխան իր սենյակում դաս էր անում ու հենց առաջին կրակոցը պատուհանից մտավ տուն ու կպավ իրան…Ասեցի՝ լույսերն անջատեք ու երեխու ոտքը բատարեյի լույսի տակ ենք նայել, էդ լույսով ենք մեքենայի մեջ տարել»,- ասում է  հրամանատարը, կախում գլուխը ու ավելացնում.

«Ես էսքան տարի զինվորական եմ, սահմանին եմ ու մի բան պիտի ասեմ. նրանք շակալներ են: Պատկերացրեք՝ երեխուն տնից հանեցինք, որ նստացնենք մեքենան հասցնենք հիվանդանոց, նրանք սկսեցին մեքենայի վրա կրակել: Նրանք շակալներ են, որովհետև գիտեն, որ մեքենայում վիրավոր երեխա կա, ում օգնել է պետք ու կրակում են անգամ էդ ժամանակ: Կրակոցների տակով ենք անցել, որ դուրս գանք գյուղից: Հետո հիշում եմ միայն, որ սիրտս տեղն ընկավ, երբ Լիաննային վիրահատարանից հանեցին, պատգարակի վրա պառկած ժպտում էր ու բոլորիս ձեռքով անում: Իմ աղջիկը սաղիս դուխ տվեց: Ես էի կանգնած, հրամանատարս, գյուղի կեսը, բայց աղջիկս էդ պահին իրա ժպիտով սաղիս հետ բերեց կյանքի»,- հիշում է Լիաննայի հայրը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս