Բաժիններ՝

Իսկական հրաշք՝ վիճակագրության ծառայության կատարմամբ

Պարզվում է՝ 2013 թվականի ընթացքում ՀՀ բնակչությունը դարձել է ավելի գնողունակ։ Համեմայն դեպս, նման եզրակացության կարելի է հանգել՝ ամփոփելով Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից երեկ հրապարակված նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։

ԱՎԾ տվյալների համաձայն՝ 2013 թվականի վերջին 12-ամսյա գնաճը կազմել է 5.6%։ Իսկ միջին ամսական աշխատավարձը՝ 2013 թվականի դեկտեմբերի դրությամբ 12.7%-ով բարձր է 2012-ի դեկտեմբերի ցուցանիշից։ Իսկ տարվա ընթացքում աշխատավարձը միջինում աճել է 6.5%-ով։ Այսինքն, ըստ ԱՎԾ-ի, նախորդ տարվա ընթացքում աշխատավարձն ավելի արագ է աճել, քան սպառողական գները։

Իսկ բեկումը, պարզվում է, տեղի է ունեցել դեկտեմբերին։ Այսպես՝ 2013թ. նոյեմբերի ամսին միջին անվանական ամսական աշխատավարձը ՀՀ-ում կազմել է 159 952 դրամ։ Այդ թվում՝ պետական աշխատողների աշխատավարձը կազմել է 141 813 դրամ, մասնավոր հատվածինը՝ 185 986։ Իսկ դեկտեմբերին միջին ամսական աշխատավարձը թռիչքաձև աճել է՝ դառնալով 203 482 դրամ (աճը՝ 12.7%)։ Իսկ ինչի՞ հաշվին՝ պետական հատվածի աշխատավարձերի աճի։ ԱՎԾ զեկույցը մեզ համոզում է, որ պետական հատվածում աշխատավարձը մեկ ամսում աճել է 16.1%-ով՝ դառնալով 185 393 դրամ։ Մասնավոր հատվածում էլ աճը եղել է 9%՝ հասնելով 229 444 դրամի։

Պետական հատվածում, որքանով մեզ հայտնի է, դեկտեմբերին աշխատավարձի բարձրացում տեղի չի ունեցել։ Բարձրացում նախատեսվում է այս տարվա կեսերից, իսկ զինվորականների համար՝ այս տարվա հունվարի 1-ից։ Թե ինչպես են բարձրացել պետական ծառայողների աշխատավարձերը՝ 1 ամսում միջինը 43 580 դրամով, որ նույն աշխատավարձ ստացողները այդ մասին տեղյակ չեն, մնում է անհայտ։ Ըստ երևույթին տեղի է ունեցել հրաշք, որը տեսել են միայն հայրենի վիճակագիրները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս