Բաժիններ՝

Ժանսեմի բալետի պարուհիներն ու էրոտիկ կանանց շարքը՝ Հայաստանում

Ֆրանսահայ նկարիչ Ժան Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) յուղաներկ կտավների և գրաֆիկական աշխատանքների մի ամբողջ հարստություն այս օրերին «ԱԱ Աուկցիոն» կերպարվեստի կենտրոնը և «Hi-artonline.com» նախագիծը ներկայացրել է «Ոսկե դար» (Սպենդարյան 5) ցուցասրահում:

Համաշխարհային մեծության այս նկարչի ցուցահանդես-վաճառքում ներկայացված բոլոր ստեղծագործությունները բնօրինակներն են, որոնք տեսնելու, ձեռք բերելու հնարավորություն մենք՝ հայերս, առ այսօր չենք ունեցել: Ծագումով հայ նկարչի աշխատանքներն այսօր ցուցադրվում են ԱՄՆ-ում, եվրոպական թանգարաններում, մասնավորապես` Լուվրում, Մոսկվայի Պուշկինի անվան Կերպարվեստի պետական թանգարանում. դեռևս կենդանության օրոք Ճապոնիայում բացվել և վաղուց գործում են Ժանսեմի անվան երկու թանգարաններ: Ի դեպ, ֆրանսիական լրատվամիջոցները վերջերս հարցազրույցներ էին տպագրում նրա կենսագրության, գործունեության մասին, որտեղ շեշտում էին հոլիվուդյան աստղերի՝ Ժանսեմի ստեղծագործությունների կոլեկցիոներ լինելու փաստը, անգամ դեպքեր էին մատնանշում, երբ համաշխարհային համբավ վայելող հոլիվուդյան դերասանները, ռեժիսորները մեկնում էին Ֆրանսիա՝ նրա արվեստանոցից նոր նկարներ ձեռք բերելու:

Jansem (3)

Jansem (4)

Կարդացեք նաև

1978թ.-ից նկարչի աշխատանքները մշտապես ցուցադրվում են Փարիզի կենտրոնում, Ելիսեյան դաշտերի հարևանությամբ գտնվող Ժանսեմի ընտանիքին պատկանող «Մատինիոն» պատկերասրահում, որը տնօրինում է նրա որդին՝ Ժանի Ժանսեմը: Հարկ է նշել, որ ԱՊՀ տարածքում «Մատինիոն» պատկերասրահի պաշտոնական ներկայացուցիչը «ԱԱ Աուկցիոն» կերպարվեստի կենտրոնն է, հետևաբար` Ժանսեմի աշխատանքների բնօրինակները, համաձայն «Մատինիոն» պատկերասրահի հետ կնքած պայմանագրի՝ Հայաստան տեղափոխելու և ցուցադրելու իրավունք ունի «ԱԱ Աուկցիոն» կենտրոնը: Այս օրերին «ԱԱ Աուկցիոն» կենտրոնը Փարիզից Հայաստան է տեղափոխել Ժանսեմի բալետի պարուհիների, կանանց էրոտիկ շարքը, որը, թերևս, ձեռք բերելու ջանքեր են գործադրել շատ երկրներ: Ամիսներ առաջ, սակայն, «ԱԱ Աուկցիոն» կերպարվեստի կենտրոնի ղեկավարը և Ժանսեմի որդին՝ Ժանի Ժանսեմը, «168 Ժամին» տված հարցազրույցում խոստացել էին այն ներկայացնել Հայաստանում:

Jansem (10)

«Ինձ համար հաճելիորեն զարմանալի էր, որ Հայաստանում Ժանսեմի ստեղծագործություններն այդքան սիրում են: Թվում էր՝ ամբողջ աշխարհում հայտնի և սիրված նկարչի մասին Հայաստանում ամենաքիչն են տեղեկացված: Այցելուները կարող են ժամերով կանգնել սրահում, հիանալ, վերլուծել, քննարկել: Պատկերացրե՛ք, ցուցասրահում մենք ներկայացրել ենք շատ բազմազան նկարչություն, բայց մարդկանց, կարծես, մագնիսական ուժով ձգում է Ժանսեմի սրահը: Ժանսեմի կանանց շարքի բնօրինակներն առաջին անգամ է ցուցադրվում, և ցուցասրահ այցելած մեր հայրենակիցները` որպես կանոն, կրկին գալիս են՝ իրենց հետ բերելով ընկերների, հարազատների, կարծես գանձեր են գտել և փորձում են բոլորին ցույց տալ դրանք»։

«ԱԱ Աուկցիոն» կերպարվեստի կենտրոնի տնօրեն, ցուցահանդեսի կազմակերպիչ Աննա Գրիգորյանը հավաստիացնում է, որ Ժանսեմի աշխատանքներն այնքան ազդեցիկ են, որ մարդիկ կարող են երկար կանգնել նկարի առաջ՝ ամեն մի կնոջ պատմությունն ընկալելու համար: Ի դեպ, մենք՝ հայերս, առ այսօր քաջատեղյակ ենք Ժանսեմի` Ցեղասպանության թեմայով նկարչությունից և ներկայացված ցուցահանդեսներում հնարավորություն ենք ունեցել տեսնելու հիմնականում նրա լիտոգրաֆիաները, մինչդեռ բալետի պարուհիների, կանանց էրոտիկ շարքն առաջին անգամ է ներկայացվում:

Jansem (2)

«Ոսկե դարում» ցուցադրված շարքն արտառոց է նրանով, որ հեղինակը, ներկայացնելով դժբախտ, լքված, անօգնական, հաճախ՝ անխնամ կանանց կամ կոկետուհիների, նրբորեն ընդգծում է նրանց հմայքն ու կիրքը, գեղեցկությունն ու երջանիկ ապրելու կրակոտ ցանկությունը: Յուրաքանչյուր նկարի պատկերային մակերեսն այնքան բազմաշերտ, զգացմունքային ու խորն է, որ թվում է՝ այդ գրաֆիկական աշխատանքի մեջ խտացվել է մարդկային ճակատագրի մի ամբողջական պատմություն: Ժանսեմի բալետի պարուհիների շարքն ասես դրամատիկ մեղեդիներ լինեն, որոնք և՛ պատկերներ են, և՛ հնչյուններ:

Ողջ աշխարհում սիրված ու մեծ հեղինակություն վայելող Ժանսեմի նկարչությունն այսօր համարվում է գծանկարչությամբ մարդկային ողջ էմոցիոնալ դաշտը շարժող այն սպեցիֆիկ ներուժը, որտեղ գիծը դառնում է հույզ, իսկ պատկերը՝ հիշողություն: Նրա ռեալիստական կոմպոզիցիաների մեջ գույնի առկայությունն աննշան ու թեթև է, սակայն դրա մեջ ամփոփված են աշխարհի բոլոր հայտնի ու անհայտ գույները, իսկ գիծն այնքան էմոցիոնալ է, որ թվում է՝ հեղինակը պատկերել է աներևույթն ու անտեսանելին: Ֆրանսիացի արվեստաբանները նրա արտահայտչական լեզուն համարում են ինքնատիպ ու չկրկնվող, իսկ գրաֆիկական աշխատանքները՝ ինքնամփոփ, զուսպ, միևնույն ժամանակ՝ կրակոտ ու խանդավառող, դինամիկ: Եվ, վերջապես, Ժանսեմի նկարները մարդուն՝ նկարի մեջ, դեպի ներս հրավիրելու մոգական ուժ ունեն:

Jansem (11)

«Նա նկարում էր ոչ թե իր տեսածը, այլ՝ տեսածի սիրտն ու հոգին»
Ժանսեմի տղան՝ Ժանի Ժանսեմը, մեզ հետ զրույցում ասել է` «Հայրս երբեք չի նկարել երևակայությամբ, պատկերացումներով: Նրա բոլոր կերպարները՝ կանայք, իրական մարդիկ են, մինչև անգամ՝ նատյուրմորտներն իրական իրերի վերծանումն են: Այն ստեղծագործությունները, որոնք երբևէ կտեսնեք, դիմակահանդեսների, բալետի պարուհիների շարքը՝ իրական մարդիկ են եղել: Ժանսեմի հրաշքը նրանում է, որ նա նկարում է ոչ թե իր տեսածը, այլ՝ տեսածի հոգին ու սիրտը»:

Jansem (8)

Jansem (9)

Հիշեցնենք, որ անցյալ տարվա օգոստոսին 93 տարեկան հասակում համաշխարհային մեծության նկարիչ Ժանսեմը մահացավ, ում ֆրանսիական տեսաբանությունը բնութագրել է իբրև միզերաբլիստ՝ թշվառների նկարիչ: Համաշխարհային ճանաչում ունեցող արվեստաբանները նշում են, որ Ժանսեմն իր տաղանդով բացառիկ էր, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նկարիչն արդեն 37 տարեկանում համարվում էր Ֆրանսիայի առաջատար նկարիչներից մեկը, ում երիտասարդ տարիքում հաջողվել է նվաճել աշխարհի լավագույն թանգարաններում և պատկերասրահներում ցուցադրվելու իրավունքը, արժանանալ գեղարվեստական ոլորտի բարձրագույն պարգևներին ու մրցանակներին:

Jansem (7)

Jansem (5)

«Գծանկարի վարպետ»,- այսպես էին նրան անվանում արվեստի գիտակները, որոնք Ժանսեմի վրձնահարվածները բնորոշում էին՝ նուրբ, պլաստիկ, թեթև` ինչպես փոշեհատիկը, որը հազիվ նշմարվող, բայց ամենահարուստ պատկերներն ամբողջացնող հատկություն ունի: Այսօր արդեն «Սոթբիս», «Քրիսթիս» աշխարհի խոշոր աճուրդային կենտրոնները Ժանսեմի ստեղծագործությունները վաճառում են անհավանական գներով, իսկ Ժանսեմի կոլեկցիոներ հոլիվուդյան աստղերն անգամ հրաժարվում են իրենց սեփականությունը հանդիսացող ստեղծագործությունները տրամադրել թանգարաններին, ցուցասրահներին` ժամանակավոր ցուցադրության:
Ժան Ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան) ծնվել է 1920թ. մարտի 9-ին Թուրքիայի Սելեզ քաղաքում (Արևմտյան Հայաստան): Մանկությունն անց է կացրել Հունաստանի Սալոնիկում, այնուհետև տեղափոխվել և հաստատվել է Ֆրանսիայում: Փարիզի զարդարվեստի բարձրագույն դպրոցի շրջանավարտ Ժանսեմը 1944 թ.-ից սկսել է ցուցադրվել Անկախների սալոնում, իսկ 50-ականներին արդեն արժանացել է մի շարք մրցանակների՝ Ֆրանսիայում, եվրոպական մի քանի այլ երկրներում, Մեքսիկայում: 1956թ. Ժանսեմն ընտրվում է երիտասարդ նկարիչների սալոնի նախագահ:

Jansem (6)

Նա ունեցել է բազում անհատական ցուցահանդեսներ՝ Փարիզում, Նյու Յորքում, Չիկագոյում, Լոնդոնում, Բեյրութում և աշխարհի բազմաթիվ այլ երկրներում: Նա այն հազվագյուտ նկարիչներից էր, ով կենդանության օրոք գնահատվեց աշխարհի կողմից և առ այսօր համարվում է ծագումով հայ լավագույն նկարիչներից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս