Իգոր Շևլյակով. Մայդանը՝ կրակի մեջ, կամ՝ ուկրաինական իշխանության աճուրդային ախորժակը

Կիևում կրքերը չեն հանդարտվում. ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի կնքման կողմնակիցները պահանջում են երկրի նախագահի ու կառավարության հրաժարականը, արտահերթ ընտրությունների անցկացում և Սահմանադրության փոփոխություն: Կիրակի օրը ցուցարարների և իրավապահների միջև սկսված թեժ ընդհարումների պատճառը Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից հապճեպ ընդունված նոր օրենքներն էին, որոնք թույլ են տալիս ցույցերն ուժով ցրել, ցուցարարներին կալանավորել և այլ, ըստ փորձագետների, ոչ իրավաչափ գործողություններ: Ուկրաինայում ընթացող գործընթացների շուրջ է մեր զրույցը Կիևում տեղակայված Քաղաքական հետազոտությունների միջազգային կենտրոնի փորձագետ, վերլուծաբան Իգոր Շևլյակովի հետ:

– Պարոն Շևլյակով, իշխանությունները որքանո՞վ կբավարարեն Մայդանի պահանջները, ինչի՞ կհանգեցնեն այս իրադարձությունները:

– Անցած օրերի, ամիսների բոլոր իրադարձությունները ցույց տվեցին, որ նախագահ Յանուկովիչը և իշխանությունը բոլորովին պատրաստ չեն որևէ փոխզիջման` չտեսնելով նման անհրաժեշտություն: Ես չեմ կարծում, որ այս իշխանությունը կբավարարի Մայդանի պահանջները: Այսինքն` այդ պահանջները բավարարելու համար այլ ճանապարհ պետք է ընտրել, որը, ամենայն հավանականությամբ, կընթանա հենց ուժային գործողություններով և դժվար կանխատեսելի հետևանքներով: Այլ տարբերակներ գոնե այս պահին տեսանելի չեն:

– Օրեր առաջ ամերիկացի հանրահայտ քաղաքագետ, ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Զբիգնև Բժեզինսկին հարցազրույցում ասել էր, որ Մայդանը փակուղում է գտնվում: Ի՞նչ եք կարծում` ուկրաինական ընդդիմությունը կկարողանա՞ ելք գտնել:

Կարդացեք նաև

– Ընդդիմությունն ու Մայդանը տարբեր բաներ են: Մայդանը քաղաքացիական շարժում է, որն ինքնաբուխ է և չի կազմակերպվել, իսկ հիմա կազմակերպչական ինչ-որ փորձեր արվում են, օրինակ` Մայդանի ֆունկցիաներն ապահովվեցին, բայց չապահովվեց Մայդանի պահանջների և քաղաքական նպատակների իրագործումը:

Ներկայումս Մայդանն ինքնակազմավորման ընթացքում է, որը քաղաքական կազմակերպվածության կհանգեցնի: Բայց առայժմ այդ փորձերը հաջող չեն, քանի որ ընդդիմադիր այն ուժերը, որոնք Մայդանի քաղաքական շարունակությունն են, բավականին սահմանափակ են: Չի կարելի ասել, որ քաղաքական գործիչներն ամբողջությամբ կրկնում են Մայդանի պահանջները, նրանք շարունակում են իրենց ինքնուրույն խաղերը, ինքնուրույն գործողությունները, որ հաճախ հրապարակային չեն և չեն բացատրվում: Քաղաքական գործիչները պատրաստ չեն ամբողջովին ենթարկվել Մայդանին և պատասխանատվություն ստանձնել:

Եղած քաղաքական գործիչները չեն արդարացնում իրենց վրա դրված հույսերը, ուրիշներն էլ չկան: Մայդանի հանգուցալուծման խաղաղ սցենարն այլևս հավանական չէ: Մայդանը ճնշելու իշխանությունների համակարգային փորձը հանգեցրեց նրան, որ բողոքից անցում կատարվեց դիմադրության: Իսկ նման փոփոխության խնդիրն այն է, որ չկա հստակ առաջնորդ, որը պատրաստ է ոչ թե գործողությունների կոչեր անել, այլ ինքն անել և գլխավորել այդ գործողությունները՝ ստանձնելով ողջ վտանգն ու պատասխանատվությունը:

– Ուկրաինայի ԱԳՆ-ն վերջերս հայտարարություն էր տարածել, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրն, այնուամենայնիվ, կստորագրվի: Ի՞նչ սպասումներ ունեք Դուք:

– Դժվար է միանշանակ բնութագրել իրավիճակը։ Իրականում, կարծում եմ, տվյալ դեպքում գործի և խոսքերի միջև մեծ տարբերություն կա: Այսինքն` առանձին չինովնիկներ շարունակում են խոսել Ասոցացման համաձայնագրի հեռանկարայնության մասին, երբեմն դրա մասին շարունակում է խոսել նաև փոխվարչապետ Արբուզովը, միաժամանակ վարչապետ Ազարովն ամբողջ վերջին շրջանում խոսում է միայն այն մասին, որ Ասոցացման համաձայնագրում առաջարկվող պայմանները հակասում են Ուկրաինայի ազգային շահերին, պայմանները շահավետ չեն, դրանք տանում են Ուկրաինայի համար կորուստների և, ենթադրվում է, որ նման պայմաններով այս կառավարությունն այդ համաձայնագիրը ստորագրելը համարում է անհնար:

Բայց, իհարկե, դրա մասին չի խոսվում բաց տեքստով: Եվրոպական կողմից ներկա պահին դիրքորոշումն անփոփոխ է` կա համաձայնագրի համաձայնեցված տեքստ, կա ԵԽ-ի որոշումը, թե Ուկրաինան ինչ պայմաններ պետք է կատարի դրա ստորագրման համար, և կան եվրոպացի չինովնիկների և քաղաքական գործիչների տարբեր մակարդակներով հայտարարությունները, որ Եվրոպան դեռ պատրաստ է ստորագրել համաձայնագիրն այն ժամանակ, երբ Ուկրաինան պատրաստ կլինի: Դրա համար Ուկրաինայի իշխանություններից սպասում են ոչ թե հռչակագրային հայտարարություններ, այլ գործողություններ` պայմանները կատարելու ուղղությամբ:

Իրականում չկատարված պայմաններ քիչ են մնացել, սակայն քաղաքական իրողությունն այնպիսին է, որ վերադառնալ 2013 թ. նոյեմբերի 20-ին և այդ ժամանակաշրջանում կատարված իրադարձությունները թողնել կադրից դուրս, արդեն չի ստացվի: Առաջին հերթին` Ուկրաինայի իշխանությունը պետք է հրաժարվի ռեպրեսիաներից:

Քաղաքական գործիչները կոչ են անում կառուցողական բանակցություններում ելք գտնել ստեղծված քաղաքական ճգնաժամից, իսկ իշխանությունը ձևացնում է, թե քաղաքական ճգնաժամ չկա, բայց ընդունում է հստակ ռեպրեսիվ բնույթ ունեցող որոշումներ: Եթե նախկինում առանձին դեպքերի մասին էր խոսքը, ապա հինգշաբթի ընդունվեցին օրենքներ, որոնք ուղղակի դիկտատուրական են, և ունենք այն, ինչ այսօր ունենք: Այսինքն` օրենսդրական հիմք է ստեղծվում ռեպրեսիաների համար, և ոչ միայն քաղաքական, այլ ցանկացած քաղաքացիական ակտիվության դեմ: Այսինքն` խոսել, որ նման իշխանություն ունեցող երկրի հետ Եվրոպան պատրաստ է ինչ-որ բան ստորագրել, կարծում եմ, չի կարելի:

– Այսպիսով` կարո՞ղ ենք փաստել, որ ուկրաինական իշխանությունները ետ են կանգնում եվրաինտեգրացիայից, և դա այլևս ռազմավարական ուղղություն չէ:

– Ուկրաինական իշխանությունները շրջադարձ արեցին եվրաինտեգրումից և սկսեցին այլ ուղղությամբ շարժվել: Այդ գործողությունների հետևանքների մասին խոսելը դեռ վաղ է և բարդ, իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե եվրաինտեգրումից հետ քայլը չի նշանակում` ուղղություն ընդունել դեպի Մաքսային միություն: Բայց եթե դրա մասին հիմա խոսք չի գնում, ապա վաղը կարող է սկսվել, քանի որ իրադարձությունները շատ արագ են փոխվում: Դատելով իրադարձությունների բնույթի կտրուկ փոփոխությունից, հատկապես՝ ոչ թե Վիլնյուսում Ասոցացման համաձայնագրի ստորագրման կասեցումից հետո, այլ Մոսկվայի հետ նոր համաձայնագրի ստորագրումից հետո, հավանաբար կան որոշակի պայմանավորվածություններ` ոչ հրապարակային, որոնց ուղեծրում էլ զարգանում են ներքաղաքական իրադարձությունները, որոնք տեղի ունեցան վերջին օրերի ընթացքում:

Եթե դա անգամ անդամակցություն չլինի Մաքսային միությանը, ապա դա կլինի ուկրաինական արտաքին և, մասամբ, ներքին քաղաքականության լիովին ենթարկում Կրեմլի ցանկություններին:

– Ձեր կարծիքով` դրա վրա ազդե՞լ է այն, որ հաջորդ տարի Ուկրաինայում նախագահական ընտրություններ են, և Յանուկովիչը ցանկություն ունի շարունակել պաշտոնավարումը, ինչի համար իրեն անհրաժեշտ է Մոսկվայի աջակցությունը:

– Ես կարծում եմ` դա այնքան գործոն չէ, որքան բովանդակություն: Այո, հաջորդ տարի ընտրություներ են, և, իհարկե Յանուկովիչն ուզում է մնալ որպես նախագահ: Այլ հարց է, թե նա ինչպես է այդ նպատակին հասնելու: Այսինքն՝ մի քանի ամիս առաջ այլընտրանքային տարբերակներ կային, որ դրան կարելի է հասնել բարեփոխումների, Ասոցացման համաձայնագրի ստորագրման և երկրում արդիականացման գեթ ինչ-որ փորձերի շնորհիվ:

Բայց այս իշխանության աճուրդային ախորժակը ոչնչացրեց այդ այլընտրանքը, ուկրաինական տնտեսությունը և պետական ֆինանսները դրեց սնանկության եզրին, և փաստացի իշխանությունն աշխարհում վազում էր մեկնած ձեռքով, և միայն Մոսկվայից ստացվեց այն ողորմություն-նյութական օգնությունը, որ պարտադիր պայման է, որ Յանուկովիչը պահպանի երկրում կայունության պատրանքը և ունենա բավականին լավ հիմքեր վերընտրվելու համար: Այդ օգնության ստացումը, ըստ ամենայնի, պայմանավորված է մի շարք գործոններով, որոնց մասին արդեն խոսեցինք:

Տեսանյութեր

Լրահոս