2014 թվականին ԱՄՆ-ը Վրաստանին կհատկացնի 62 միլիոն դոլար
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականին ԱՄՆ-ը Վրաստանին հատկացնելու է ավելի քան 62 միլիոն դոլար: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ կոնգրեսի որոշումը:
Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հունվարի 15-ին Ներկայացուցիչների պալատը 359 կողմ և 67 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է 2014 թվականի ֆիսկալ տարում հատկացումների միացյալ ակտը, իսկ դրա հաջորդ օրը՝ հունվարի 16-ին, այդ փաստաթուղթը հավանության է արժանացել ԱՄՆ սենատի կողմից:
Դրանով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել «Արևելյան գործընկերություն» ծրագրում ընդգրկված երկրներին: Վրաստանի համար հատկացված միջոցները նախատեսված են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի և ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին գործողությունների պլանի իրագործման մեջ առաջընթաց գրանցելու համար: