«Անհասկանալի հաստատումներ՝ վարչապետի եզրահանգումների մեջ»
Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը անդրադարձել է վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված պատասխանին:
«Նախ, վարչապետի եզրահանգումների մեջ մի քանի անհասկանալի հաստատումներ կային, որոնք առաջին անգամ եմ ես լսում պաշտոնատար անձի կողմից: Մասնավորապես, տնտեսության անկումը` 18.5 տոկոս. այն, որ Հայաստանի շինարարության ոլորտը եղել է փուչիկ, եւ այդ փուչիկը պայթել է, եւ միջազգային շատ տնտեսագետներ դա համարում են անարդյունավետ մեխանիզմ… Սրանք տնտեսագիտության հետ, ըստ էության, կապ չունեն: Ինչ վերաբերում է պարոն վարչապետի արտահայտած վերջնական դիրքորոշմանը, որ տնտեսությունը դիվերսիֆիկացվել է, ապա դա այդպես չէ, եւ արտագաղթի տեմպերը, պետության նկատմամբ հասարակության անտարբեր վերաբերմունքը ցույց են տալիս, որ վարվող քաղաքականությունը, այնուամենայնիվ, եղել է անարդյունավետ: Ժան Ժակ Ռուսոն է ասել այս միտքը` որպեսզի դատեք, թե որ կառավարությունն է լավը, նայե’ք նրա կառավարման ժամանակահատվածին. եթե բնակչությունը շատացել է, բարեկեցությունը բարձրացել է, ուրեմն դա ամենալավ կառավարությունն է: Իսկ եթե կառավարման ժամանակ նվազել է բնակչության թիվը, մարդիկ հիասթափվել ու հեռացել են, նշանակում է’ այդպիսի կառավարությունն ամենավատ կառավարություններից մեկն է: Վարչապետի այդ հարցազրույցի պատասխանը, ըստ էության, տվել է Ժան Ժակ Ռուսոն’ դեռեւս 3 դար առաջ»:
Արծվիկ Մինասյանը նաև նշել է, թե չի կիսում այն տեսակետը, որ Տիգրան Սարգսյանի պատասխանը մասնագիտական վերլուծություն էր. «Սա կարող է լինել մասնագիտական հպանցիկ վերլուծություն, այն էլ` էական բացթողումներով եւ ոչ համարժեք մեկնաբանություններով: Ես այդպես կբնութագրեմ: Գուցե վարչապետի մոտեցումը հիմնված է եղել այլ ցանկություններ բավարարելու սկզբունքի վրա, օրինակ’ ոչ թե մասնագիտական լեզվով խոսել, այլ հանրային-հասարակական, պատկերավոր արտահայտված, մատչելի լեզվով ներկայացնել, բայց, կարծում եմ, դա էլ չի ստացվել»:
Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում