Բաժիններ՝

«300 մլն դոլար պարտք չի եղել, սա մի քանի խմբերի կողմից յուրացված գումար է»

Հայաստանի և Ռուսաստանի միջև ««ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը վերաբերում է ոչ թե միայն գազին, այլ Հայաստանի ամբողջ էներգետիկ համակարգին: Նման կարծիք այսօր Մեդիա կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ հայտնեց ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը: Նա հիշեցրեց, որ գազի թանկացման արդյունքում 30%-ով թանկացել է ցերեկային էլեկտրաէներգիան, 40%-ով՝ գիշերային: Ներկայումս սպառողին վաճառվող էլեկտրաէներգիայի գինը 38 դրամ է: Որոտանի ՀԷԿ-ի, Սևանի կասկադի, ԱԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան արժե միջինում 8-10 դրամ/կվտ: Մինչդեռ, ըստ Վ.Խաչատրյանի, համաձայնագրում կետ կա, որով հայկական կողմը պարտավորվում է ապահովել Հրազդանի ՋԷԿ-ի 2 հզորությունների 100% բեռնվածությունը, որից հետո միայն կորոշվի, թե ինչ բեռնվածությամբ աշխատեն Հայաստանի ՀԷԿ-երն ու էլեկտրաէներգիա արտադրող մյուս հզորությունները, այն դեպքում, երբ Հրազդանում արտադրվող էլեկտրաէներգիան արժի 44 դրամ: Այս պայմաններում, Խաչատրյանի խոսքով, պետք է պատրաստվել էներգիայի սակագների հերթական բարձրացման:

«Նման պայմանագիր ունենալը նշանակում է մինչև 2043 թ. մոռանալ վերականգնվող էլեկտրաէներգիայի զարգացման մասին: Ոչ ոք չի գա, Հայաստանում ներդրում չի կատարի քամու կամ արևային էներգետիկայում, որովհետև առաջին հերթին ՀՀ-ն պետք է ապահովի «Գազպրոմի» շահը: Մեզ անհանգստացնողը սա է: Գազպրոմը երբևիցե որևէ երկրում նման պայմանագիր չի ստորագրել»,- ասաց Վ.Խաչատրյանը:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ՝ այս համաձայնագիրը ներկայացվեց այնպես, կարծես այն Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցության շրջանակներում է, սակայն դա այդպես չի. «Այս համաձայնագիրը միակողմանի է և Հայաստանի որևէ շահ չեք գտնի դրանում: Ներկայացվեց անհասկանալի պարտքի՝ 300 մլն դոլարի գոյացման հարցը: Վերցրեք «ՀայՌուսգազարդի» նախորդ հաշվետվությունները նայեք՝ 2010 թ., 2011 թ., 2012 թ., չեք գտնի այնտեղ այսպիսի պարտք: Ավելին՝ այս հաշվետվությունների աուդիտ է իրականացրել աշխարհահռչակ PricewaterhouseCoopers կազմակերպությունը, և եթե լիներ այնպիսի դեպք, որ պայմանագրով ամրագրված որևէ արժեքից ավելի բարձր արժեքով է գնվել, PricewaterhouseCoopers-ը պարտավոր էր դրա մասին հղում կատարել և հրապարակել: Ավելին՝ ՀՀ-ն, լինելով 20% բաժնետեր, իրավունք ուներ աուդիտ պահանջել: Քանի որ այդ ամենը չի արվել, վստահաբար կարող ենք ասել՝ 300 մլն դոլար պարտք չի եղել: Իմ դիտարկմամբ՝ սա մի քանի խմբերի կողմից յուրացված գումար է, որը պետք է վճարի ՀՀ ժողովուրդը և, ցավում եմ, որ դա ներկայացվում է ՀՀ բարձր պաշտոնատար անձանց կողմից»:

Ա.Մինասյանը նաև նշեց, որ ավելի արժանապատիվ կլիներ, եթե ՀՀ կառավարությունը այդ 20%-ը պարզպես նվիրեր ՌԴ կառավարությանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս