«Գազայինին դեմ ըլլալով, մաքսայինին կողմ կըլլան»
Հայտնի «գազային պայմանագիրը», որը դեկտեմբերի 23-ին բաց քվեարկության դրվեց, Դավիթ Շահնազարյանի համոզմամբ, չի ընդունվել: Այսօր լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ այդ քվեարկությունը իրավական ուժ չունի, թեև իշխանությունը համարելու է, որ այն ընդունված է: Ինչ վերաբերում է նրան, որ քվարկության արդյունքները անօրինական ճանաչելու պահանջով խորհրդարանական ոչ իշխանական ուժերը դիմելու են Սահմանադրական դատարան, Դավիթ Շահնազարյանն ասաց. «Ոչ իշխանական ուժերի ջանքերը` դիմելու ՍԴ, իհարկե, ողջունելի են, բայց չեմ կարծում, որ ՍԴ-ն այն կառույցն է, որը նույնիսկ կքննարկի դիմումը, որովհետև այդ կառույցը համարեց պայմանագիրը սահմանադրական»: 168.am-ի հարցին, թե արդյոք ստեղծված իրավիճակում ոչ խորհրդարանական չորս ուժերը կարո՞ղ են փրկել իրավիճակը, եթե վայր դնեն մանդատները, ապա Դավիթ Շահնարազարյանը նկատեց. «Եթե դա կազմակերպված տեղի ունենա, ապա կառաջացնի խորհրդարանական ճգնաժամ և իրավական առումով պետք է նոր ընտրություններ անցկացվեն: Բայց ես խիստ ուտոպիստական եմ համարում դա: Չեմ կարծում, որ նրանք ովքեր դեմ են այս «գազային» համաձայնագրերին, բայց կողմ են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, կարող են քննարկել մանդատները վայր դնելու առաջարկը: Ավելին՝ նրանց պահվածքը՝ կողմ ՄՄ անդամակցությանը, բայց դեմ համաձայնագրին, հիշեցնում է մեր անկախության հանրաքվեից առաջ քաղաքական ուժերից մեկի կարգախոսը, որը եթե ձևափոխենք ու այսօրվա այդ կուսակցությունների պահվածքին վերագրենք, կստացվի՝ գազայինին դեմ ըլլալով, մաքսայինին կողմ կըլլանք: «Գազային» պայմանագիրը Մաքսային միության այցետոմսն էր: Այդ ուժերը պետք է հասկանան, որ դժբախտությունները սկսվել են: Թող պատրաստվեն նորերին»: Դավիթ Շահնազարյանը շեշտեց, թե Հայաստանում հակառուսական տրամադրություններ չկան ու չեն էլ կարող լինել, փոխարենը՝ Հայաստանում, ըստ նրա, կա հակակայսերապետական տրամադրություն: «Հակակայսերապետական տրամադրությունները դրանք նույնն են, ինչ պաշտպանենք մեր Սահմանադրությունը, ինքնիշխանությունը: Հակակայսերապետականությունը ի՞նչ է՝ զինել մի երկրի, որի նպատակն է պատերազմ սկսկել ՀՀ դեմ և շարունակել այդ գործընթացը, ամեն առիթով, առանց առիթի վիրավորել մեր ազգային, պետական արժանապատվությունը, ներկայացնել նման փաստաթղթեր ինչպիսին «գազային» համաձայնագիրն է, նպաստել ՀՀ-ից արտագաղթին, և այլն»,- հավելեց նա: