Բաժիններ՝

Օրեգոն նահանգի դատարանը արգելել է Թրամփի վարչակազմին զորք մտցնել Պորտլենդ

ԱՄՆ Օրեգոն նահանգի դաշնային դատարանը շաբաթ օրը ժամանակավորապես արգելափակել է Ազգային գվարդիայի 200 զինծառայողների տեղակայումը Պորտլենդում, հայտնում է NBC News-ը։

ԱՄՆ շրջանային դատավոր Կարին Իմերգուտը, որին նշանակել է նախագահ Դոնալդ Թրամփիը, արձակել է ժամանակավոր արգելանքի որոշում այն բանից հետո, երբ Օրեգոնը և Պորտլենդը դիմել են դատարան։ Որոշման ժամկետը լրանում է հոկտեմբերի 18-ին, սակայն այն կարող է երկարաձգվել։

Իր որոշման մեջ Իմերգուտը գրել է, որ ԱՄՆ Սահմանադրությունը Կոնգրեսին իրավունք է տալիս զորքեր՝ «աշխարհազոր» հավաքել հիմնադիր փաստաթղթի օրենքները կատարելու, ապստամբությունը ճնշելու կամ ներխուժումը հետ մղելու համար։ Նա գրել է, որ Թրամփի փորձը՝ ֆեդերալիզացնել Ազգային գվարդիան՝ սահմանադրական լիազորությունների բացակայության պայմաններում, խաթարում է Օրեգոն նահանգի ինքնիշխան շահերը։

Դատարանի որոշումը վերջնական չէ, սակայն Իմերգուտը գրել է, որ հայցվորները ցույց են տվել ըստ էության հաջողության հավանականություն՝ հիմնավորելով ժամանակավոր արգելանքի որոշումը։ Սա արգելափակում է սեպտեմբերի 28-ի հուշագրի կատարումը, որը նախատեսում է Օրեգոն նահանգի Ազգային գվարդիայի ֆեդերալիզացիա և տեղակայում։

Սպիտակ տան ներկայացուցիչը ենթադրել է, որ արգելանքի որոշումը կարող է բողոքարկվել։

«Նախագահ Թրամփն օգտագործել է իր օրինական լիազորությունները՝ պաշտպանելու դաշնային ակտիվները և անձնակազմը Պորտլենդում՝ զանգվածային անկարգություններից և իրավապահ մարմինների վրա հարձակումներից հետո․ մենք ակնկալում ենք, որ բարձրագույն ատյանի դատարանը կարդարացնի նրան», – հայտարարել է մամուլի քարտուղար Էբիգեյլ Ջեքսոնը։

Այս որոշումը ձախողում է Թրամփի վարչակազմի համար, քանի որ այն ձգտում է զինված ուժեր օգտագործել դեմոկրատների կողմից կառավարվող որոշ քաղաքներում։ Կալիֆոռնիայի դաշնային դատավորը նախորդ ամիս որոշել էր, որ Թրամփի վարչակազմի կողմից Ազգային գվարդիայի և ծովային հետևակի օգտագործումը Լոս Անջելեսում անօրինական էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս