Բուդաղյանները չեն հաշտվելու

Բուդաղյանները ոչ մի տարբերակով չեն հաշտվելու Սուրիկ Խաչատրյանի մերձավորների հետ, ովքեր կապ ունեն հունիսի 1-ին տեղի ունեցած դեպքերի հետ: Այս մասին այսօր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարել է Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը: Դատարանում այսօր շարունակվում էր նրա բողոքների քննությունը: Դատական նիստի ընթացքում Հ. Ալումյանը ևս մեկ անգամ նշել է, որ դատարան պետք է ներկայացվեն քրեական գործի բոլոր նյութերը: Ի թիվս մյուս նյութերի՝ Հ. Ալումյանը պահանջել է նաև Սյունիքի նախկին մարզպետ Ս. Խաչատրյանի առանձնատան խուզարկության արձանագրությունը։ Դատախազ Կարեն Հարությունյանը պնդեց, որ նախաքննական մարմինը բողոքի վերաբերյալ բոլոր նյութերը:

Դատավոր Արմեն Բեկթաշյանը որոշում կայացրեց, որ դատարանին տրամադրվեն քրեական գործում առկա բոլոր փաստաթղթերի ցուցակը:

Հայկ Ալումյանը դատական նիստի ընթացքում ասել է, որ Բուդաղյան եղբայրների հոր՝ Էմիլ Բուդաղյանի անունից լիազորված է ասել, որ Խաչատրյանների և Բուդաղյանների հաշտության մասին տարածված տեղեկությունները սուտ են, դրանք ծառայում են Խաչատրյանների նպատակներին. «Ես Էմիլ Բուղադյանի անունից լիազորված եմ հայտարարելու, որ նման բան ոչ միայն չկա, այլ չի էլ կարող լինել: Էմիլ Բուդաղյանը կամ Արտակ Բուդաղյանի հարազատներից մեկնումեկը հաշտվելու ոչ մտադրություն, ոչ ցանկություն, ոչ էլ հնարավորություն չունի Խաչատրյանների հետ, չի հաշտվելու որևէ տարբերակով և բոլոր պարագաներում շարունակում է և շարունակելու է պնդել, որ Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորներից նրանք, ովքեր որ մեղավոր են այս դեպքի հետ կապված, նրանք պետք է ենթարկվեն ամենախիստ քրեական պատասխանատվության: Որքան էլ որ այս գործընթացը երկար տևի, որքան էլ բարդ լինի դրան հասնելը, Էմիլ Բուդաղյանը լի է վճռականությամբ՝ հասնելու նրան, որ բոլոր մեղավորները, այդ թվում նաև այս գործի պարտակողները ենթարկվեն քրեական պատասխանատվության»:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 13-ին: Հիշեցնենք, որ  փաստաբան Հայկ Ալումյանը բողոքարկել էր քննիչի երեք՝ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները:

Տեսանյութեր

Լրահոս