Բաժիններ՝

«Ինչ բառ ասես` ասեցին, քարկոծեցին, քարկոծեցին՝ վերջում ընտրեցին»

Ասում է Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

168.am-ն արդեն անդրադարձել է դեկտեմբերի 16-ին Ստանիսլավսկու անվան թատրոնում կայանալիք Նկարիչների միության համագումարին կանխատեսվող իրադարձություններին: Ինչպես նաև ներկայացրել էր Նկարիչների միության գործող նախագահ Կարեն Աղամյանի հետ ծավալուն հարցազրույցը, խոստանալով նաև անդրադառնալ միությանը պատկանող Ծաղկաձորի և Շորժայի հանգստյան տներին: Նշենք, որ Հայաստանի Հանրապետության ստեղծագործական միություններին պատկանող հանգստյան տներից ամենաանմխիթար վիճակում գտնվում են Նկարիչների միության հանգստյան տները: Հետևաբար՝ փորձեցինք Կ. Աղամյանից ճշտել, թե 15 տարվա պաշտոնավարման ընթացքում ի՞նչ բարեփոխումներ է իրականացրել այդ ոլորտում:

– Իսկապես մեր հանգստյան տները շատ վատ վիճակում են: Շորժայում գտնվող մեր հանգստյան տունը ողջ տարվա ընթացքում աշխատում է ընդամենը մեկ ու կես ամիս: Երբ ես դարձա միության նախագահ, Շորժան փակում էին, ընդ որում, համագումարի ժամանակ ղեկավարությունը զեկուցում էր, որ՝ «Շորժան չենք կարողանում պահել, որովհետև իրեն չի արդարացնում»: Ես անգամ գիտեմ մի մարդու, որին առաջարկվել է այն վաճառել: Իշխանությունը փոխվեց՝ եկա ես: Ավերակ էր, որովհետև մութ տարիներին ամեն ինչ վաճառվել էր: Բացի դրանից, այնտեղ ապրել էին փախստականներ, որոնք հեռանալիս շատ բան իրենց հետ տարել էին: Բայց կամաց-կամաց փորձեցինք կարգի բերել: Շորժայի 110 տեղանոց հանգստյան տանն ընդամենը մեկ սառցարան կար, չկար ոչ տաք ջուր, ոչ մի սենյակում չկար ոչ լոգարան, ոչ սանհանգույց: Իմ պաշտոնավարման 10-րդ տարում արդեն յուրաքանչյուր սենյակ ուներ իր սանհանգույցը, տաք ջուրը, և այլն: Այո, այսօր էլ վատ վիճակում է Շորժան: Ինքներդ էլ գիտեք, որ Հայաստանում այսօր այնքան շքեղ հանգստյան տներ են կառուցում…: Դրանից բացի, Սևանա լճի ջուրն այնքան է բարձրացրել, որ առաջին հարկերն այլևս հնարավոր չէ օգտագործել: Շորժայի մեր հանգստի տունն օդից կախված է:

– Եթե առաջին հարկն անցնում է ջրի տակ, ապա ինչո՞ւ ահազանգ չեք հնչեցնում ՀՀ կառավարությանը:

– Ո՞վ ասաց, որ չեմ հնչեցնում… Գիտե՞ք քանի նամակներ են գնացել և՛ Կառավարություն, և՛ վարչապետին: Պատասխանում են՝ դեռ փոխհատուցման ծրագիր չկա: Արդյունքում՝ մենք ամեն ինչ կորցնում ենք:

– Չկա՞ն անհատ ներդրողներ, որոնք հանգստյան տունը «փրկելու» հարցում կաջակցեն:

– Անհատ ներդրողներին, ունևոր մարդկանց շատ եմ դիմել, բայց ոչ մեկին հետաքրքիր չէ իր ծախսով մեզ համար հանգստյան տուն վերանորոգելու առաջարկը: Եղել են բանակցությունների դեպքեր, երբ ներդրողն առաջարկել է 3,5 հեկտարի կեսը հատկացնել իրեն, որպեսզի վերակառուցի, բայց կես-կես օգտագործենք: Ես իրավունք չունեմ, և ոչ ոք իրավունք չունի տարածքը տալ ուրիշին: Հետագայում այդ մարդիկ հարցուփորձ են արել և պարզել են, որ մեր հանգստյան տան կողքի տարածքները բավականին էժան են, բնականաբար, նախընտրել են այդ տարածքները: Նույն խնդիրն ունենք Ծաղկաձորի մեր հանգստյան տանը, որտեղ նախկինում անգամ զուգարան չկար, իսկ հիմա նման խնդիր գոյություն չունի: Այնուամենայնիվ, իսկապես հանգստյան տների խնդիրը լուրջ է:

– Պրն Աղամյան, Գրողների, եթե չեմ սխալվում՝ Կոմպոզիտորների, Կինեմատոգրաֆիստների միությունների հանգստյան տներում այդ միությունների անդամներն իրավունք ունեն տարվա մեջ կարծեմ 10-12 օր անվճար հանգստանալ: Մինչդեռ, Նկարիչների միության անդամների համար հանգստյան տները վճարովի են, ինչո՞ւ:

– Նկարիչները չեն գնում, որովհետև, դժբախտաբար, այդ ֆինանսական հնարավորությունը չունեն, իսկ ով էլ ունի՝ նախընտրում է ուրիշ հանգստյան տներ: Բայց ո՞վ ասաց՝ նրանցն անվճար է: Ես Ձեզ մի բան ասեմ՝ ոչինչ այս աշխարհում անվճար չէ: Ինչ-որ մեկը պիտի վճարի այդ ամենի համար, չէ՞: Հիմա հաշվեք. Գրողների միության հանգստյան տունը հոյակապ վերանորոգված, 200-ից ավելի տեղով, մարմարապատ, հոյակապ կառույց է: Այնտեղ մշտապես լինում են սիմպոզիումներ, համագումարներ, որը միշտ զբաղված է և լավ գումարներ է ստանում: Եթե այդ կառույցը գումար ունի, ապա հանգիստ կարող է իր միության անդամներին անվճար տեղեր տրամադրել: Մինչդեռ մեզ մոտ ոչ ոք չի գալիս: 700 անդամ ունենք, իսկ Ծաղկաձորում՝ 16 տեղ: Նկարչի համար սահմանված է 2000-2500 դրամ, իսկ նման գին գոյություն չունի հանգստյան տներում:

– Նման պայմաններ ունեցող հանգստյան տան համար նորմալ գին է:

– Այո, նորմալ է, բայց էլի չեն գնում: Այ, որ գաք համագումարին, կտեսնեք նոր, թարմ ծրագրեր՝ նաև  Շորժայի հետ կաապված: Ես ընտրվել եմ Միջազգային նկարիչների կոնֆեդերացիայի նախագահ, որի իրավասությունները կսկսվեն հունվարին:

– Կարո՞ղ ենք ենթադրել, որ Կոնֆեդերացիայի նախագահի Ձեր նոր պաշտոնը Հայաստանի նկարիչների միության համար արդյունավետ կլինի:

– Այո, ես նախապես պայմաններ եմ ներկայացրել, որի մասին առաջիկայում կխոսեմ:

– Պրն Աղամյան, 15 տարի ղեկավարելով Նկարիչների միությունը՝ չե՞ք հոգնել:

– Չեմ հոգնել:

– Նկարիչների միության նախագահի պաշտոնավարման մոդելը ճիշտ նույն երկրի նախագահի մոդելն է: Նախագահն ընտրվում է և չի ցանկանում «աթոռը» զիջել:

– Դուք քանի՞ Տարի եք լրագրությամբ զբաղվում:

– Շուտով կլինի 10 տարի:

– Ե՞րբ եք հոգնելու: Կարող է նաև 18 տարի էլ աշխատեք, չէ՞:

– Եթե նման պահանջ լինի՝ կհեռանամ, մանավանդ, որ 700 հոգանոց կառույց չեմ ղեկավարում:

– Եթե նման պահանջ լինի՝ ես էլ կթողնեմ:

– Նկարիչների շրջանում չկա՞ նման պահանջ: Հավանաբար՝ համագումարի ժամանակ կստեղծեն:

– Եթե նկարիչների մեծամասնությունը քվեարկի ուրիշի օգտին, ուրեմն՝ ուրիշը կլինի միության նախագահ: Բայց կցանկանայի իմ կոլեգաներից մի երեքին հորդորել՝ լինել ավելի ազնիվ, չտարածել հերյուրանքներ: Այս նույն պատկերը նաև անցյալ համագումարից առաջ էր, բայց ընտրության ժամանակ զգալի տոկոսն ինձ ընտրեց: Անցյալ համագումարին երկու օր շարունակ ես նստած էի բեմում, և ինձ քարկոծում էին:

– Դատաստանի առաջ էիք կանգնել:

– Այո, դատաստանի առաջ էի կանգնել, ինչ վատ բառ կա՝ ասում էին: Ինչ ասես՝ ասեցին, ասեցին… Քարկոծեցին, քարկոծեցին՝ վերջում ընտրեցին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս