«Սրանք արժեքների թշնամին են. մերոնք կուտը կերան, բայց նստացույցը վերսկսվելու է նույն ձևով». Արթուր Սահակյան
Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն-թատրոնի ճակատագիրը պատկան մարմինների կողմից համարվում է լուծված, քանի որ նրանք վերամիավորել են Գ. Սունդուկյանի անվան մայր թատրոնին, իսկ «Գոյ» թատրոնի անձնակազմի համար խնդիրը չի լուծվել, քանի որ իրենց կամքին հակառակ՝ որոշել են միավորել այլ թատրոնի հետ։
Դեռևս ամռանը Սունդուկյան թատրոնը «Գոյ» թատրոնի մի խումբ դերասանների նամակ էր ուղարկել՝ աշխատանքից ազատման վերաբերյալ։ Իսկ դրանից առաջ նույն դերասաններին առաջարկել էին նոր պայմանագիր ստորագրել՝ Սունդուկյան թատրոնի հետ, սակայն դերասաննները չեն ստորագրել, ինչից հետո նրանց ազատման նամակ են ուղարկել։
168.am-ի հետ զրույցում «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արթուր Սահակյանն ասաց, որ թատրոնի անձնակազմից որոշ մարդիկ ինչ-որ տեղերում ինչ-որ զբաղվածություն ունեն, որոշներն անգործ են։
«Դատական նոր հայց ենք ներկայացրել՝ արդեն որպես քրեական հանցագործություն կատարողի, անվանական հարց կա՝ սկսած Սունդուկյան թատրոնից, մինչև ԿԳՄՍ նախարարություն։
Մեր թատրոնի դուռը փոխել են, թե ներսում իրենք ի՞նչ են արել՝ տեղեկություններ չունենք։ Ներսում մենք ունենք անձնական գույք՝ մեծ քանակությամբ, օրինակ, մենք այնտեղ տարել էինք բարձրախոսներ, մենք հիմա չգիտենք՝ դրանք ինչ են արել, որովհետև մեր մուտքը մեր թատրոն արգելված է:
Գիշերը մեր թատրոնի դուռը փակեցին ու արգելեցին մուտք գործել այդ մուտքով։ Դե, սրանք ինչպես Արցախի դուռը փակեցին՝ բանալին տվեցին թշնամուն, այնպես էլ ուզում են մեր թատրոնն անեն։ Սրանք արժեքների թշնամին են: Հիմա երևի մեր թատրոնում պետք է պատանի «իմքայլականներին» սովորեցնեն, թե ինչպես կարող են թրքություն անել սեփական հայրենիքի հանդեպ»,- նշեց Արթուր Սահակյանը։
Արթուր Սահակյանը ևս մեկ անգամ վերահաստատեց իր նախորդ պնդումները, որ Սունդուկյան թատրոնին չեն միանալու։ Ասում է՝ արդարադատության հույս ունեն, ինչն ուշանում է։
«Մերոնք բանակցում էին ԿԳՄՍ նախարարության հետ, նրանք կուտ էին տվել, թե կկարգավորվի հարցը, բայց չկարգավորվեց՝ որոշումը մնաց նույնը, մերոնք կտերը կերան, գնացին բանակցության, պարզվեց՝ արդյունքը զրո է։ Այդ ամենը հիմարություն էր, հերթական սուտը։ Դե, իրենք այնպես արեցին, որ մեր թատրոնի դիմաց սկսած նստացույցը դադարեցվի, հասան իրեն նպատակին։ Բայց այդ նստացույցը վերսկսվելու է նույն ձևով, իսկ թե է՞լ ինչ ենք անելու՝ այս պահին չակերտները չեմ բացի։
Մեկ բան հստակ է՝ մենք մեր ունեցածից չենք հրաժարվի, չենք հրաժարվում դավաճանների դեմ մղվող գլոբալ կռվից՝ թատրոնի, թատերական աշխարհի և վերևներում նստած դավաճանների։ Ինչպե՞ս կարող է պատահել, որ մենք մեր տնից այդպես հեշտ հրաժարվենք, ասենք՝ լավ, ձեր ասածն է»,- եզրափակեց Արթուր Սահակյանը։
Հիշեցնենք՝ նախորդ տարվա գարնանը Կառավարության հերթական նիստից հետո հայտնի դարձավ, որ որոշել են «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միավորել Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին։ Այս հարցը մեծ դժգոհություններ առաջացրեց «Գոյ» թատրոնում, արդյունքում՝ թատրոնը որոշեց դատական կարգով վիճարկել հարցը։