Բաժիններ՝

«Փող լվանալու մանիան ուժեղ է, ինչ-որ բան պետք է փոխվի, այս ծրագիրն էլ՝ հետը». Ճարտարապետն ահազանգում է

Ճարտարապետ Դավիթ Ստեփանյանն ահազանգում է՝ Երևանի քաղաքային իշխանությունը հերթական անգամ աղավաղում է Երևանի թամանյանական տեսքը. այս անգամ թիրախում Կասկադն է։

Բանն այն է, որ Երևանի քաղաքապետարանը Կասկադում աշխատանքներն  ավարտին հասցնելու համար երկու նախագիծ է ներկայացրել, երկուսն էլ, ճարտարապետի խոսքով՝ աղավաղելու են Կասկադի արտաքին տեսքը։

168.amի հետ զրույցում Դավիթ Ստեփանյանն ասաց՝ դեմ չէ Կասկադի նախագծի իրականացմանը, բայց այն պետք է լինի հստակ հաստատված հեղինակային նախագծով, որը կա դեռևս 1970-ականներից, երբ սկսել են կառուցել Կասկադը։

«Կասկադը միայն այս նախագծով պետք է հասնի իր տրամաբանական ավարտին, որևէ այլ միջամտություն՝ ուրիշ ճարատարապետի, ուրիշ հեղինակային որևէ մխրճում՝ խայտառակություն է, որովհետև Կասկադը մեր բացառիկ գոհարներից է՝ ոչ միայն հայկական, այլև համաշխարհային ճարտարապետության մեջ, սա յուրահատուկ կառույց է։ Սա նույնն է, որ գնան, Օպերային թատրոնի շենքի գլխին ինչ-որ կառույց սարքեն»,- նշեց մեր զրուցակիցը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, Երևանի քաղաքապետարանն այլընտրանքի հնարավորություն չի տվել, այսինքն՝ իրական նախագիծը չի ներկայացրել, ի սկզբանե մերժել է, փոխարենը՝ դրել է երկու այլ հեղինակների նախագիծ, որն առհասարակ առնչություն չունի Կասկադի հետ։

«Օրինակ, նկարը, սիմֆոնիան պետք է հեղինակի ձեռքով ավարտվի, չէ՞։ Սա նշանակում է՝ ևս մեկ գլուխգործոց թողնել կիսատ, խաթարված վիճակում։ Եկեք Արամ Խաչատրյանի սիմֆոնիայի երկու մասերը լսենք, երրորդը ջնջենք։ Եթե երաժշտության դեպքում կարող են իմպրովիզներ անել, վստահ են, որ օրիգինալները կան, մարդիկ կլսեն, ճարտարապետության դեպքում այդպես չէ, հնարավոր չէ նախկին օրիգինալ տեսքը վերականգնել։ Մենք հարյուր հատ Կասկադ չունենք, որ այս մեկը դնենք՝ աղավաղենք։ Բացի այդ, սա գրանցված պետական հուշարձան է»,- շեշտեց Դավիթ Ստեփանյանը։

Մեր զրուցակիցը հիշեցրեց՝ Կասկադի նախագիծը հաստատվել է այն ժամանակ, երբ սկսել են կառուցել։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հեռո Կասկադի կառուցման աշխատանքները դադարեցվել են, և այն ամբողջական տեսքի չի հասցվել։

«Հիմա փոխանակ այդ հաստատված նախագծով անեն, հատկապես, որ հեղինակներից մեկն էլ ողջ է՝ Ասլան Մխիթարյանը, դրել երկու այլ նախագիծ են քննարկում։ Հենց Ասլան Մխիթարյանին պետք է հանձնվեր գործը, որպեսզի նա ավարտին հասցներ։

Քաղաքապետարանն արդեն որոշել է երկու նախագծերից անցկացնել ֆրանսիական տարբերակը, որը մեր գլուխգործոցն առհասարակ արհամարհում է՝ միջավայրի հերթական աղավաղումն է սա լինելու։

Հիմա փող լվանալու մանիան ուժեղ է։ Բոլոր իշխանությունների ժամանակ մենք մեր արժեքները տրորել ենք, բայց հիմա կուլմինացիոն ավարտն է։ Արդեն հայրենիքի կեսն ենք կորցրել, ուստի զարմանալու բան չկա, սկզբում մշակութային ջարդն է տեղի ունենում, հետո պատերազմները ու մյուս անկումները՝ տարածքների, հողերի հանձնումը։

Տարածքներն արժևորվում են նաև մշակույթով, եթե դա չկա, թուրքի նման ենք ապրելու, կամ մեր նիստուկացով օտարի նման ենք ապրելու, հողի համար արյուն թափելն արժեզրկվում է։ Այսինքն՝ մենք մեր ամբողջ պատմությունն ենք արժեզրկում»,- նկատեց ճարտարապետը։

Այնուամենայնիվ Դավիթ Ստեփանյանը հույս ունի, որ կարող է բեկում լինել, քանի որ, նրա խոսքով՝ հայ ազգն այս տեմպերով չի կարող գոյատևել։

«Ինչ-որ բան պետք է փոխվի, այս ծրագիրն էլ՝ հետը»,- եզրափակեց Դավիթ Ստեփանյանը։

Նշենք, որ «Ակտիվ քաղաքացի» հարթակում Երևանի քաղաքապետարանը Կասկադի վերաբերյալ ներկայացրել է երկու նախագիծ՝ «Կասկադ մշակութային հանգույց» և «Կասկադ այգիներ»՝ չներկայացնելով բնօրինակ նախագիծը։ Թե երկու նախագծերից ո՞րը կընտրվի՝ ժամանակը ցույց կտա։

Տեսանյութեր

Լրահոս