««Այվազովսկի» սրճարանը պատկանում է ոչ թե որդուս, այլ՝ նկարիչների միությանը»
Ասում է Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը
Դեկտեմբերի 16-ին Ստանիսլավսկու անվան թատրոնում տեղի կունենա Նկարիչների միության հերթական համագումարը, որին իր թեկնածությունն առաջադրելու է արդեն 15 տարի միությունը ղեկավարող Կարեն Աղամյանը: Թեև մինչ օրս պաշտոնապես չեն հայտարարվել այլ թեկնածուների անուններ, այդուհանդերձ, համաձայն շրջանառվող լուրերի` միության նախագահի պաշտոնի համար մրցակցելու են նաև Ռուբեն Այվազյանը, Հաղթանակ Շահումյանը, Արմեն Աթայանը և Նիկոլ Աղաբաբյանը: Նկարիչների միության գործող նախագահը թեև նախապես որոշել էր իր թեկնածությունը չառաջադրել, սակայն վերջին օրերին իր անձի շուրջ տարածվող խոսակցությունների անարժանահավատությունն ապացուցելու համար, այնուամենայնիվ, հանդես է գալու` որպես նախագահի թեկնածու: Նա նույնիսկ պատրաստվում է «հերյուրանքներ» տարածողների դեմ հայցով դիմել դատարան և պատասխանատվության ենթարկել նրանց: Մենք փորձեցինք Նկարիչների միության նախագահ Կ. Աղամյանից որոշակի հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալ:
– Փաստորեն, ինչպես նշեցիք, Նկարիչների միության նախագահի պաշտոնում կրկին վերընտրվելու Ձեր մտադրությունը պայմանավորված է այս մի քանի օրերին Ձեր մրցակիցների կողմից լրատվամիջոցներով հնչեցրած մեղադրանքներով: Նախագահի լիազորությունները կարևո՞ր են Ձեր «ճիշտն» ապացուցելու համար, թասիբի՞ եք ընկել:
– Խնդիրն այն է, որ, եթե թեկնածությունս չառաջադրեմ, հրաժարվեմ այն ամենից, ինչի համար 15 տարի աշխատել եմ, վատնել եմ կյանքս՝ կստացվի, որ համաձայն եմ նրանց հերյուրանքների հետ: Նույնիսկ պատրաստվում եմ դիմել դատարան, որովհետև չի կարելի հենց այնպես, առանց հիմնավորումների` մարդուն մեղադրել հրեշավոր արարքների մեջ: Անկասկած մտածմունքների մեջ էի թեկնածություն դնելու առումով, անգամ ամռանը քարտուղարության հետ քննարկման ժամանակ ասացի՝ հոգնել եմ անել գործ և միայն լսել բացասական գնահատականներ, գուցե բավական է, ես շատ կցանկանամ, որ երիտասարդներ գան ինձ փոխարինելու: Երիտասարդների հետ շատ եմ զրուցել, Նկարիչների միությունում նրանց համախմբելով` ստեղծել եմ Երիտասարդական միավորում: Իրենք հիմա ունեն բյուրոյի կողմից ընտրված ակտիվիստներ, խմբի ղեկավարներ, որոնք մեր ապագան են: Մենք ունենք տարբեր սեկցիաներ՝ քանդակ, գեղանկար և այլն, որոնց ժողովների ընթացքում երիտասարդներին հորդորում էի առաջադրվել ապագա վարչության անդամներ, այնուհետև գուցե նրանցից մեկն էլ դառնա նախագահ: Միավորման ղեկավար խումբն ինձ տեղեկացրեց, որ իրենք չեն պատրաստվում այս անգամ դիմել, քանի որ ցանկանում են իմ կողքին լինել՝ միության ղեկավար կազմի մեջ՝ վարչություն, սեկցիայի հանձնաժողովներ, և այլն:
– Երիտասարդական միավորում ստեղծելու նպատակը ո՞րն էր, ի՞նչ գործառույթ ունի այդ միավորումը:
– Դա ստեղծվել է 6 տարի առաջ: Ժամանակին նման կարգ կար, որ պետք է պարտադիր լինես Երիտասարդական միավորման անդամ, այնուհետև՝ Նկարիչների միության անդամ: Ինքս եղել եմ Երիտասարդական միավորման անդամ: Այդ կարգը վաղուց վերացել է, բայց հետևելով այդ ավանդույթին` իրենք ցանկանում են այդ միասնությունը ստեղծել: Այսպես թե այնպես, մեծերը քարացած են, և ես ցանկանում եմ, որ երիտասարդների խոսքն ավելի բարձր հնչի: Այնպես որ, ես այդ առաջարկն արեցի վարչությանը, վարչությունը համաձայնվեց, և մենք հիմա ունենք նման միավորում, որը գործում է ոչ այն կարգով, ինչպես խորհրդային ժամանակաշրջանում:
– Չասացիք գործունեության իմաստն ու բովանդակությունը:
– Նույն գործունեությունը՝ նկարչություն: Օրինակ, իրականացնում ենք երիտասարդական ցուցահանդեսներ: Նախանցյալ տարի երիտասարդների շատ մեծ ցուցահանդես իրականացրինք, որի ընթացքում նաև Արա Աբրահամյանի մրցանակաբաշխություն եղավ, և 8-9 հոգի ստացան ֆինանսային լավ արժեք ունեցող մրցանակներ:
– Այդ ամենը կարող էր լինել առանց միավորում ստեղծելու, մանավանդ, որ երիտասարդները Նկարիչների միության անդամ են, այսպես թե այնպես՝ ցուցահանդեսների, մրցույթների մասնակցելու իրավունք ունեն, կարող են մասնակցել քննարկումներին: Նման ֆորմալ «կառույցների» գործունեությունն անհասկանալի է, իմաստավորված չէ:
– Իհա՛րկե միության անդամ են, բայց իրենք էլ ցանկանում են առանձին լինել: Այս պահանջը եղել է երիտասարդների կողմից, ես ընդամենն ընդառաջել եմ իրենց: Ձեր ասածի մեջ, անկասկած, ճշմարտություն կա, բայց սերունդների մեջ միշտ լինում է անհնազանդություն, քանի որ երիտասարդները կարծում են՝ ավագ սերունդն իրենց չի հասկանում: Այս դեպքում հնարավորություն կա ինքնուրույն դրսևորվելու:
– Պրն Աղամյան, ասում են՝ այդ միավորումը ստեղծել եք՝ վերընտրվելու Ձեր հնարավորություններն ապահովագրելու համար, որովհետև երիտասարդությունը Նկարիչների միության առողջ, ակտիվ ներուժն է: Դրանից զատ, քննարկել և կանոնադրության մեջ փոփոխություններ եք կատարել, համաձայն որի՝ նախագահի պաշտոնում 4-րդ անգամ վերընտրվելու հնարավորություն կունենաք: Կա՞ն նախագահի պաշտոնավարման ժամկետային սահմանափակումներ:
– Կանոնադրություն փոխելու իրավունք ես չունեմ: Կանոնադրությունը գրվում է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ ըստ ՀՀ Հասարակական կազմակերպությունների մասին օրենքի:
– Չկա՞ 3 անգամից ավելի նախագահի պաշտոնում թեկնածություն առաջադրելու արգելք:
– Ո՛չ, սուտ են ասում: Միության նախագահը կարող է միշտ իր թեկնածությունը դնել, այլ հարց է՝ կընտրվի՞, թե՞ ոչ, ինչը կախված է միության անդամներից: Խորհրդային ժամանակաշրջանում եղել է 2 անգամ պաշտոնավարելու սահմանափակում, իսկ հիմա՝ ոչ: Ես գործում եմ օրենքի սահմաններում, իսկ այն լուրերը, որոնք տարածվում են, ստախոսություն, հերյուրանք են:
– 15 տարի ղեկավարում եք միության նախագահի պաշտոնը, ասացեք խնդրեմ՝ Ձեր ինչի՞ն է պետք այդ պաշտոնը: Չե՞ք հոգնել, ասում են՝ այդ պաշտոնը Ձեզ պետք է նյութական ռեսուրսները պահպանելու համար: Օրինակ՝ Նկարիչների միության շենքում գործող «Այվազովսկի» սրճարանը, որը պատկանում է Ձեր որդուն:
– Ես չգիտեմ՝ ո՞վ է այդ հիմարությունը տարածում, բայց սրճարանը պատկանում է Նկարիչների միությանը: Կարող եմ փաստաթղթերը ցույց տալ: 1997 թվին, մինչև իմ միության նախագահ դառնալը, ունեինք հոյակապ, կանաչապատ մի սրճարան, որը դրսում էր, և որն իմ նախորդներն օտարեցին ընդամենը 700 դոլարով: Դա Նկարիչների միության սրճարանն էր: Իմիջիայլոց, «Այվազովսկի» սրճարանի դիզայնը ես եմ արել, և ինձ ոչ ոք դրա համար չի վճարել: Այնպես որ, սրճարանը միության սրճարանն է: Տգեղ բան կա Ձեր ասածի մեջ, որ ասում եք՝ Ձեր ինչի՞ն է պետք: Օրինակ՝ Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորն արդեն 19 տարի ղեկավարում է և այս տարի կրկին ընտրվեց:
– Նկարիչների միության անդամներն անգամ չգիտեն, թե Դուք ի՞նչ ծրագրով եք առաջադրվում և ընտրվում նախագահի պաշտոնում և այդ ծրագիրը 15 տարի կյանքի կոչում:
– Իրենք մասնակցե՞լ են միության համագումարին:
– Իրենց հետաքրքիր էլ չէ համագումարը:
– Եթե չեն մասնակցում՝ ինչպե՞ս կարող են ծրագրից տեղյակ լինել:
– Շատ վատ է, որ չեն մասնակցում, հատկապես` Միության նախագահի համար:
– Իհա՛րկե վատ է, բայց անցյալ համագումարին Հայաստանի նկարիչների միության մոտ 700 անդամներից 600-ից ավելին մասնակցում էր, որը մասնակցության շատ մեծ թիվ է: Բոլորը լսեցին իմ ծրագիրը, ընդ որում՝ բոլորին փաթեթներով բաժանվել է ծրագիրը: Ես հիմա էլ ունեմ բազմաթիվ ծրագրեր, որը համագումարին կներկայացնեմ: Թեկնածուների համար դեռևս ասեկոսեներ են պտտվում, իսկ պաշտոնապես դեռ այլ թեկնածու չկա: Մեզ մոտ համագումարի ժամանակ են հայտարարում այլ թեկնածուների մասին:
– Պրն Աղամյան, Նկարիչների միության շատ անդամներ նույնիսկ տեղյակ չեն միության անցուդարձից. ինչո՞ւ ակտիվություն չկա:
– Աղետի գոտու 25-ամյակի կապակցությամբ մենք մի փոքր կոչ արեցինք` հայտնելով, որ աղետի գոտու համար օգնություն պետք է ցուցաբերենք, անմիջապես մոտ 200 նկար նվիրատվություն կատարեցին: Դա ակտիվություն չէ՞: Սեպտեմբեր ամսին Հանրապետական ցուցահանդես ունեցանք, որին 400 նկար առաջարկվեց: Մեզ մոտ, մոտ 10 օրը մեկ, մեկ ցուցահանդես բացվում է: Ունենք ցուցահանդեսների համար հերթագրված մարդիկ` արդեն մեկ ու կես տարվա համար, իսկ եթե նկարիչը ցուցադրվում է, ուրեմն՝ նա ակտիվ աշխատում և նկարում է:
– Բայց Ձեր նշած այդ ակտիվ ցուցահանդեսներին գալիս են միայն նկարիչները, իրենց հարազատներն ու ընկերները, և չկա հասարակությանը ցուցահանդեսներին ներգրավելու խնդիր:
– Ցուցահանդեսների բացումներին ասեղ գցելու տեղ չի լինում: Հիմա ես Ձեզ հարց տամ. Բացվում է ցուցահանդես, մենք ունենք բոլոր լրատվամիջոցների ցանկ, և քարտուղարուհիներից մեկը բոլորին տեղեկացնում է, որ՝ վաղը բացվելու է այսինչ ցուցահանդեսը, խնդրում եմ՝ եկեք, լուսաբանեք, բայց չեն գալիս, կամ գալիս են հազվադեպ:
– Ես կարող եմ իմ պատասխանը հնչեցնել. որովհետև միության ցուցահանդեսներն ինձ հետաքրքիր չեն, տպավորություն կա, որ ես դրանք բազմիցս տեսել եմ, և նոր, թարմ նախագծեր, հետաքրքիր հեղինակներ, էսքպոզիցիաներ չեմ տեսնում: Դուք ժամանակի հետ համաքայլ գնալու, հասարակության հետաքրքրությունը շարժելու կոնցեպցիա չունեք, արդյունքում՝ կրկնվում եք:
– Դա Ձեր կարծիքն է, իսկ ես կարծում եմ՝ շատ հետաքրքիր ցուցահանդեսներ են: Լավ թե վատ՝ այն, ինչը ցուցադրվում է՝ այսօրվա Հայաստանի դեմքն է: Եթե գտնում եք` վատ է, ուրեմն՝ Հայաստանի կերպարվեստն է վատ, եթե լավ է, ուրեմն՝ կերպարվեստն է լավը:
– Ուրեմն՝ ճիշտ ընտրություն չեք կատարում: Հայաստանում շատ տաղանդավոր աբստրակցիոնիստներ ունենք, որոնք միջազգային հարթակներում մեծ հաջողությունների են հասել, բայց երբևէ չեմ տեսել, որ լինելով միության անդամ` միության սրահում ցուցադրվեն:
– Մենք չենք ընտրում՝ իրենք ներկայացնում են իրենց լավագույն գործերը: Ինչ վերաբերում է աբստրակցիոնիստներին՝ ո՞վ է իրենց արգելել ցուցադրվել: Բացի դա, ինչպե՞ս են դարձել միության անդամ, եթե չեն ցուցադրվել: Նկարիչը եթե առնվազն 3 անգամ չի ցուցադրվել միությունում, նա չի կարող դառնալ միության անդամ:
– Խոսքը ոչ թե խմբակային, այլ՝ անհատական ցուցահանդեսի մասին է:
– 10 օր առաջ փակվեց աբստրակցիոնիստ Սերվենտի ցուցահանդեսը: Ախր ինչ ասում եք՝ փաստերով ասեք:
– Մենք բազմաթիվ հրաշալի աբստրակցիոնիստներ ունենք, իսկ Դուք մատնանշում եք ընդամենը մեկ օրինակ: Անդրադառնանք Նկարիչների միության ֆինանսական աղբյուրներին: Նկարիչների միությունն իր գոյությունն ապահովում է միության շենքում տեղակայված վարձակալների գումարներո՞վ:
-Այո, մեր շենքում տեղակայված են թվով 7 կազմակերպություններ, ընդ որում, մեկը` 2, մյուսն էլ՝ 3 ամիս չեն վճարել և որոշակի խնդիրներ են ստեղծել:
– Բայց ցուցահանդեսներն էլ վճարովի են, այնպես չէ՞:
– Այո, վճարովի են, մեր բյուջեն գոյանում է նաև դրանից: Այս տարի 13 անգամ է նման ցուցահանդես եղել:
– Կասե՞ք ինչ գումարների մասին է խոսքը:
– Այո, 1-ին հարկում ունենք մոտ 580քմ տարածք, որի համար վճարվում է օրական 10.000 դրամ: Երկրորդ հարկի սրահը դրա մոտ կեսն է, որի համար վճարվում է 7000 դրամ:
– Պրն Աղամյան, նկարիչներից շատերն ասում են, որ այլ երկրների նախագծերում Հայաստանի նկարիչներին ներկայացնելու հնարավորության դեպքում Դուք առաջին հերթին Ձեզ ներկայացնելու հնարավորությունը բաց չեք թողնում:
– Թող նկարիչները մեկ փաստ մատնանշեն: Միջազգային նկարիչների միության կոնֆեդերացիայի 20-ամյակի կապակցությամբ վերջերս տպագրվեց մի հրաշալի, մեծ գիրք, որում ներգրավված էին ողջ խորհրդային տարածքի լավագույն նկարիչների ստեղծագործությունները: Յուրաքանչյուր հանրապետությունից` մոտ 30-40 ստեղծագործություն: Բոլոր միությունների նախագահների աշխատանքները կան, բացի Հայաստանից: Ես ինքս հրաժարվեցի, որովհետև մեր ժողովուրդը նախանձ է, բայց հիմա ամաչում և ափսոսում եմ, որ չեմ արել, որովհետև, միևնույն է՝ խոսում ու բողոքում են:
– Պրն Աղամյան, չե՞ք կարծում, որ Նկարիչների միությունը հետաքրքիր գաղափարներով, համաշխարհային մշակութային իրադարձություններում ներգրավել ցանկացող, կապեր ստեղծելու կամք դրսևորող, լավ կազմակերպչի ներուժով երիտասարդ նախագահի կարիք ունի:
– Անշուշտ, երիտասարդները պետք է գան: Մեծերի մեջ քիչ մարդ կա, որ կուզենա և կկարողանա նախագահել, որովհետև ադմինիստրատիվ աշխատանքները շատ են: Երբ դարձա նախագահ, առավոտյան աշխատանքի գալիս ստիպված էի ամեն օր միության նախասրահից տակը կեղտոտած բոմժերին դուրս հանել: Մեր ունեցվածքի 80%-ը մինչ իմ պաշտոնավարելը փոշիացրել էր այն կազմը, որը հիմա իմ հասցեին հերյուրանքներ է տարածում: Ես ինքս պատրաստ եմ աջակցել երիտասարդներին:
Հ.Գ. Նկարիչների միության հանգստյան տներին կանդրադառնանք մեր թերթի առաջիկա համարներից մեկում: