Անկախության հռչակագիրը երբևէ չի կարող քննարկման առարկա լինել, որպես իրավական փաստաթուղթ՝ այն անփոփոխելի է․ Հովսեփ Սարգսյան

Փաստն այն է, որ Սահմանադրական դատարանն իրականացնում է սահմանադրական արդարադատություն, այսինքն՝ մենք ունենք դե յուրե սահմանադրական արդարադատություն իրականացնող Սահմանադրական դատարան, որի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Մեծ աղմուկ բարձրացրած որոշումն առնչվում է հայտնի կանոնակարգին, դրանով նախատեսված և սահմանված պարտավորություններին է վերաբերում։ Եվ Սահմանադրական դատարանը պետք է ընդամենը Սահմանադրությամբ նախատեսված կարգով՝ դրա սահմանադրականության հարցը որոշեր։ Բայց հայտնի որոշման մեջ սկսեց քննարկվել Հռչակագրի և Սահմանադրության հարաբերակցությունը՝ մի իրավիճակ, որը չպետք է տեղի ունենար։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց փաստաբան, նախկին դատախազ Հովսեփ Սարգսյանը։

«Եթե անգամ պետք է հղում կատարվեր Հռչակագրին, այն ունի առաջնային նշանակություն։ Հռչակագիրը երբևէ չի կարող քննարկման առարկա լինել, որպես իրավական փաստաթուղթ՝ այն իր իրավական տեղն ու դերն ունի, անփոփոխելի է, ինչպես նախատեսված է Սահմանադրության նախաբանում։ Սահմանադրության առաջինից երրորդ հոդվածները ևս անփոփոխելի են, դա նախատեսված է Սահմանադրության 203-րդ հոդվածով։ Այդ անփոփոխելիության վերաբերյալ, ինչպես նշված է որոշման մեջ, նեղ մասնագիտական մեկնաբանման կարիք կարծես թե չկար։ Ընդամենը պետք էր որոշել՝ համապատասխանո՞ւմ են այդ պարտավորությունները Մայր օրենքին, թե՞ ոչ, բայց չգիտես ինչու՝ այդ նեղ մեկնաբանությամբ փորձեցին կպնել Հռչակագրի դրույթներին»,- ասաց փաստաբանը։

«Հռչակագրային դրույթները փորձել են կասկածի տակ դնել՝ հիմք ստեղծելով երկու հանգամանքի համար, նախ՝ որ Հռչակագիրն իրենից ոչինչ չի ներկայացնում, և ապա՝ հող են նախապատրաստում սահմանադրական փոփոխությունների համար։ Վերջին շրջանում անընդհատ խոսվում է այդ մասին, անգամ ՄԱԿ-ի ամբիոնից վարչապետն այդ մասին հայտարարեց։ Եվ որպեսզի համապատասխան սահմանադրական փոփոխություններ արվեն, արդեն հասկանալի էր, որ պետք է կպնել Հռչակագրին, կասկածի տակ դնել նրա դրույթների կենսունակությունը, և դրանով հանդերձ՝ փորձել առաջ գնալ։ Այն, որ Սահմանադրական դատարանն այս որոշմամբ կատարել է քաղաքական իշխանության կամքը, զուտ ամսաթվային, ժամանակագրական բացվածքով էլ է երևում՝ որոշման կայացումը համընկնում է ՄԱԿ-ում վարչապետի ելույթին»,- նշեց Սարգսյանը:

Իրավաբանի կարծիքով՝ թեև որոշումն ընդունվել է սեպտեմբերի վերջին, բայց արդեն օգոստոսի 23-ին վարչապետն իր հայտնի ուղերձով գրեթե նույնաբովանդակ միտքն էր ասել, և ՍԴ-ն բառացիորեն կրկնում է այդ միտքը. «Խոսքը հռչակագրային այն դրույթներին է վերաբերում, որոնք իբր կենսունակ չեն և չեն աշխատում, այսինքն՝ դրանք իբր արդեն ժամանակավրեպ են և չեն կարող ուղենշային դերակատարում ունենալ հայ ազգի և պետականության զարգացման հարցում։ Մինչդեռ այս որոշումն ավելի շատ բառախաղային որոշում է։ Որոշման բովանդակային, պատճառաբանական և եզրափակիչ մասերում հսկայական տարբերություններ կան։ Որոշման միայն «պարզման ենթակա հանգամանքները» բաժինը պարզապես չի համապատասխանում եզրափակիչ դրույթներին և պատճառաբանական մասին»:

«Այսինքն, խնդիրը ոչ թե այս կանոնակարգի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցի վճռումն է, այլ այն, որ պետք է Անկախության հռչակագիրը դրվի կասկածի տակ, և հարց առաջ քաշվի, որ այն կարող է փոփոխվել։ Սահմանադրական դատարանի որոշման նպատակը, փաստորեն, այդ կանոնակարգի սահմանադրականության հարցը որոշելը չէր, այդ պատճառով էլ դա նշվում է միայն վերնագրում և ամենավերջում։ Սա բառակույտերի խաղարկմամբ արված բառախաղ է, որի արդյունքում Սահմանադրական դատարանի որոշում է կայացվում, որն օրինական ուժի մեջ մտնելով և չվիճարկվելով՝ առաջ է բերում գաղափար, թե Հռչակագիրն առանձին փաստաթուղթ է, Սահմանադրությունը՝ առանձին։ Մինչդեռ նախկին և ներկա Սահմանադրությունների նախաբանը հիմնվում է հենց Հռչակագրի վրա»,- ամփոփեց Հովսեփ Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս