ՀՀ ՆԳ նախարարի տեղակալի ու ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակության հանդիպմանը քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի կիբեռտարածության և թվային քաղաքականության բյուրոյի գծով ավագ փոխտեղակալ Ջենիֆեր Բեչըսի գլխավորած պատվիրակությանը։
Այս մասին նշված է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Գերատեսչության փոխանցմամբ՝ ողջունելով ներկաներին՝ փոխնախարարը բարձր է գնահատել ամերիկյան կողմի հետ ձևավորված արդյունավետ ու սերտ համագործակցությունը, որը վերածվել է ռազմավարական գործընկերության։
Հանդիպման ընթացքում անդրադառնալով «Ամպայինն առաջինը» Կառավարության քաղաքականությանը՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է ոլորտում կիբեռանվտանգության բարձր ստանդարտների ապահովման կարևորությունը։
«Կիբեռհարձակումների ռիսկերը գնահատելիս նա կարևորել է նաև խորհրդատվական տարբեր միջոցառումներով պետական մարմինների պաշտպանվածության բարձրացումը»,-նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կիբեռհանցավորության դեմ պայքարում Արփինե Սարգսյանը կարևորել է իրավապահ համակարգի գործիքների ընդլայնումը, նաև կրիպտոակտիվների շրջանառության կանոնակարգումն ու հանրության լայն իրազեկումը՝ ներկայացնելով ՆԳՆ օրենսդրական նախաձեռնության մանրամասներ։
«Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ջենիֆեր Բեչըսը ներկայացրել է ԱՄՆ կիբեռտիրույթի և թվային քաղաքականության ռազմավարության, ինչպես նաև «Թվային համերաշխություն» կոնցեպտի վերաբերյալ մանրամասներ։ Արդի տեխնոլոգիաների կիրառման համատեքստում ավագ փոխտեղակալը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորումը»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ։
Վերջինիս համաձայն՝ քննարկվել են նաև պետություն-մասնավոր հատված փոխգործակցության արդյունավետության, կիբեռանվտանգության ոլորտում կադրային քաղաքականության և համագործակցության հետագա ուղղություններին վերաբերող հարցեր։
«Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու և ընդլայնելու երկկողմ համագործակցությունը»,-եզրափակել են ՆԳՆ-ից։