Բաժիններ՝

Մասնագետները պնդում են, որ նկուղում հայտնաբերված նկարը Պիկասոյի սիրուհու դիմանկարն է

Նկարը, որը Կապրի կղզում գտնվող իր տան նկուղը մաքրելիս գտել է հին իրեր վաճառող Լուիջի Լո Ռոսսոն, ըստ իտալացի մասնագետների՝ Պաբլո Պիկասոյի օրիգինալ գործն է: Դիմանկարում ֆրանսիացի լուսանկարիչ և նկարչուհի Դորա Մաարի աղավաղված պատկերն է, որը Պիկասոյի սիրեցյալն ու մուսան էր:

The Guardian-ի փոխանցմամբ՝ 1962 թվականին Լուիջի Լո Ռոսսոն պատահաբար գտել է նկարը, և այն իր հետ տարել է Պոմպեյ, և տեղադրելով էժանագին շրջանակի մեջ՝ մի քանի տասնամյակներ կախել է իր հյուրասենյակի պատին։ Նկարի վերին ձախ անկյունում առկա է հայտնի նկարչի ստորագրությունը, բայց Լո Ռոսսոն չգիտեր՝ ով է նա։

Լո Ռոսսոյի մահից հետո նրա որդին՝ Անդրեան, որն այժմ 60 տարեկան է, հետամուտ է եղել նկարչին հայտնաբերելու գործին:

«Հայրս Կապրիից էր և աղբ էր հավաքում, որպեսզի վաճառի։ Նա նկարը գտել է նախքան իմ ծնվելը և չգիտեր, թե ով է Պիկասոն: Պիկասոյի ստեղծագործությունների մասին հանրագիտարանում կարդալիս՝ ես նայում էի նկարին և այն համեմատում նրա ստորագրության հետ: Ես անընդհատ ասում էի հորս, որ դա նման է Պիկասոյի ստորագրությանը, բայց նա չէր հասկանում: Որքան մեծանում էի, այնքան շարունակում էի զարմանալ նմանությամբ»,- ասել է Անդրեան։

Անդրեա Լո Ռոսսոն խոստովանել է, որ եղել են պահեր, երբ ընտանիքը մտածել է նկարից ազատվելու մասին. «Մայրս չէր ուզում պահել այն, նա անընդհատ ասում էր, որ դա սարսափելի է»:

Անդրեա Լո Ռոսսոն մի քանի անգամ կապ է հաստատել Մալագայում գտնվող Պիկասոյի հիմնադրամի հետ, սակայն նրանք հետաքրքրություն չեն ցուցաբերել ուսումնասիրելու այն՝ համարելով, որ նկարը կեղծ է: Պիկասոն, ով մահացել է 1973 թվականին, ավելի քան 14.000 աշխատանքների հեղինակ է, և հիմնադրամն օրական հարյուրավոր հաղորդագրություններ է ստանում մարդկանցից, ովքեր պնդում են, որ ունեն բնօրինակ:

Ռոսսոյի ընտանիքը, ի վերջո, դիմել է փորձագետներին, այդ թվում՝ արվեստի հայտնի դեդեկտիվ Մաուրիցիո Սերաչինիին: Մի քանի տարի շարունակ հետազոտություններ անցկացնելուց հետո գրաֆոլոգ և Արկադիա հիմնադրամի գիտական ​​կոմիտեի անդամ Սինզիա Ալտիերին, ով զբաղվում է արվեստի գործերի գնահատմամբ, վերականգնմամբ և վերագրմամբ, հաստատել է, որ նկարի վրայի ստորագրությունը պատկանում է Պիկասոյին, իսկ նկարն այժմ գնահատվում է 6 միլիոն եվրո։

«Նկարի մյուս բոլոր զննումներից հետո ինձ տրվեց ստորագրությունն ուսումնասիրելու աշխատանքը։ Ամիսներ շարունակ աշխատել եմ դրա վրա՝ համեմատելով նրա օրիգինալ գործերի հետ։ Կասկած չկա, որ ստորագրությունն իրենն է։ Ոչ մի ապացույց չկար, որ դա կեղծ է»,- Guardian-ին ասել է Ալտիերին:

Buste de femme (Դորա Մաար) նկարը արվել է 1938 թվականին. այն 1999 թվականին գողացել են Սաուդյան Արաբիայի շեյխի զբոսանավից։

Այժմ Մարկանտեն ապացույցները կներկայացնի Պիկասոյի հիմնադրամին։

«Ինձ հետաքրքիր է իմանալ, թե ինչ կասեն նրանք հիմա,- ասել է Լո Ռոսսոն,- Մենք սովորական ընտանիք ենք, և մեր նպատակը միշտ եղել է ճշմարտության հաստատումը։ Մենք շահագրգռված չենք դրանից գումար վաստակել»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս