#ՀԻՄԱ.UWC Դիլիջանը նշում է հիմնադրման տասնամյակը. Հոբելյանական միջոցառումը.#ՈՒՂԻՂ
UWC Դիլիջանն այսօր նշում է հիմնադրման տասնամյակը:
UWC Դիլիջանը Միացյալ համաշխարհային քոլեջներ (United World Colleges) միջազգային ցանցի 18 դպրոցներից մեկն է, առաջին UWC դպրոցը հետխորհրդային տարածքում և Մերձավոր Արևելքում։
UWC Դիլիջանը հիմնադրվել է բարերարներ Ռուբեն Վարդանյանի ու Վերոնիկա Զոնաբենդի կողմից, որոնց համար կրթությունը միշտ ունեցել է առաջնահերթ նշանակություն: Նրանց տեսլականն էր Հայաստանի՝ որպես միջազգային կրթական և մշակութային կենտրոնի զարգացումը: UWC Դիլիջանի շնորհիվ հայ երեխաները ստանում են միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն, իսկ Դիլիջանում ուսանած оտարերկրացիները դառնում են Հայաստանի «դեսպանները»:
Թվեր և փաստեր
2014թ. Դիլիջանի միջազգային դպրոցն իր դռները բացեց 49 երկրից 94 ուսանողի համար:
2024թ., տասը տարի անց, դպրոցն ունի 917 շրջանավարտ 120 երկրից: Շրջանավարտների 98 տոկոսն ընդունվել է աշխարհի լավագույն բուհեր:
Այս տարիների ընթացքում 160 հայ երիտասարդ որակյալ կրթութուն ստանալու հնարավորություն է ունեցել UWC Դիլիջանում և ցանցի մյուս դպրոցներում: Շուրջ 98 տոկոսը սովորել է անվճար՝ դպրոցի հովանավորների կողմից, այդ թվում՝ Վարդանյան ընտանիքից տրամադրված կրթաթոշակներով:
Դպրոցի շինարարության արժեքը կազմել է 180 մլն ԱՄՆ դոլար, որի գերակշիռ մասը ներդրել է Վարդանյան ընտանիքը:
UWC Դիլիջանի ստեղծումով բացվել է 1700 ժամանակավոր և շուրջ 300 մշտական աշխատատեղ։
UWC Դիլիջանը մեծ ազդեցություն է ունեցել քաղաքի զարգացման վրա: Օտարերկրացի ուսանողների ընտանիքների ու հարազատների համար Դիլիջանը դարձել է սիրված այցելավայր, աստիճանաբար քաղաքում ստեղծվել են ինչպես զբոսաշրջային, այնպես էլ կրթական նոր ենթակառուցվածքներ:
Դիլիջանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթական քաղաքների ցանցում:
Ձևավորվել է արդյունավետ համագործակցություն UWC Դիլիջանի և համայնքի միջև: Համայնքի երեխաներն այցելում և մասնակցում են դպրոցում կազմակերպվող միջոցառումներին, իսկ քաղաքում գործող Համայնքային կենտրոնում UWC Դիլիջանի ուսանողներն անվճար անգլերենի դասընթացներ են կազմակերպում թե երեխաների, և թե մեծահասակների համար:
UWC Դիլիջանի կամպուսը նախագծվել է անվանի բրիտանացի ճարտարապետ Թիմ Ֆլինի կողմից: Դպրոցի գերժամանակակից ճարտարապետությունը մի շարք մրցանակներ է բերել Հայաստան, մասնավորապես՝
- Էկոլոգիական շինարարության ստանդարտի վկայական՝ BREEAM 2015
- 2015 GRA GREEN ROOF LEADERSHIP մրցանակը՝ «Trend Setting Architecture» անվանակարգում
- 2015 EUROPEAN PROPERTY AWARD մրցանակը՝ «Public Service Development» անվանակարգում
- 2016 FIABCI World Prix d’Excellence մրցանակը՝ «Public Infrastructure» անվանակարգում։
2017 Build School Silver Award՝ շինարարության բարձր որակի համար:
«Ինչ-որ փուլում ես հասկացա, որ մարդկության ապագան կախված է կրթությունից, որ դա կլինի աշխարհի հաջողության առանցքային տարր: Եթե ես հավատում եմ, որ կրթությունն աշխարհի ապագան է, ապա նշանակում է, որ պետք է կրթության մեջ ներդնեմ իմ ժամանակը, ջանքներն ու միջոցները»,-տարիներ առաջ ասել էր Ռուբեն Վարդանյանը: