Բաժիններ՝

«Ավտոբուսը մեր պետությունն է, երբ վարորդը հասկանա՝ ինչ է ուզում, գուցե սոցիումի մեջ ինչ-որ մի բան փոխվի». Նոր քաղաքական սատիրա՝ Պարոնյանի բեմում

Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի խաղացանկը համալրվել է «Մեր ճանապարհը» նոր ներկայացմամբ։

Բուլղարացի դրամատուրգ Ստանիսլավ Ստրատիևի «Ավտոբուս» պիեսը ռեժիսոր Արթուր Սարիբեկյանն անվանափոխել, դարձրել է «Մեր ճանապարհը» և ներկայացրել է հայ հանդիսատեսին։ Այն քաղաքական սատիրա է՝ մեկ գործողությամբ, արդիական Հայաստանի մասին, երբ ավտոբուսի ղեկին մարդ է, ով ավտոբուսը տանում է ոչ ճիշտ ճանապարհով, իսկ ավտոբուսի ուղևորները՝ սովորական քաղաքացիներ, մտավորականներ ու պատգամավորներ, սպասում են, թե ով կգնա ու ավտոբուսի վարորդին կկանգնեցնի։ Պատասխանատվությունը յուրաքանչյուրն իրենից հեռացնում է, ասելով՝ «ինչո՞ւ ես ինձ պետք է զոհեմ»։

Արթուր Սարիբեկյանի խոսքով՝ այս ներկայացման միջոցով ինքը փորձել է քաղաքական սատիրան տեղ հասցնել։

Կարդացեք նաև

«Ստրատիևի այս ստեղծագործությունը բավականին հայտնի է, ես այս ստեղծագործության անվանումը՝ «Ավտոբուսը», փոխել՝ տեղայնացրել եմ ու դարձրել «Մեր ճանապարհը»։ Փորձել եմ մեր անցած ու անցնելիք ճանապարհը ցույց տալ։

Ես Հայաստանից եմ, Երևանից եմ, և չեմ կարող անմասն մնալ իմ ժողովրդից։ Կարծում եմ՝պետք է խոսեմ այն թեմաներից, որոնք ինձ անհագստացնում են»,- 168.am հետ զրույցում նշեց ներկայացման ռեժիսորը։

Ներկայացման մեջ սուր շեշտադրմամբ ցույց է տրվում անտարբեր երիտասարդությունը, որը չի նկատում, թե ինչ է կատարվում իր շուրջը, թե ինչպիսին կարող է լինել իրեն վիրտուոզ հռչակած մտավորականը, որը գումարի դիմաց կարող է անել ամեն ինչ։ Եվ այս ամենին զուգահեռ՝ ներկայացվում է պաշտոնյայի կերպարը, որը փորձում է զոհել բոլորին, իր, այսպես կոչված՝ «էլեկտորատին»՝ ասելով, թե ինչ անում են՝ անում են հանուն սոցիումի։

«Ցավոք, սոցիումը երբեք չի փոխվում, փոխվում են հագուստի ձևերը, փոխվում են ժամանակները, բայց երբեք չեն փոխվում, այսպես ասած, ամբոխավարության սկզբունքները, որը երբեմն մեզ տանում է մի տեղ, որը կոչվում է կործանում։

Նույն այս սոցիումին թվում է, թե ավտոբուսի վարորդին՝ երկրի ղեկին նստածին փոխելը, մեր մեջ ինչ-որ բան կփոխի։ Մեզ միշտ թվում է, թե հեղափոխություններ անելով, ինչ-որ մարդկանց գահընկեց անելով՝ մենք ավելի լավը կդառնանք։ Ես այս բեմադրությամբ դրոշակ եմ բարձրացրել, որ այդպես չէ, քանի որ յուրաքանչյուրս պետք է սկսենք մեզանից։ Ես ուզում եմ, որպեսզի մեր հասարակության մտածողության մեջ որոշակի շտրիխներ փոխեմ։ Ինքս ո՛չ իշխանության , ո՛չ էլ ընդդիմության կողմնակիցը չեմ, հասարակության անդամ եմ, և եթե որևէ բան պետք է ներդնենք մեր ապագայի համար, պետք է բոլորս ներդնենք։

Ցավոք, մենք միշտ գալիս ենք սկզբին՝ անում ենք, հետո կորցնում, ձեռք ենք բերում, հաղթում ենք, պարտվում ու նորից գալիս սկզբին»,- հավելեց մեր զրուցակիցը։

Թե ի՞նչ է ուզում ավտոբուսի վարորդը, որն իր ուղևորներին տանում է սխալ ուղիով՝ պարզ չէ։ Վարորդի ուզածը տարբեր բաներ է՝ մեկ ուզում է գնալ հայրենի գյուղ, մեկ մոր թխած հացն է ուզում, մեկ էլ՝ պապի թուրը։ Այդպես էլ որևէ մեկը չի հասկանում՝ ինչ է նրա ուզածը։

«Երբ վարորդը հասկանա՝ ինքն ինչ է ուզում, գուցե սոցիումի մեջ ինչ-որ մի բան փոխվի, սրանք շատ շաղկապված են։

Ավտոբուսը մեր պետությունն է, այն ճանապարհը, որն անցնում է այս ավտոբուսն իր վայրիվերումներով, բախումներով, վթարներով՝ մեր անցած ճանապարհն է, և այդ ճանապարհին գալիս են շատերը, և դրանից ոչինչ չի փոխվի, եթե մենք ինքներս չփոխվենք։ Իմ կերպարներն ընտրել եմ ընդհանրական, որպեսզի բոլորը տեսնեն, որ, օրինակ, սա ազգի ձայնը բարձրացնող ինչ-որ երեսփոխան է, մյուսը՝ աշխատավոր մարդն է, որն այսօր, չգիտես՝ ինչ է ուզում, մյուսը՝ արվեստագետն է, որին եթե շատ «սեղմես»՝ հարսանիքներին էլ կնվագի, անտարբեր երիտասարդությունը, որին ուզում են զոհ դարձնեն»,- ընդգծեց Ա. Սարիբեկյանը։

Ռեժիսորը խոստովանում է, որ դերասանների և ռեժիսորի համար սովորաբար ներկայացումների պրեմիերաներն անցնում են լարված մթնոլորտում, դրա համար ամեն ներկայացումից հետո այն որոշակի շտկումների է ենթարկվում։

«Իհարկե, անընդհատ շտկումներ պետք է անես, որովհետև ներկայացումը նման է կտավի, որքան նկարես՝ այնքան նկարելու տեղ ունի։

Պարոնյան թատրոնը բոլոր հետաքրքիր գաղափարների համար իր դռները միշտ բաց է պահում, և ի պատիվ թատրոնի գեղարվեստական ղեկավարի ու տնօրենի վարած քաղաքականության՝ հնարավոր է բեմադրել այն, ինչը համարվում է գեղագիտորեն ճիշտ»,- եզրափակեց Արթուր Սարիբեկյանը։

Տեսանյութեր

Լրահոս