Հայկական էներգետիկ համակարգի «բերմուդյան եռանկյունի»՝ ՀԷՑ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացրել իր 2014-2018թթ. ներդրումային ծրագիրը: Ըստ այդմ՝ ՀԷՑ-ն առաջիկա 5 տարվա համար նախատեսում է ներդնել գրեթե 70 մլրդ դրամ: Դրանից մոտ 22 մլրդ դրամն ուղղվելու է թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման միջին տարեկան հաճախության և տևողության կրճատմանը, նոր սպառողների միացմանը և հատուկ ծրագրերի իրականացմանն ուղղված ներդրումների կանխատեսվող ծավալը կկազմի մոտ 20.7 մլրդ դրամ, հոսանքազրկումների միջին տևողության և հաճախականության ցուցանիշների պահպանման, անվտանգության ապահովման և մաշված սարքավորումների փոխարինմանը կուղղվի մոտ 20 մլրդ դրամ, բաշխիչ ցանցերի շահագործման կազմակերպման համար այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումների կանխատեսվող ծավալը 5.5 մլրդ դրամ է, իսկ առևտրային հաշվառման համակարգի բարելավման համար կհատկացվի 1.2 մլրդ դրամ:
Չնայած ՀԷՑ-ն ամեն տարի իր եռամյա ծրագիրը ներկայացնում է Հանրային ծառայությունները կարգավորող մարմնին, և որոշակի աշխատանքներ կատարվում են էներգետիկ ցանցը սարքին վիճակում պահելու համար, սակայն սովորական սպառողների մոտ այնպիսի զգացում է, որ վերջին տարիներին ցանցի աշխատանքը հետզհետե վատթարանում է, և ոչ շատ հեռու ապագայում մի օր էլեկտրական ցանցերն իրենց պարզապես կսպառեն: Բնակիչները դա զգում են իրենց «մաշկի վրա»: Վկան՝ բոլորովին վերջերս «համապետական» հոսանքազրկումն էր, երբ ժամեր շարունակ բոլորը վերհիշում էին 90-ականների մութ ու ցուրտ տարիները:
«70 մլրդ դրամ» ասելը հեշտ է: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հսկայածավալ աշխատանք կարելի է կատարել այդ գումարով: Իսկ ի՞նչ է անում ՀԷՑ-ը, որ ներդրումային աշխատանքները գրեթե աննկատ են բնակչության համար:
ՀԾԿՀ Լիցենզավորված գործունեության մոնիտորինգի և ներդրումային ծրագրերի վարչության պետ Աբգար Բուդաղյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ամեն տարի ընկերությունն իր գործունեության վերաբերյալ տեղեկանք է հրապարակում: Ներկայումս հանձնաժողովը քննարկում է ՀԷՑ-ի 2012 թ. փաստացի իրականացված ներդրումային ծրագիրը, հաջորդ տարի մայիսի սկզբին կամփոփվի ընկերության ֆինանսական ծրագիրը, ապա կսկսվի դրա բովանդակային քննարկումը:
«Չի կարելի ասել, որ այստեղ լուրջ խնդիր ունենք: Մեխանիզմը ներդրված է, այս տարվա հունվարի 1-ից 21 հազար բաժանորդ փոխհատուցում է ստացել ՀԷՑ-ից՝ հիմնականում լարման շեղումների պատճառով»,- ասաց Ա.Բուդաղյանը՝ նկատելով, որ ընկերությունն ինքն էլ շահագրգռված է գործունեությունը բարելավելու առումով, որպեսզի խուսափի այդ տուգանքներից:
Ըստ Ա.Բուդաղյանի՝ ներդրումային ծրագիրը չի ենթադրում, որ այն ամբողջությամբ կկատարվի, իսկ սակագնի մեջ մտնում են միայն փաստացի կատարված ներդրումները:
Մեր դիտարկմանը, որ ՀԷՑ-ի կատարած ներդրումները «կարծես չեն երևում», համակարգը ժամանակի ընթացքում խարխլվում է, ՀԾԿՀ վարչության պետը պատասխանեց, որ Հայաստանում առկա գրեթե բոլոր ենթակառուցվածքները ժառանգություն են մնացել խորհրդային տարիներից, և, բնականաբար, դրանց մաշվածության տոկոսը հետզհետե մեծանում է, իսկ ամբողջ բաշխիչ ցանցը միանգամից փոխարինելը, արդիականացնելը լուրջ բեռ է թե՛ սակագնի վրա, թե՛ ընկերության: Ըստ նրա՝ այդ իսկ պատճառով ընկերությունը փորձում է փուլ առ փուլ լուծել խնդիրները:
«Ցանցերի մաշվածությունն այնպես չի, որ գոնե միջին մակարդակում է գտնվում, դա միջինից բարձր տոկոս է կազմում: Բաշխիչ ցանցերը բարդ համակարգ է, որ պետք է անընդհատ զարգանա: Ամեն դեպքում՝ առաջընթացի միտում կա, համեմատեք ինքներդ, թե ի՞նչ ունեինք նախկինում և ի՞նչ ունենք այսօր. հուսալիության բարձրացում, անջատումների նվազում, ցանցի կյանքի տևողության աճ, և այլն: Բայց սա չի կարելի համարել ավարտական փուլ, սա քայլ էր առաջ, և այս նոր ծրագիրն էլ քայլ է առաջ, բայց նպատակների գագաթնակետը չի»,- նշեց Ա.Բուդաղյանը: