Այս իրավիճակից դուրս գալը պահանջում է արմատական փոփոխություն. ԹԻ հակակոռուպցիոն կենտրոն
10 տարի առաջ, 2003 թվականի դեկտեմբերի 9-ին Մեքսիկայի Մերիդա քաղաքում հատուկ այդ առիթով կազմակերպված բարձր մակարդակի համաժողովին մի շարք երկրներ ստորագրեցին ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիան (ուժի մեջ մտավ 2005 թ. դեկտեմբերին), որը մինչ այդ, նույն տարվա հոկտեմբերի 31-ին ընդունվել էր ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից: Այսպիսով, դեկտեմբերի 9-ը հռչակվեց Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր:
Անցած տասնամյակի գլխավոր նվաճումը կարելի է համարել թերևս այն, որ, եթե նախկինում կոռուպցիայի հիմնախնդրի մասին խոսում էին շշուկով և հանրության ճնշող մեծամասնությունը միայն մոտավոր պատկերացում ուներ այդ չարիքի և դրա հետևանքների մասին, ապա այժմ այդ հիմնախնդիրը բոլորի ուշադրության կենտրոնում է: Ներկայումս մարդկությունը հստակ ընկալում է, որ կոռուպցիան տնտեսական զարգացման գլխավոր խոչընդոտներից է: Նրա բարձր մակարդակը խթանում է աղքատությունը, բյուջեի թալանը զրկում է մարդկանց որակյալ կրթություն և բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից: Վերջապես, պետության զավթումը օլիգարխիկ կլանների կողմից և քաղաքական կոռուպցիան, մանավանդ, ընտրական գործընթացներում, զրկում են մարդկանց ապագայի նկատմամբ հավատից և, կազմալուծելով ժողովրդավարության ինստիտուտները, թուլացնում են պետությունը` սպառնալով պետականության կորստով:
Հետաքրքիր զուգադիպությամբ 10 տարի առաջ այս նույն օրերին (դեկտեմբերի 20-ին) ուժի մեջ մտավ Հայաստանի առաջին հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը: Վեց տարի անց, հենց նույն օրերին ընդունվեց նաև ՀՀ հակակոռուպցիոն երկրորդ ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը: Բնական հարց է առաջանում, թե ինչ փոխվեց այս տարիների ընթացքում, ինչպիսի ձեռքբերումներով և կորուստներով ենք ունեցել և ուր ենք գնում:
Ինչպես և ողջ աշխարհում, Հայաստանում նույնպես հասարակությունը շատ ավելի լավ է իրազեկված կոռուպցիայի երևույթի մասին, քան տասը տարի առաջ: Հակակոռուպցիոն երկու ծրագրերի միջոցառումների (2003-2007 թթ. և 2009-2012 թթ.) իրականացման ընթացքում ընդունվեցին մի շարք օրենքներ և այլ իրավական ակտեր, որոնք ունեն զգալի հակակոռուպցիոն կանխարգելիչ պոտենցիալ: Քաղաքացիներն ավելի ակտիվ են օգտվում տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքից: Քաղաքացիական տարբեր նախաձեռնություններ և շարժումներ ավելի ու ավելի հաճախ են իրենց բարձրացրած հիմնահարցերում տեսնում կոռուպցիոն բաղադրիչի առկայությունը: Շնորհիվ գույքի և եկամուտների հայտարարագրման ավելի մեծ թափանցիկության՝ հանրությունն ավելի հաճախ է սկսել բարձրացնել մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց մեծ չափերի հասնող ունեցվածքի խնդիրը: Վերջապես, վերջին տարիներին մենք ականատես եղանք նաև կոռուպցիոն մեղադրանքների հիման վրա մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությանը:
Դժբախտաբար, ավելի մեծ է ձախողումների և չօգտագործված հնարավորությունների ցուցակը: Շարունակում է ցածր մնալ Թրանսփարենսի Ինթերնեշնլի (ԹԻ) Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) Հայաստանի ցուցանիշը: Այս տարի այն հավասար էր 36-ի և Հայաստանը այս տարվա ԿԸՀ դասակարգման աղյուսակում ընդգրկված 177 երկրների շարքում կիսում էր 94-101 տեղերը: Եվ եթե այն ԱՊՀ անդամ երկրների թվում լավագույն ցուցանիշն է, ապա Եվրամիության երկրների հետ համեմատելիս ՀՀ-ն զիջում է նույնիսկ Միության անդամներից ԿԸՀ ամենացածր ցուցանիշ ունեցող Հունաստանին (40) : Այս համատեքստում խիստ կասկածելի է, որ եվրասիական ինտեգրումը նախընտրած Հայաստանը ապագայում կարձանագրի լուրջ հաջողություններ կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ:
Հայաստանը շարունակում է զիջել նաև իր հարևան Վրաստանին (ԿԸՀ 2013 թ. ցուցանիշը`49, դասակարգման աղյուսակում կիսում է 55-56 տեղերը), այնինչ 10 տարի առաջ՝ 2003թ.-ին Հայաստանը զգալիորեն առաջ էր Վրաստանից: Իր ԿԸՀ 3.0 ցուցանիշով Հայաստանն այն ժամանակ ԿԸՀ դասակարգման աղյուսակում 133 երկրների շարքում կիսում էր 78-82 տեղերը, իսկ Վրաստանն իր ԿԸՀ 1.8 ցուցանիշով կիսում էր 124-128 տեղերը: Հարկ է նաև նշել, որ 2003-2011 թթ. ՀՀ ԿԸՀ ցուցանիշի դինամիկան ունեցել է նվազման միտում՝ 2003-2008 թթ. մնալով նույնը՝ 3.0, սկսած 2008թ.-ից այն դանդաղորեն նվազել է ՝ հասնելով իր նվազագույն արժեքին (2.6) 2010-2011 թվականներին:
ԹԻ-ի մեկ այլ՝ Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի այս տարվա տվյալները ցույց են տալիս, որ շարքային քաղաքացիների ընկալումները և կարծիքները Հայաստանում կոռուպցիայի իրավիճակի վերաբերյալ նախորդ տարիների համեմատ նույնպես էական փոփոխությունների չեն ենթարկվել: Հարցվածների 43 տոկոսը գտնում է, որ կոռուպցիան Հայաստանում վերջին երկու տարիներին աճել է և միայն 19 տոկոսի կարծիքով այն նվազել է: Երկրի իշխանությունների գործունեությունն՝ ուղղված կոռուպցիան նվազեցնելուն ոչ արդյունավետ է գնահատել հարցվածների 53 տոկոսը, իսկ արդյունավետ է գնահատել միայն 21 տոկոսը: Հարցվածների 69 տոկոսը դատական համակարգն ընկալում է որպես ծայրահեղ կոռումպացված կամ կոռումպացված, 66 տոկոսը այդպիսին է համարում ոստիկանությունը: Սակայն առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ, ըստ հարցման արդյունքների, քաղաքացիները չեն ցանկանում ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարում և շատ քիչ են հավատում, որ իրենք ինչ-որ դեր ունեն այդ պայքարում: Այդ ցուցանիշներով Հայաստանը հարցման մեջ ներգրավված 107 երկրների շարքում զբաղեցնում է վերջին տեղերը: Մասնավորապես՝ որևէ ձևով կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավվել ցանկացել է հարցվածների ընդամենը 43 տոկոսը, որը 107 երկրների մեջ ամենացածր ցուցանիշն է: Միջազգային այլ կազմակերպությունների ուսումնասիրությունները նույնպես լուրջ առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում չեն արձանագրել:
Ամփոփելով վերն ասվածը՝ կարելի է արձանագրել, որ անցած տասնամյակը Հայաստանի համար չդարձավ լուրջ ձեռքբերումների տասնամյակ, և չարձանագրվեցին որակական լուրջ դրական փոփոխություններ կոռուպցիայի նվազեցման ուղղությամբ: Իսկ դա նշանակում է, որ կոռուպցիայի խորքային պատճառները, որոնց մասին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը բազմիցս նշել է իր հայտարարություններում, այդպես էլ չեն հաղթահարվել և իշխանությունների մոտ շարունակում է բացակայել դրանք հաղթահարելու քաղաքական կամքը, իսկ բնակչության անտարբերությունը և հանդուրժողականությունը հասել է ահագնացող չափերի: Այս իրավիճակից դուրս գալը պահանջում է առկա քաղաքական և տնտեսական համակարգերի արմատական փոփոխություն, որին կարելի կլինի հասնել միայն հասարակության ակտիվ պայքարի արդյունքում: