Երեկվա ակցիայի պատասխանատուն Կենտրոնի ոստիկանության ծառայության գծով տեղակալ Վարդան Գևորգյանն էր (լուսանկար)
Երեկ ընդդեմ Մաքսային միության ակցիա իրականացրած ակտիվիստները այսօր Ազատության հրապարակում ասուլիս են հրավիրել, որտեղ հայտարարեցին, որ իրենց ակցիայի մասին իրենք տեղյակ են պահել Երևանի քաղաքապետարանին:
Ակցիայի մասնակից Հրայր Մանուկյանն ասաց, որ դեկտեմբերի 2-ին, առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանությանը տեղեկացրել են իրենց շտապ հավաքի մասին. «Նրանք պարտավորվեցին ապահովել մեր անվտանգությունն ու երթի բնականոն ընթացքը: Ավելին, մենք ունենք այդ թուղթը, որտեղ ֆիքսված է, որ նրանք ստացել են մեր իրազեկումը: Ոստիկանության ներկայացուցիչը գրել է՝ «ստացա» և ստորագրել է և նշել ամսաթիվը»,- ասաց ակտիվիստը:
Նրա խոսքով՝ դրանից մետ կես ժամ անց իրեն զանգահարել են ոստիկանությունից և ասել, որ երթի բնականոն ընթացքի պատասխանատուն Կենտրոնի ոստիկանության ծառայության գծով տեղակալ Վարդան Գևորգյանն է, տրամադրել է նրա բջջային և քաղաքային հեռախոսահամարները: «Սակայն ես շատ զարմացա, երբ այստեղ արդեն Օսիպյանը (խոսքը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի մասին է.- Օ. Հ.) եկել էր և ինչ-որ հայտարարություններ էր անում այն մասին, թե երթն անօրինական է: Ես մոտեցա նրան և ասացի՝ Դուք չեք մեր պատասխանատուն: Մեր պատասխանատուն Վարդան Գևորգյանն է, նա ընդամենը ասում էր իր պաշտոնը: Ես փորձեցի զանգել այն հեռախոսահամարով, որն ինձ տվել էին: Մի քանի անգամ զանգել եմ: Եթե հիշողությունս չի դավաճանում, ընդամենը մեկ անգամ իմ զանգից հետո ինքը վերցրեց հեռախոսի համարը, և երբ ես ասացի՝ Գևորգյանի՞ հետ եմ խոսում, անմիջապես անջատեց: Մենք չհասկացանք, թե մեր պատասխանատուն որտեղ է: Այդպես էլ չկարողացանք իրեն գտնել»,- ասաց Հրայր Մանուկյանը:
Հիշեցնենք, որ երեկ Երևանի տաևբեր փողոցներում ակտիվիստներն ակցիա են իրականացրել Մաքսային միությանը անդամակցելու դեմ: Փողոցներում բախումների արդյունքում, ըստ ոստիկանության հաղորդագրության, Երևանի ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման է ենթարկվել շուրջ 110 քաղաքացի: