Ինչ է տեղի ունենում թիվ 71 դպրոցի 6բ դասարանում. ներկայացնում են ծնողները

«Նելսոն Ստեփանյանի» անվան թիվ 71 դպրոցի 6բ դասարանի աշակերտները դասի չեն գնա այնքան ժամանակ,  մինչև չապահովվի նրանց անվտանգությունը: Այս մասին այսօր 6բ դասարանի աշակերտների մի քանի ծնողներ հայտարարեցին լրագրողների հանդիպման ընթացքում: Երեխաներից մեկի հայրը՝ Հովհաննես Ուստայանը, ասաց, որ սեպտեմբերից դասարան է եկել Հարություն Ղազարյանը, ով չի ինտեգրվել դասարանում: Ծնողի ներկայացմամբ՝ դասարան գալուց հետո Հովհաննես Ղազարյանը ցանակացել է մյուս երեխաներին թելադրել իր պահելաձևը, կամքը և առանձին-առանձին կոնֆլիկտներ է ունեցել դասարանի երեխաների հետ: Արդյունքում, Հովհաննես Ուստայանի խոսքով՝ դասարանի երեխաներից մեկը ստացել է քթի կոտրվածք, մեկը՝ աչքի շրջանում վնասվածք: Այժմ նրա խոսքով, կատարվածով զբաղվում է ոստիկանությունը: Հովհաննես Ուստայանի ներկայացմամբ՝ խնդիրը քննարկվել է ծնողական ժողովում, դպրոցի տնօրինության հետ, սակայն երեխայի հայրը ժողովից հետո խրախուսել է նրան՝ ասելով. «Ապրես տղաս, համբուրում է ճակատը և ասում է այդպես էլ շարունակի, դու ճիշտ ես»:

Երեխաներից մեկի մայրը՝ Աննա Փարսադանյանն ասաց, որ իր կարծիքով՝ խնդիրը Հարություն Ղազարայնի ծնողների մեջ է և ինքը նրանց դիրքորոշումը չի հասկանում: Լրագրողները ծնողներից հետաքրքրվեցին՝ ինչ խորհուրդ են տվել խնողներն իրեց երեխաներին այն ժամանակ, երբ իմացել են կատարվածի մասին: Հայկ Մարգարյանն ասաց, որ երեխաներին առաջի իսկ օրվանից խնդրել են «մերվել» նոր աշակերտների հետ, սակայն  ոչինչ չի ստացվել: «Հիմա մենք վախենում ենք, որ մեր երեխաները կարող է՝ չափից դուրս գան: Եթե նա ստուգողականին նստած մաթեմատիկայի ստուգողականին կողքի աշակերտին ասում է, որ եթե դու ինձ չօգնես, գլուխդ կջարդեմ… Ինչպե՞ս մենք վերաբերվենք դրան: Ինչպե՞ս ես կարող եմ իմ երեխային ուղարկեմ դպրոց»,- ասաց նա:

Ծնողների խոսքով՝ իրենք Հարություն Ղազարյանի ծնողներին առաջարկել են նրան տեղափոխել այլ դասարան, սակայն նրանք չեն համաձայնել: Ծնողները նշեցին, որ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության հանրակրթության բաժնի պետ Անահիտ Մելքոնյանը հանդիպում է ունեցել 6բ դասարանի աշակերտների հետ: «Զրույցի վերջում տիկին Մելքոնյանն առաջարկեց, որպեսզի այն, ինչ կատարվել է, ջնջվի և ամեն ինչ սկսվի զրոյից: Երեխաներից մեկը մտել է դասարան,Մելքոնյանի առաջարկով և ասել է. «Հարություն, եկ մոռանանք ամեն ինչ, մենք մոռանում ենք, ներում ենք այն, ինչ-որ կատարվել է և սկսենք զրոյից հարաբերությունները: Տղան ինչ է ասում: Ասում է՝ իսկ ես ձեր ներողության կարիքը չեմ զգում: Ես ինչ եմ արել, որ դուք ինձ ներում եք,- պատմեց Հովհաննես Ուստայանը:

Նշենք, որ լրագրողների հետ հանդիպմանը ներկա չէին Հարություն Ղազարյանի ծնողները: Լրագրողների հանդիպմանը ներկա ծնողներն ասացին, որ եթե նույն վայրում լինեի նաև Հարություն Ղազարյանի ծնողները, ապա ասուլիսը կվերածվեր «շուկայի»: Հարություն Ղազարյանի հարազատների տեսակետը ներկայացնելու համար մեջբերեք երեխայի եղբոր՝ Մակար Ղազարյանի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին ուղղված նամակից մի հատված: Նամակում նա նշել է, որ իր եղբայրը ամուր և արդարամիտ բնավորության տեր է և չէր կարող հանդուրժել իր կամ որևէ ուրիշ աշակերտի նկատմամբ իշխող վերաբերմունք: Այդ պատճառով էլ, ըստ Մակար Ղազարյանի, նա դարձել է ծնողական կոալիցիայի «աչքի փուշը»: Ներկայացնելով գրանցված միջադեպերից մեկը՝ Հարություն Ղազարյանի եղբայրը նշել է, որ եղբայրը վատ տեսողություն ունի և դասամիջոցին խնդրել է դասվարին առջևի թափուր նստարանին նստել: Տղայի եղբոր ներկայացմամբ՝ նրա առջև նստած տղաներից մեկը, հրամայական կերպով ասել է եղբորը, որ դուրս գա այդտեղից, որովհետև «ըտեղ պիտի իրանց ախպերը նստի»: Այս ամենը, Մակար Ղազարյանի ներկայացմամբ, վերածվել է լեզվակռվի, ձեռնամարտի ու հրմշտոցի, որին միացել են ևս երկու հոգի ընկերներից  ու սկսել երեքով հարվածներ հասցնել Հարություն Ղազարյանին: Մեկ այլ երեխա, ըստ նրա, սկսել է խոչընդոտել եղբոր ձեռնարկած պաշտպանական միջոցները:

Իր նամակում Մակար Ղազարյանը ներկայացրել է մեկ այլ դրվագ: Ըստ նրա՝  երգեցողության դասաժամի ավարտին իր եղբայրը նկատել է, որ հակառակորդ թիմին կես միավոր ուսուցիչը սխալմամբ ավել է հաշվել: Եղբոր ներկայացմամբ՝ երբ Հարությունն այդ մասին ասել է ուսուցչին, տղաներից մեկը նրան հակադարձել է, թե «հիմա քեզնից կես բալ կհանեմ»: Ըստ Մակար Ղազարյանի՝ կրկին դա վերածվել է լեզվակռվի, քիչ անց նույն տղան հարձակվել է եղբոր վրա՝ փորձելով խեղդել և գցել գետնին: Նամակում Հովհաննես Ղազարյանի եղբայրը նշել է, որ ուսուցիչը մի կերպ բաժանել է նրանց, սակայն, վեճը չի դադարել: Տղան, ըստ նամակի, սեռական բնույթի հայհոյանք է հասցրել իր եղբորը, դասարանի և ուսուցչի ներկայությամբ հարձակվել նրա վրա: Մակար Ղազարյանի ներկայացմամբ՝ նրանից պաշտպանվելու համար եղբայրը ձեռքով հարվածել է նրան, ինչի արդյունքում այս տղայի քիթն արյունոտվում է: «Հաջորդ օրը դասարան է ներխուժում այդ տղայի մայրը և բղավելով ասում, թե գիտի արդյոք եղբայրս, որ իր տղայի քիթը… կոտրվել է»,- ասված է նամակում:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, սակայն, ծնողները հերքեցին նամակում նշված այդ տեղեկությունները: Հովհաննես Ուստայանն ասաց, որ երեխայի քիթն իրոք կոտրվել է, ինչն ապացուցում է նաև համապատասխան բժշկական փաստաթուղթը:

Տեսանյութեր

Լրահոս