Բաժիններ՝

Լուծարվում են ապօրինի խորքային հորերը և ձկնաբուծարանները

Արարատի մարզում, արդեն մեկ ամիս է, սկսել են փակվել ապօրինի գործող ձկնաբուծարանները և խորքային հորերը: Ըստ մեր տեղեկությունների՝ այս գործընթացը հետևողական և շարունակական է լինելու: 168.am-ի հետ զրույցում ՀՀ բնապահպանական պետական տեսչության Արարատի տարածքային բաժնի պետ Քաջիկ Սարգսյանն ասաց. «Այս պահին լուծարված են «Աշոտ Հովհաննիսյան»՝ անհատ ձեռներեցներին պատկանող ձկնաբուծարանի հորը, «Մովսես Հարոյան»  ձկնաբուծարանի հորը, Ռանչպար համայնքի մեկ խորքային հոր, Հովտաշատ համայնքում մեկ տիրազուրկ հոր:

Տվյալ պահին լուծարվում է հոր «Ռոյալ Պարադիս» ՍՊԸ-ում, մեկ էլ՝ «Արսեն Պետրոսյան» ՍՊԸ-ում է այս պահին լուծարման աշխատանքներ գնում: Ցանկ ունենք՝ տնտեսվարողների հետ համաձայնեցված, մի շաբաթվա, տասը օրվա ընթացքում աշխատանքներն ինտենսիվ կատարվելու են՝ ապօրինի հորերի լուծարման հետ կապված»: Քաջիկ Սարգսյանի խոսքով՝  հորատանցքերը փակող մեքենաների խնդիր կա. երբ դրանք երկու հորերում կավարտեն աշխատանքները, անմիջապես հաջորդ օրը մեքենաները կտեղափոխվեն այլ տնտեսություններ:

Քաջիկ Սարգսյանը նշեց, որ փակվում են միայն անօրինական հորերը, իսկ այն ընկերությունները, որոնք ջրի օգտագործման թույլտվություն ունեն, խնդիրներ չեն ունենում: Տեսչությունում, նրա խոսքով, կազմված է փակման ենթակա հորերի ցանկը: Ք. Սարգսյանի խոսքով՝ ցանկից դուրս են գալիս այն ընկերությունները, որոնք ապացուցում են, որ ունեցել են օգտագործման օրինական թույլտվություն:
Դեռևս պարզ չէ, թե ե՞րբ կավարտվեն ապօրինի հորերի փակման աշխատանքները:

Մեր տեղեկություններով՝ արդեն իսկ լուծարվել է նաև «Մխչյան Ֆիշ» ՍՊԸ-ի ձկնաբուծարանի խորքային հորը, որը պատկանում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին, մասնավորապես՝ նրա եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին: Ընկերությունը գրանցված է Մխչյան գյուղում և հովանավորվում է Հովիկ Աբրահամյանի կողմից: Հիշեցնենք, որ այս ընկերությունը նաև Հայաստան ձկան կեր ներկրող ամենախոշոր տնտեսվարող սուբյեկտներից մեկն է: «Սագատի Ֆիշ» և «Մխչյան Ֆիշ» ՍՊԸ-ները գրավում են ՀՀ-ում ձկան կերի շուկայի 80%-ը:

Նույն աղբյուրների հավաստմամբ՝ նաև փակվում են Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերության ձկնաբուծարանի խորքային հորը, Գագիկ Ծառուկյանին պատկանող «Էկո ֆիշ» ընկերությանը պատկանող ձկնաբուծարանը և հորը, ինչպես նաև՝ «Էմի ֆիշ» ընկերության հորը: Ի դեպ, «Ռոյալ Պարադիս» ՍՊԸ-ին պատկանող ձկնաբուծարանի և խորքային հորի իրական տերը, ըստ մեր տեղեկությունների, Հովտաշատ համայնքի ղեկավար Հովիկ Թադևոսյանն է, հորը, սակայն, գրանցված է այլ մարդու անունով:

ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս