Երևանի քաղաքապետարանը՝ թիվ 71-րդ դպրոցում ստեղծված իրավիճակի մասին
Երեւանի քաղաքապետարանն արձագանքել է իր ենթակայության ներքո գտնվող, Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի 6-րդ «բ» դասարանում ստեղծված իրավիճակին:
Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը տեղեկացրել է, որ իրադրությանը ծանոթանալու նպատակով՝ վարչության պետի հանձնարարությամբ վարչության աշխատակիցը այցելել է դպրոց, հանդիպել ծնողների, այդ դասարանում դասավանդող ուսուցիչների, ինչպես նաեւ աշակերտների հետ: Համագործակցության շրջանակում ներկա են եղել նաեւ անչափահասների գործերով տվյալ ստորաբաժանման աշխատակիցներ, ինպես նաեւ Հայաստանում մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչը:
Լսելով կողմերին, ծանոթանալով առկա իրավիճակին՝ այն շտկելու ուղղությամբ արվել են մի քանի առաջարկություններ, որոնք կնպաստեն իրավիճակի հարթեցմանը եւ դասարանում բարոյահոգեբանական մթնոլորտի կարգավորմանը:
«Ողջունելով ծնող-դպրոց համագործակցությունը՝ ավելորդ չենք համարում եւս մեկ անգամ հորդորել ծնողներին՝ վստահել դպրոցին եւ մանկավարժական կոլեկտիվին եւ անհարկի չմիջամտել իրենց երեխաների դպրոցական կյանքին, որպեսզի երեխաները շարունակեն իրենց ուսումնառությունը համերաշխ մթնոլորտում»,-հայտնեցին քաղաքապետարանից:
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ Երեւանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցում վախի մթնոլորտ է եւ լարված իրավիճակ։ Երեկ դպրոցի 6բ դասարանի աշակերտների ծնողները հրաժարվել էին իրենց երեխաներին տանել դպրոց՝ դասադուլ հայտարարելով։ Պատճառն այն է, որ աշակերտներից մեկը մշտապես ծեծի է ենթարկում դպրոցականներին։
Դպրոցի տնօրեն Գայան Դեմիրյանն էլ «Ժողովուրդի» հետ զրույցում ասել է, որ այս ընթացքում փորձել է հնարավոր ամեն ինչ անել՝ դասարանում իրավիճակը հարթելու համար. «Զրուցել եմ դասարանի աշակերտների, Հարությունի ծնողների հետ, բայց ոչ մի արդյունքի չենք հասել։ Հարությունի ծնողները գալիս են, մեծ կռիվ են սարքում, չենք կարողանում ընդհանուր հայտարարի գալ։ Առաջարկել եմ երեխային տեղափոխել մեկ այլ դասարան, բայց ծնողներն ասում են, որ մեր երեխան պետք է մնա այս դասարանում և վերջ»,- իրավիճակը ներկայացրել է Գ. Դեմիրյանը: