«Ժողովուրդ». Աղմկալի միջադեպ Երևանի թիվ 71 դպրոցի 6 բ դասարանում
«Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում անդրադարձել է դպրոցներից մեկում տիրող մթնոլորտին: «Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցում վախի մթնոլորտ է և լարված իրավիճակ։ Երեկ դպրոցի 6բ դասարանի աշակերտների ծնողները հրաժարվել էին իրենց երեխաներին տանել դպրոց՝ դասադուլ հայտարարելով։ Պատճառն այն է, որ աշակերտներից մեկը մշտապես ծեծի է ենթարկում դպրոցականներին։
Երեկ «Ժողովուրդի» խմբագրություն էր ահազանգել դպրոցի աշակերտներից մեկի ծնողը՝ տեղեկացնելով, որ դպրոցի 6բ դասարանում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել։ Ըստ նրա՝ աշակերտներից մեկը՝ Հարություն Ղազարյանը, դասարանի գրեթե բոլոր տղաների հետ կոնֆլիկտ ունի, ու բանը հասել է անգամ ծեծկռտուքին ու հայհոյանքներին։
Պարզելու համար, թե ի՞նչ է տեղի ունենում, թերթի թղթակիցն այցելել է թիվ 71 դպրոց։ Երբ հարցուփորձ է արել, թե որտե՞ղ է գտնվում 6բ դասարանը, աշակերտներն ասել են, որ 6բ դասարանի դուռը փակ է, քանի որ աշակերտներից ոչ ոք չի եկել դասի։
«Ժողովուրդը» գնացել է տնօրեն Գայանե Դեմիրյանի աշխատասենյակ, որտեղ հավաքվել էին 6բ դասարանի աշակերտների հայրիկները՝ տնօրենից պահանջելով կտրուկ քայլերի դիմել։ «ժոդովուրդի» հետ զրույցում աշակերտներից Միքայել Բեջանյանի հայրը՝ Սերոբ Բեջանյանը, պատմել է, որ օրեր առաջ դասարանում լուրջ վեճ է տեղի ունեցել. «Տարբեր թեմաների շուրջ, թե արա՛, չկոտրվա՞ք, մեկ է՝ ղզիկ ես, և նման այլ բաներ։ Սեպտեմբերին երեխաներից մեկի աչքին էր խփել, աշակերտը ծանր վնասվածք էր ստացել։ Ոստիկանություն չդիմեցինք, որպեսզի դպրոցի անունը չվարկաբեկենք՝ մտածելով, թե կանցնի կգնա, բայց այս երեխան լիդերություն է հաստատում ու շարունակում է հայհոյանքները, ընդհարումները։ Օրերս էլ դասարանի աշակերտներից Ավետիքի հետ կռիվ է արել, տվել Ավետիքի քիթը կոտրել է, երեխային վիրահատել են, և դեռ երկու տարի հետո էլ, ըստ բժիշկների, վիրահատության անհրաժեշտություն կա»։
Դպրոցի տնօրեն Գայան Դեմիրյանն էլ «Ժողովուրդի» հետ զրույցում ասել է, որ այս ընթացքում փորձել է հնարավոր ամեն ինչ անել՝ դասարանում իրավիճակը հարթելու համար. «Զրուցել եմ դասարանի աշակերտների, Հարությունի ծնողների հետ, բայց ոչ մի արդյունքի չենք հասել։ Հարությունի ծնողները գալիս են, մեծ կռիվ են սարքում, չենք կարողանում ընդհանուր հայտարարի գալ։ Առաջարկել եմ երեխային տեղափոխել մեկ այլ դասարան, բայց ծնողներն ասում են, որ մեր երեխան պետք է մնա այս դասարանում և վերջ»,- իրավիճակը ներկայացրել է Գ. Դեմիրյանը՝ հավելելով, որ իրավիճակը փրկելու համար դպրոց է հրավիրել անգամ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետ Անահիտ Մելքոնյանին։
Վերջինս երեկ դպրոց է եկել հենց այն պահին, երբ աշակերտների հայրիկները հավաքվել էին տնօրենի առանձնասենյակում՝ խնդրին լուծում տալու վճռականությամբ։ Նրանք Ա. Մելքոնյանին հանձնել են իրենց դիմումը և ներկայացրալ իրավիճակը։ Տիկին Մելքոնյաևը պահանջել է, որ տնօրենը դպրոց հրավիրի նաև Հարությունի ծնողներին։
Ավելի ուշ եկել է նաև Հարությունի հայրը՝ Հովսեփ Ղազարյանը մյուս որդու՝ Մակարի հետ։ Նա էլ իր հերթին էր դիմում պատրաստել, որտեղ պատմում էր կատարվածի մանրամասները, սակայն Հարությունի եղբայրն ամեն պահի արգելում էր հորը որևէ բան խոսել ծնողների հետ. «Պա՛պ, ոչինչ մի՛ ասա, թող ծանոթանան դիմումին և վերջ»։ Ավելի ուշ Ա. Մելքոնյանը և Հարությունի հայրն առանձնազրույց են ունեցել, ինչից հետո տնօրենի աշխատասենյակ է եկել ծեծկռտուքների կիզակետում հայտնված Հարությունը և ասել, թե ինքն ամեն ինչ արել է աշակերտների հետ ընդհանուր լեզու գտնելու համար, սակայն ոչինչ չի ստացվել, դրանից էլ բախումներ են ծնվել»։
Առավել մանրամասն կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում