«Ժնև 2»-ում խոսք չի կարող գնալ անցումային կառավարության ստեղծման մասին. Օմրան ալ-Զոուբի
Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ալ-Զոուբին հայտարարել է, որ «Ժնև 2» միջազգային կոնֆերանսը պետք է հանդիսանա Սիրիական հակամարտության կարգավորման քաղաքական գործընթաց և ոչ թե երկրում իշխանափոխություն անելու միջոցառում:
Երեկ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Սաուդ ալ-Ֆեյսալը հերթական անգամ հայտնել են իրենց երկրների դիրքորոշումը, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չպետք է որևէ դեր խաղա Սիրիայի համար անցումային ժամանակաշրջանում՝ «Ժնև 1» կոնֆերանսին համապատասխան:
Սիրիայի տեղեկատվության նախարարը դատապարտել է այդ հայտարարությունը՝ ընդգծելով, որ «Ժնև 2»-ը չի նախատեսում անցումային ղեկավար մարմնի ձևավորում: Զոուբին հավելել է, որ հակառակ կարծիքն ունեցողները պետք է վերստին ընթերցեն Ժնևյան կոմյունիկեն կամ էլ ընդհանրապես չպետք է ժամանեն Ժնև:
Զոուբիի խոսքերով՝ Սաուդյան Արաբիաի արտաքին քաղաքականությունը ձախողվելու է և նրան կանգնեցնելու է փակուղու առջև. «Միայն Սիրիայի ժողովուրդը կարող է որոշել երկրի ապագան: Սիրիան քաղաքակրթությունների բնօրան է, և հենց դրա համար էլ չի կարելի այն հանձնել նրանց ձեռքը, ովքեր չեն հասկանում, թե ինչ է քաղաքակրթությունը, մարդկությունը, ազատությունը, ժողովրդավարությունը»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ժնև 2» կոնֆերանսը տեղի է ունենալու նոյեմբերի վերջերին: