Թուրքիայում ատոմակայաններ կառուցելու համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել օրենսդրությունում
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիայում ատոմակայաններ կառուցելու համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել երկրի համապատասխան օրենսդրությունում:
Յըլդըզը մանրամասնել է, որ խոսքը գնում է վթարների դեպքում վնասի փոխհատուցման չափի հստակեցման մասին: Յըլդըզի խոսքերով՝ նախարարությունը դիմել է երկրի խորհրդարանին՝ կապված օրենսդրությունում հավելումներ կատարելու հարցի դիտարկման հետ:
Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը հայտնել է, որ մինչև 2035 թվականը աշխարհում 58 տոկոսով աճելու է էլեկտրաէներգիայի արտադրության մեջ ատոմային էներգիայի մասնաբաժինը: Ներկայումս աշխարհում գոյություն ունի 437 միջուկային ռեակտոր: Բացի այդ, 14 երկրում կառուցվում է ևս 68 ռեակտոր: Մինչև 2030 թվականը պլանավորված է կառուցել 164 միջուկային ռեակտոր:
Աշխարհում ամենաշատ ատոմակայաններն ունի ԱՄՆ-ը՝ 104 հատ, սակայն էլեկտրաէներգիայի արտադրության մեջ ատոմային էներգիայի մասնաբաժնի հարցում առաջատարը Ֆրանսիան է՝ 78 տոկոս: Թուրքիան պլանավորել է մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրամի 100-ամյակը) կառուցել երեք ատոմակայան, որոնցից առաջին երկուսը միջերկրածովյան Աքքույու և սևծովյան Սինոպ վայրերում:
Թուրքիան երկրում սպառվող բնական գազի 98, նավթի 92 և ածխի 30 տոկոսը ներկրում է արտերկրից: Էլեկտրաէներգիայի պահանջի աճի ցուցանիշով Թուրքիան Եվրոպայում գրավում է առաջին, իսկ աշխարհում՝ երկրորդ տեղը՝ Չինաստանից հետո: Ներկայումս Թուրքիայում գազի մասնաբաժինն էլեկտրաէներգիայի արտադրության մեջ կազմում է 43 տոկոս:
Թուրքիան պլանավորել է մինչև 2023 թվականն այն նվազեցնել մինչև 30 տոկոսի, իսկ այլընտրանքային էներգիայի մասնաբաշինը մեծացնել մինչև 30 տոկոսի: Ընդգծվում է, որ Աքքույուի ու Սինոպի ատոմակայանների շահագործման հանձնելը երկրին հնարավորություն կտա հրաժարվել տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր գազ ներկրելուց և դրանով իսկ տարեկան տնտեսել ավելի քան 7 միլիարդ դոլար: