«Այս պահին ԼՂՀ անկախության ճանաչումը որևէ օգուտ չի բերի»

Հոկտեմբերի 18-ին ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը, որը մերժվեց: Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ:

– Պարոն Արզումանյան, ինչո՞վ էր պայմանավորված Ձեր դիրքորոշումը, ինչո՞ւ դեմ քվեարկեցիք, և ինչո՞ւ այժմ նպատակահարմար չէ ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը:

– Այստեղ կան մի քանի հանգամանքներ: Ճիշտն ասած` մենք քննարկել ենք այս հարցը: Երբ մենք 2012-ին ընդհանուր ցուցակով «Ժառանգության» հետ նախապատրաստվում էինք խորհրդարանական ընտրություններին, մեր նախընտրական ծրագրում` «Նոր Հայաստան», «Ժառանգության» մոտեցումն այն էր, որ շարունակելու են օրակարգում առաջ քաշել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցը:

Սակայն, քանի որ, մեր կարծիքով` այս պահին նպատակահարմար չէ ճանաչելը, որովհետև դա կխոչընդոտի բանակցային գործընթացին, եկանք այնպիսի ձևակերպումների, որ ճանաչման համար ամեն ինչ պետք է արվի, բայց այդ գործողությունները հիմնականում պետք է ուղղված լինեն միջազգային ճանաչմանը: Եվ մենք գտանք ձևակերպում, որն ընդունելի էր թե՛ մեզ համար, թե՛ «Ժառանգություն»: Այնպես որ, նախընտրական խոստում «Ժառանգության» խմբակցությունը չի տվել, բայց, անշուշտ, «Ժառանգությունը» դեռևս 2007 թվականից պարբերաբար բարձրացրել է այս հարցը: Կարող է լինել իրավիճակ, երբ անհրաժեշտ դառնա ՀՀ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը, կարծում եմ` բոլորս ենք սա գիտակցում, և դժվար թե լինի որևէ քաղաքական ուժ, որը դեմ լինի անկախության ճանաչմանը, պարզապես այս պահին, իմ խորին համոզմամբ, դա ժամանակավրեպ կլիներ:

Կարդացեք նաև

Բացի այդ` կարծում եմ, որ նման նախաձեռնությամբ հանդես գալուց առաջ, նախ` անհրաժեշտ է ճշտել ԼՂՀ-ի ղեկավարության տեսակետը, որովհետև մեր տեղեկություններով` թե՛ ԼՂՀ նախագահը, թե՛ արտգործնախարարը գտնում են, որ այս պահին չկա անհրաժեշտություն, որ այս պահին Հայաստանը ճանաչի: Այդ առումով` ես առաջարկում եմ փակ լսումներ անցկացնել խորհրդարանում, հրավիրել ԼՂՀ-ի ներկայացուցիչներին, ինչպես նաև՝ փորձագետների, և քննարկել ճանաչման նպատակահարմարությունը: Եվ եթե կա խնդիր, որ պատգամ հնչեցնենք միջազգային հանրությանը և Ադրբեջանի ղեկավարությանը, որ Հայաստանում արդեն լրջորեն քննարկվում է այս հարցը, այդ դեպքում մենք կհասնենք մեր նպատակին:

Երկրորդ առաջարկը` գուցե արժե, որ հանձնաժողովի անդամներն այցելեն Լեռնային Ղարաբաղ, զրուցեն ԼՂՀ-ի իշխանության ներկայացուցիչների հետ և համատեղ որոշում կայացնեն:

Անշուշտ, վերջին երկու տարիներին բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում բավական պասիվ են, կարելի է ասել` բանակցություններ, որպես այդպիսիք, չեն եղել, եղել են միայն միջնորդների այցելությունները, բայց դա նախ` պայմանավորված է եղել երկու երկրներում մի շարք ընտրություններով, դրան ավելացան Ռամիլ Սաֆարովի հետ կապված այդ խայտառակ գործողությունները, երբ նրան ոչ միայն արտահանձնեցին Ադրբեջանին, այլ նաև հերոսացրին, ինչը լուրջ սպառնալիք դարձավ բանակցությունների շարունակման համար: Իսկ այս պահին քննարկվում է մինչև տարվա վերջ երկու երկրների նախագահների հանդիպման հնարավորությունը:

Այսինքն` բանակցությունների վերսկսման հնարավորություն կա, և մոտակա ամիսներին կարող ենք որոշակի զարգացումներ տեսնել: Ուստի, բանակցությունների ակտիվացման ֆոնին միակողմանի քայլ անելով` մենք կվտանգեինք հնարավոր զարգացումները: Ճանաչումը երբեք ուշ չի լինի:

– ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն այս հարցի քննարկմանն անդրադառնալով ԼՂՀ-ի ճանաչման հարցն օրակարգ մտցնելն անվանել է «սպեկուլյացիա» և «շահարկում»: Ի՞նչ կարծիք ունեք այս մասին:

– Ես հավատում եմ, որ Զարուհի Փոստանջյանն անկեղծորեն ցանկանում է օր առաջ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև, իր տեսանկյունից, սա հնարավորություն կտա ավելի ակտիվորեն մասնակցել բանակցություններին, և այլն: Սա մոտեցման խնդիր է, բայց այս պահին ես խոսում եմ ոչ միայն` որպես պատգամավոր, այլ նաև որպես պրոֆեսիոնալ: Ես տարիներով եմ զբաղվել ԼՂ հարցի բանակցություններով, եղել եմ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց 4 բանաձև և 7 հայտարարություն արեց, և Ադրբեջանի բոլոր փորձերը` հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբից տեղափոխել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, ի վերջո, չհասավ հաջողության:

Հասկացեք, որ մենք նախ` դեմ ենք միջազգային տարբեր կազմակերպությունները միմյանց դեմ օգտագործելու մոտեցմանը, երկրորդը` մենք ԵԱՀԿ-ի շրջանակներում ունենք վետոյի իրավունք, և ԵԱՀԿ-ում հարցերը կոնսենսուսով են ընդունվում: Հենց այդ վետոյի իրավունքն է մեզ բազմիցս հնարավորություն տվել խուսափելու տարբեր ոչ հայանպաստ ձևակերպումներից, ինչի հնարավորությունից զրկված ենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, որովհետև Հայաստանը ո՛չ միայն անդամ չէ, այլ նույնիսկ որևէ մասնակցություն չի կարող ունենալ քննարկումներին. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկումները փակ դռների ետևում է անցկացնում:

Այդ առումով` մենք որևէ ազդեցություն չենք կարող ունենալ ՄԱԿ-ում, բացի այդ` ՄԱԿ-ում կա իսլամական շատ ակտիվ խումբ, և իսլամական աշխարհի ներկայացուցիչները միասնական մոտեցումներով են հանդես գալիս, ինչը չի կարող նպաստել հարցի օբյեկտիվ քննարկմանը: Այս պահին ճանաչելը նաև կբերեր նրան, որ կասկածի տակ կդրվեր Մինսկի խմբի լեգիտիմությունը` որպես միակ ձևաչափը, որի շրջանակներում պետք է կարգավորվի խնդիրը: Ադրբեջանն է մոտեցումներ հնչեցնում, թե Մինսկի խումբն այլևս անելիք չունի, և պետք է նոր ձևաչափերի մասին խոսել: Կարծում եմ` նման քայլը կնպաստեր այդ տեսակետի առաջխաղացմանը:

Իհարկե, կան էլեմենտներ, ցավոք սրտի, Հայաստանի տարբեր քաղաքական ուժեր շահարկում են են այս կամ այն հարցը` ներքաղաքական նպատակներով, բայց չեմ կարծում, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն այն հարցն է, որ մենք կարող ենք շահարկման առարկա դարձնել: Վստահ եմ, որ Զարուհի Փոստանջյանն անկեղծորեն հավատում է իր քայլի ճշմարտացիությանը, պարզապես հաշվի առնելով իմ փորձն այս հարցերում` գտնում եմ, այս պահին դա որևէ օգուտ չի բերի:

– Եկեք հարցը մյուս կողմից դիտարկենք. մենք ուզում ենք, որ մյուս պետությունները ճանաչեն ԼՂՀ անկախությունը, բայց ինչո՞ւ մյուսները պետք է ճանաչեն, եթե ինքը՝ Հայաստանը, չի ճանաչում:

– Այս հարցն, իհարկե, իրավունք ունի գոյություն ունենալու: Նման իրավիճակներում հիմնականում օրինակ են բերում Թուրքիային, որը ճանաչել է Կիպրոսի Հյուսիսային Հանրապետությունը, բայց այնտեղ իրավիճակն այլ է. տեղի է ունեցել ներխուժում, և Թուրքիան օկուպացրել է Կիպրոսի մի մասը` այնտեղ հռչակելով պետություն:

Իսկ այս հակամարտությունում Հայաստանն ընդամենը հանդես է եկել մեր քույրերի և եղբայրների պաշտպանությամբ և նրանց ինքնորոշման իրավունքը հաստատելու համար: Սա պարտադրված պատերազմ էր, քանի որ Ադրբեջանի իշխանությունը որոշել էր, այսօրվա տերմինաբանությամբ, էթնիկական զտում իրականացնել Ղարաբաղում և մերժել հայ ժողովրդի իրավունքն այն տարածքում, որտեղ ապրել է երեք հազար տարվա ընթացքում:

Մենք պաշտպանում ենք Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը և պատրաստ ենք ամեն կերպ աջակցել: Նույնն էլ Ռուսաստանի դեպքում է. Ռուսաստանը, ճանաչելով Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, փաստորեն, անեքսիայի է ենթարկել Վրաստանի Հանրապետությունը և այնտեղ ռազմական բազաներ է ստեղծում: Մենք նման խնդիր չունենք, մեր խնդիրն է միջազգային հանրությանը բացատրել, որ, ինչպես Խորհրդային կայսրությունում գերեվարված մյուս ժողովուրդները, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը նույնպես իրավունք ունի ունենալու իր պետականությունը:

Պետք է քայլ առ քայլ մյուսներին բացատրենք Լեռնային Ղարաբաղը` որպես լիիրավ, հավասար գործընկեր ընկալելու անհրաժեշտությունը: Իսկ եթե վտանգվի ԼՂ-ի բնակչության անվտանգությունը, մենք ոչ միայն պարտավոր ենք ճանաչել անկախությունը, այլ նաև պարտավոր ենք մասնակցել բոլոր ռազմական գործողություններին, ինչով Ալիևն այսօր բարձրաձայն սպառնում է:

– Իսկ ինչպե՞ս եք այս համատեքստում գնահատում Զորի Բալայանի հայտնի նամակը Ռուսաստանի նախագահին:

– Ճիշտն ասած` համբերությունս չհերիքեց ամբողջությամբ այդ նամակն ընթերցելու համար, և առաջին տպավորությունս այն է, որ պարոն Բալայանի մոտ որևէ բան 80-ականներից մինչ օրս չի փոխվել, այսինքն` աշխարհը փոխվել է, կայսրություններ են տապալվել, և այլն, բայց պարոն Բալայանը պահպանել է նույն ունայնությունն ու մոտեցումը, մշտապես ձգտել է տարբեր ժողովուրդներին բացատրել իրենց ազգային շահերը. ռուսին բացատրել պանթուրքիզմի վտանգը, մեկ ուրիշին` մի այլ բան: Սա Իսրայել Օրուց եկող ցավալի դրսևորում է, և չէի էլ ցանկանա, որ լուրջ քննարկման առարկա դառնար:

– Իսկ ինչո՞վ էր պայմանավորված այս նամակի շուրջ այդքան բուռն քննարկումների և բանավեճերի ծավալումը:

– Այո՛, իրավացի եք, որ մամուլն ամբողջությամբ հեղեղված է քննարկումներով: Հենց դա տեղիք է տալիս կասկածելու, որ սա իր նախաձեռնությունը չէր, որովհետև, մյուս կողմից, կարելի էր հասկանալ, որ մեծահասակ մարդ է և կյանքի մայրամուտին փորձում է ևս մեկ անգամ առաջ քաշել իր գաղափարները, ինչի իրավունքն ունի: Բայց այն արձագանքըգ նախ` այնտեղ կան այնպիսի ձևակերպումներ, որոնք առնվազն զավեշտալի են թվում: Գյուլիստանի պայմանագիրը վերանայելը նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը պետք է քննարկեն մեր, Ղարաբաղի, Ադրբեջանի և այլոց ճակատագրերը: Իրավական տեսանկյունից սա անհեթեթ մոտեցում է:

– Քաղաքական գործիչներից մեկը Զորի Բալայանի այս քայլը կապեց Մաքսային միություն մտնելու` իշխանության որոշման հետ, և կարծիք հայտնեց, թե դրա հիմքը ստեղծելու համար անհրաժեշտ էր «ուռռա»-ներ հնչեցնել Ռուսական կայսրության հանդեպ և խնդրագիր ներկայացնել «ռուսաց կայսրին», ինչն արեց Զորի Բալայանը: Կիսո՞ւմ եք այս տեսակետը:

– Գնում -խնդրագիր ենք ներկայացնում, որ ի՞նչ ստանանք: Ռուսաստանը երբևէ իր հայտարարություններով թեկուզ ակնարկ արե՞լ է, որ պատրաստ է քննարկել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը:

Ռուսաստանը մշտապես խոսել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության մասին, Ռուսաստանն այսօր զենք և զինամթերք է մատակարարում Ադրբեջանի Հանրապետությանը` դրանով կասկածի տակ դնելով իր` չեզոք միջնորդի կարգավիճակը: Նման հարցեր կարելի էր քննարկել, եթե ՌԴ-ի կողմից ինչ-ինչ գործընկերային առաջարկներ լինեին, բայց Ռուսաստանն այսօր մեզ ընկալում է` որպես ոչ անկախ պետություն, իր չինովնիկներն այնպիսի հայտարարություններ են անում, որոնք նվաստացուցիչ են Հայաստանի Հանրապետության համար: Ես ողջ կյանքս պայքարել եմ Հայաստանի անկախության համար, և Մաքսային միությանն իմ դեմ լինելը պայմանավորված է հենց այդ հանգամանքով, որ դա սահմանափակում է մեր ինքնիշխանությունը, դա հակասում է մեր Սահմանադրությանը:

Քավ լիցի, մեր հարևանների, մեր բարեկամների հետ ցանկացած պայմանագրային հարաբերություններ ողջունելի են, բայց դրանք պետք է չարվեն` ի վնաս մեր պետականության: Այստեղ ես լուրջ վտանգներ եմ տեսնում, սա քաղաքական մեծ նախագիծ է, որը, վստահ եմ, ապագա չունի, հատկապես այն պատճառով, որ սա պարտադրված որոշում է: Իսկ պարտադրված միությունները երկար չեն գոյատևում: Ցավալի է, որ սա որոշակիորեն արգելակեց մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ, բայց հուսանք, որ դրանք կվերսկսվեն:

– Այսպիսով, Զորի Բալայանի մոտեցումների նկատմամբ հիմնականում բացասական վերաբերմունքը Ձեզ թույլ տվե՞ց եզրակացնել, որ ներկա հասարակության գոնե մի զգալի մասն անկախական է:

– Հրաշալի է, որ կարծիքներ են հնչում, ես ընդհանրապես ցանկացած հարցում բանավեճի կողմնակից եմ, բայց ինձ թվում էր, որ այդ բանավեճն արդեն փակ է` դեռևս 1988 թվականից: Եվ նման նամակներին ամենափայլուն ընդհանրական պատասխանը տվել էր լուսահոգի Ռաֆայել Իշխանյանը, և նա էլ այդ հոդվածում ձևակերպել էր երրորդ ուժի բացառման այն տեսլականը, որն այն ժամանակ մենք ունեինք, երբ պատկերացնում էինք անկախ Հայաստանը:

Լավ է, որ այսօր մարդիկ զգում են` ինչ փխրուն է մեր անկախությունը, և ինչպիսի ռազմավարական բարեկամ ունենք, որի յուրաքանչյուր ոչ զգույշ շարժումը կարող է ուղղակի կործանարար լինել մեր պետականության համար: Մենք ունենք երիտասարդ պետականություն, և որքան շատ Հայաստանի անկախության օգտին ձայներ հնչեն, այնքան հասարակության ներսում ավելի լուրջ կլինի քննարկումը: Մենք պետք է ներկայացնենք ցանկացած հարցի թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը և ահազանգենք, որ այսօր վտանգված է Հայաստանի անկախությունը:

Գիտեք, ես ընդհանրապես չեմ սիրում մեջբերումներ անել, բայց Բենջամին Ֆրանկլինը ժամանակին շատ լավ ձևակերպում է տվել, և սա մեջբերում չէ, այլ գրքերից մեկի նախաբանը` «նա, ով պատրաստ է ազատությունը զիջել հանուն անվտանգության, արժանի չէ ո՛չ ազատության, ո՛չ անվտանգության»: Ես հույս ունեի, որ մենք ձերբազատվել ենք այն ստրկամտական մոտեցումից, որը մեզ հրամցվում էր 200 տարիների ընթացքում, և այլևս պատրաստ ենք կառուցելու մեր անկախ պետությունը: Ցավոք սրտի, մեզանում դեռևս կա այն մտայնությունը, որ մենք փոքր ենք, խեղճ ժողովուրդ ենք, որին բոլորն ուզում են մորթել, և մենք պետք է գտնենք մեկին, ով թույլ չի տա, որ ուրիշները մեզ մորթեն: Նման մոտեցմամբ անկախության արժանի չէ ոչ մի ազգ:

Ամեն ազգ իր անկախության համար մաքառումների, տառապանքների ճանապարհ է անցել և զոհեր է տվել, և այս հարցում չկա բացառություն: Մենք էլ պետք է տանք այն զոհերը, որոնք անհրաժեշտ կլինեն մեր պետությունը պահպանելու, փայփայելու և հզորացնելու համար: Նման ստրկամտությունն ինձ համար անընդունելի է:

Տեսանյութեր

Լրահոս