Ալոճենին` որպես հակաօքսիդանտ նյութերի մատակարար
Բուժիչ նամակներ
Ալոճենիները վարդազգիների ընտանիքին պատկանող բույսեր են։ Այլ անվանումներն են` սզնի, վայրի խնձոր, սարի խնձոր։ Գիտական անվանումն է` Crataegus=«ամուր և ուժեղ»։
ՀՀ բնական պայմաններում հանդիպում են ալոճենու մի քանի տեսակներ.
Սզնի հայկականը 2-2,5 մ բարձրությամբ թուփ է։ Փշերը սակավաթիվ են, տերևներն ամբողջովին ծածկված են աղվամազով, ծաղիկները սպիտակ են, ծաղկաբույլերը` վահանաձև։ Պտուղը գինեկարմիր է, մոտ 1 սմ երկարությամբ, պտղամիսը դեղին է, պարունակում է մեկ կորիզ։ Տիպիկ հայկական բույս է, հանդիպում է միայն Մեղրիում, միջին և վերին լեռնային գոտիներում` մինչև ալպյան գոտի։ Հնուց օգտագործվում է սննդի մեջ։
Սզնի Զանգեզուրի տեսակը 1-2 մ բարձրությամբ թուփ է, տերևները մերկ են, ծաղկաբույլերը նոսր են։ Պտուղը կարճ էլիպսաձև է, սև ծիրանագույն երանգով, պարունակում է 1-3 կորիզ։ Հանդիպում է միայն Սյունիքի մարզի միջին լեռնային գոտում, ժայռոտ կիրճերում. ՀՀ սահմաններից դուրս գրեթե չի հանդիպում։
Սզնի արևելյանը 3-7 մ բարձրությամբ ծառ է, ճյուղերը ծածկված են փշերով, որոնց մի մասը տերևակալած է. ծաղկաբույլը բաղկացած է 4-10 սպիտակ ծաղիկներից։ Պտուղը գնդաձև է, թեթևակի կողավոր` հնգանկյուն, կարմրանարնջագույն, թթվաշ համով։ Տարածված է Ղրիմում, Կովկասում, Փոքր Ասիայում, ՀՀ Շիրակի, Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Սյունիքի (Մեղրի) ստորին և միջին լեռնային գոտիների անտառային շրջաններում, թփուտներում, չոր լանջերին։
ՀՀ ցածրադիր լեռնային շրջաններում, լեռնային գետերի շրջաններում (Երևան, Եղեգնաձոր, Գեղարդ, Մեղրի) աճում է սզնի արնակարմիրը (C. sanguinea)։ 5-6 մ բարձրությամբ ծառ է, ընձյուղներն ամուր են, պուտավոր-շագանակագույն, փայլուն տերևով։ Փշերը հաստ են և ամուր։ Ծաղկաթերթերը սպիտակ են, փոշանոթները` կարմիր։ Պտուղները խնձորանման են, արնակարմիր գույնի, փափուկ, պարունակում է 2-4 կորիզ։
Ալոճենի արնակարմիրի քիմիական բաղադրությունը
Պտուղները պարունակում են ֆլավոններ, օրգանական թթուներ (կիտրոնի, օլեանոլի, ուրսոլի, կոֆեինի, քլորոգենի, բույսին բնորոշ կրատեգուսի), կարոտինային նյութեր, դաբաղանյութեր, ճարպային յուղեր, պեկտին, քոլին, ասկորբինաթթու, այլ վիտամիններ, ֆրուկտոզա, սորբիտ, սիտոստերոններ, ներկանյութեր։
Ծաղիկները պարունակում են ֆլավոններ, կարոտինային նյութեր, քոլին, եթերային յուղեր, օրգանական թթուներ։ Ըստ Ջ. Հովհաննիսյանի (Կանաչ դեղատուփ, էջ 262)` ՀՀ-ում աճող ալոճենի արնակարմիրի պտուղները պարունակում են մինչև 3 տոկոս ֆլավոններ, 2-11 տոկոս (նույնիսկ մինչև 30 տոկոս) ենթավիտամին A, 25-375 մգ վիտամին C (100 գ հումքի մեջ)։
Բուսաբուժության տեսակետից սրանք պարզապես գերազանց ցուցանիշներ են։
Որոշ պատմական փաստեր
Բժիշկ Դիոսկուրոսը (Ք.հ. 1-ին դար) բույսը կոչել է «ուժեղ և հզոր» ոչ միայն այն պատճառով, որ ալոճենին ապրում է շատ երկար (մինչև 500 տարի), այլ նաև բացառիկ բուժիչ հատկություններն ընդգծելու համար։ Ալոճենին հնուց օգտագործվել է որպես սրտի բալասան, հին բժիշկները հասկացել են, որ առողջ սիրտը երկարակեցության կարևորագույն նախադրյալներից մեկն է։
Ամասիացին գրել է, որ ալոճն ամրապնդում է լնդերը և դադարեցնում է արյունահոսությունը. «իսկ եթե ճզմեն և դնեն կնոջ քարացած կրծքի վրա, ապա կրծքագեղձի ուռուցքը կիջնի, և կուրծքը կփափկի»։
Ֆրանսիայի արքա Հենրի 4-րդի անձնական բժիշկ Կվերցետանուսը ստացել է «սրտի հավերժ երիտասարդության» բալասան-բուժահեղուկն ալոճենու պտղից և ծաղկից։
1930թ. բժիշկ հոմեոպատ Հասմանն ապացուցել է, որ ալոճենու պտուղը և ծաղիկն ունեն «նպատակամղված» դրական ազդեցություն սիրտ-անոթային համակարգի վրա։
1936թ. կենաքիմիկոս Սենտ-Դյորդին հայտնաբերել է, որ որոշ բույսերի մեջ կան P-վիտամինային ակտիվություն ցուցաբերող ֆլավոններ։ Նոբելյան մրցանակակիրը հետազոտել է ծիրանը, խաղողը, կարմիր գինին և թեյի ծառի տերևը։
Ապացուցված է, որ ալոճենին նույնպես հարուստ է ֆլավոններով և հատկապես կվերցետինով։
Հայտնի է, որ կվերցետինի բուժիչ ազդեցությունն առնվազն երկու անգամ ուժեղ է ռուտինի (P-վիտամին) համեմատությամբ։ Կլինիկական փորձարկումները հաստատել են, որ կվերցետինի կիրառումը լավ արդյունքներ է տալիս սրտի իշեմիկ հիվանդության, հեպատիտի, ալերգիայի, իմունային անբավարարության, աթերոսկլերոզի, օնկոլոգիական, բորբոքային և այլ հիվանդությունների համալիր բուժման ընթացքում։
Որոշակի պայմաններ ապահովելու դեպքում կվերցետինը (C15H10O7) փոխակերպվում է դիգիդրոկվերցետինի (C15H12O7), որը մեկ կարգով (գրեթե 10 անգամ) ավելի հզոր է` ըստ իր բուժիչ ազդեցության։
Հիպերտոնիա. 20 գ չոր պտուղները լցրեք 200 մլ եռջրի մեջ, 30 րոպե եփեք փակ վիճակում։ Վերականգնեք նախնական ծավալը եռջրով, 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 200-ական մլ` օրը 3 անգամ։
Աթերոսկլերոզի դեպքում խմեք 200-ական մլ, օրը 2 անգամ, առավոտյան ուտելուց առաջ և մինչև քնելը։
Սրտի անբավարար աշխատանք, այտուց. Խառնեք ձիաձետ դաշտայինի և մատիտեղ թռչնի խոտերը, ալոճենու ծաղիկ (2։3։5)։ 1 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրի մեջ, քամեք։ Խմեք 60-ական մլ` օրը 2-3 անգամ։
Սրտասնույց անոթների արյան շրջանառությունը լավացնող. 3 ճ/գ չորացրած ծաղիկը 30 րոպե թրմեք 600 մլ եռջրի մեջ, քամեք։ Խմեք 200-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
Հևոց, գլխապտույտ, սրտի հիվանդություններ. Խառնեք հավասար քանակությամբ ալոճենու մանրացրած ծաղիկն ու պտուղը։ 3 ճ/գ հումքը թրմեք 600 մլ եռջրի մեջ, քամեք։ Խմեք 200-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ հետո։
Ստենոկարդիա. Խառնեք 6-ական ճ/գ ալոճի պտուղը և առյուծագի խոտը։ 24 ժամ թրմեք 1,5 լ եռջրի մեջ` տաք տեղում (փաթաթեք սրբիչով), քամեք։ Խմեք 200-ական մլ` օրը 3 անգամ։ Պահեք սառնարանում։
Առիթմիա. Մանրացրեք ալոճենու ծաղիկը, 1 թ/գ հումքը 15 րոպե եփեք 200 մլ եռջրի մեջ։ Վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Խմեք 60-ական մլ` օրը 2-3 անգամ, ուտելուց առաջ։
Դաշտանադադար. Ալոճենու թարմ ծաղկի հյութը 15 օր թրմեք օղու մեջ (1։2)։ Խմեք 40-ական կաթիլ` օրը 3 անգամ (50 մլ ջրով)։ Շարունակեք 14 օր։
Զգուշացում։ Դեղատոմսերը կիրառել միայն բժշկի թույլտվությամբ։ Ալոճենուց ստացված պատրաստուկները չի կարելի երկարատև խմել։ Ալոճենու պտուղը չի կարելի ուտել քաղցած վիճակում, իսկ ուտելուց հետո չի կարելի ջուր խմել։ Խորհուրդ չի տրվում ուտել 200 գրամից ավելի ալոճ` 100-ական գրամ` օրը 2 անգամ ընդմիջումներով։
Հ.Գ. Արդեն վաճառքում է Ջուլիետա Սահակյանի հեղինակած «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը, որը վաճառվում է «Նոյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից։