ԴիջիԹեք. Տոն տեխնոլոգիական հայության համար (տեսանյութ)
Հոկտեմբերի 4-6-ը Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում տեղի ունեցավ «ԴիջիԹեք Էքսպո 2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը:
Բացման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Բացման խոսքով հանդես եկան Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, «Ռոստելեկոմ» ԲԲԸ նախագահ Սերգեյ Կալուգինը, «Քուեսթրեյդ Ինտերնեյշնլ Ինկ.» ընկերության hայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արտաշես Հարությունյանը:
«ԴիջիԹեք 2013» ցուցահանդեսին մասնակցում էին տեղական, կանադական, սինգապուրյան, ռուսական և ամերիկյան 120 կազմակերպություններ: Ցուցահանդեսն այս տարի ներկայանում էր առավել մեծ ծավալով և նոր ձևաչափով: Առաջին հարկում ինժեներական ոլորտը ներկայացնում են շուրջ 30 ընկերություններ, ինչպիսիք են՝ «10 x Էնջիներինգ», «Անի-Տեստ», «Բիթլիս-ՄԵՆ», «Ինովեյթիվ Սոլյուշնս», «Ինտեգրատոր», Գիտության և տեխնիկայի թանգարան, «Մուշ-Թեքնոլոջիս», «Նաիրի-Թեք», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Օլիմպ Էնջիներինգ», «Պեգաս Լոջիք», «Փրոջեկտ Ինտեգրեշն», և այլն:
Երկրորդ հարկում առանձնացված են ծրագրային և համացանցային լուծումները, հեռահաղորդակցության, կրթության ոլորտները, սիստեմային ինտեգրատորները և սարքավորումների մատակարարները, որոնցից են «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ», «Սատիս», «Ինստիգեյթ Մոբայլ», «Ինստիգեյթ», «Օրանժ Արմենիա», «ԼանԱր Սերվիս», «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս», «Մայքրոսոֆթ», «Մոնիթիս Ջի-Էֆ-Այ» և այլ կազմակերպություններ: Երրորդ հարկում տեղակայված են նորաստեղծ ընկերությունները, աշխատանքի տոնավաճառ բաժինը, «ԴիջիԼայֆ» սեմինարների սրահները, գործարար հանդիպումների սրահը:
Միջոցառման կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով` «ԴիջիԹեքն» ավանդույթներ ունեցող տեխնոլոգիական ցուցահանդես է: Այն սպասված միջոցառում է, և կարելի է ասել` տոն է տեխնոլոգիական հայության համար: ««ԴիջիԹեքի» միջոցով մարդիկ տեսնում են, որ Հայաստանում կա հեռանկար, և իրենց ապագան կապում են սեփական երկրի հետ: Սա ռազմավարական առումով «ԴիջիԹեքի» ամենակարևոր գործառույթն է»,- նշեց Կ.Վարդանյանը: Ցուցահանդեսին ներկայացված հետաքրքիր նորույթներից մի քանիսն առանձնացրել է «168 Ժամը»:
Բախտի բաժակ. Գուշակության պատվեր բջջային հավելվածի միջոցով
«Բախտի բաժակ» բջջային հավելվածի միջոցով այսուհետ հնարավոր է գուշակության պատվեր ուղարկել իրական գուշակին: Դրա համար անհրաժեշտ է ներբեռնել հավելվածը բջջային հեռախոսի մեջ, գրանցվել համակարգում, լուսանկարել սուրճի բաժակը հավելվածում նշված 3 դիրքով և լուսանկարներն ուղարկել հավելվածում ներկայացված գուշակների ցանկից որևէ մեկին` ըստ օգտագործողի ընտրության, ու սպասել պատասխանի: «Բախտի բաժակ» հավելվածի գաղափարի հեղինակ Սեդա Մուրադյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բոլոր գուշակներն իրական մարդիկ են, իսկ բոլոր գուշակություններն անհատական են:
Ս. Մուրադյանի խոսքով` ներկայումս գուշակության պատվերների պատասխանները կարելի է ստանալ 24 ժամվա ընթացքում, սակայն այդ պատասխան հաղորդագրության ստացման ժամանակահատվածը կկրճատվի` հավելվածի ցանկում գուշակների քանակի ավելացմանը զուգահեռ:
(Նշենք, որ ներկայում համակարգում գրանցված է ընդամենը 4 գուշակ): Ծառայության արժեքը յուրաքանչյուր պատվերի համար 2000 դրամ է, սակայն սա ևս փոփոխման ենթակա է: Ըստ Ս. Մուրադյանի` մոտ ապագայում ծառայության վճարման մեթոդներն ու ծառայության գնային քաղաքականությունը կփոփոխվեն, մասնավորապես` կգործի ճկուն զեղչային համակարգ` մի քանի պատվերների դեպքում:
Հարցին, թե որքանո՞վ են պատրաստ հայ գուշակներն այս նորարարությանը, Ս.Մուրադյանը պատասխանեց, որ փորձել են գտնել մարդկանց, ովքեր լրջորեն զբաղվում են գուշակությամբ, հավատում են իրենց գործին ու նաև որոշակի համակարգչային հմտություններ ունեն: Հավելվածը դեռևս պատրաստ է միայն Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար, սակայն առաջիկայում, ըստ Ս.Մուրադյանի` կլինի նաև iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումների համար: «Բախտի բաժակի» մասին առավել կարող եք տեղեկանալ այցելելով այստեղ` www.fortunecup.am: Նշենք, որ հավելվածի գաղափարն իրականացվել է ձեռնարկատեր Արա Յաղջյանի և «Նիկիտա Մոբայլ» ընկերության հետ համագործակցությամբ: Հավելվածը ծրագրավորել է X-TECH ընկերությունը:
Նոր հնարավորություն ԱԻՆ-ից. Կոճակի մեկ հպումով հնարավոր կլինի ահազանգը փոխանցել 911 ծառայություն
Բջջային հեռախոսի կոճակի մեկ հպումով շուտով հնարավոր կլինի ահազանգը փոխանցել 911 ծառայություն: Այսինքն, այլևս հարկ չի լինի զանգահարել 911, փոխարենը` բավական կլինի սեղմել բջջայինում առկա SOS կոճակը: 911 ծառայությանը դիմելու այս նոր հնարավորությունը հնարավոր է դարձել նոր հավելվածի շնորհիվ, որը ստեղծվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) և «Սոս սիսթեմս» ընկերության համագործակցության արդյունքում: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի տեղեկատվության ապահովման բաժնի հրահանգիչ Տաթևիկ Ալիխանյանը` հավելվածը թույլ է տալիս կոճակի մեկ հպումով ահազանգել 911 ծառայություն, որի շնորհիվ օպերատորն իր մոտ տեղադրված քարտեզի վրա կստանա ահազանգողի գտնվելու վայրի մասին տվյալները, ինչը հնարավորություն կտա ավելի արագ արձագանքել դեպքերին:
Բացի այդ, ըստ Տ. Ալիխանյանի, նոր հավելվածը հնարավորություն է տալիս նաև հակառակ գործողությունը կատարել. այսինքն` եթե գտնվելու վայրում տեղադրված են հատուկ սարքեր, ապա 911 ծառայությունն ինքը կարող է հաղորդագրության միջոցով ձեզ տեղեկացնել տվյալ շենքում եղած, օրինակ, գազի արտահոսքի մասին: Նոր հավելվածն անվճար է, այն մոտ 1 շաբաթից հնարավոր կլինի ներբեռնել Google Play-ից, Արտակարգ իրավիճակների նախարարության ինտերնետային կայքից` http: //www.mes.am, և Sossystems ընկերության ինտերնետային կայքից` Sossystems.am-ից: Հավելվածը դեռևս միայն Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար է նախատեսված, սակայն շուտով համատեղելի կլինի նաև այլ օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի համար: Ի դեպ, հավելվածից բացի, մեծահասակների, փոքրիկների և որոշակի սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար ստեղծվել է նաև SOS ապարանջան, որը կրկին նույն հնարավորություններն ունի, ինչ հավելվածը:
Հայ ինժեներները նախագծել են հատուկ «ականջակալ», որը ցուցադրում է մարդու առողջության հիմնական նշանները
Հայ ինժեներների կողմից նախագծված նոր սարքի շնորհիվ այսուհետ կարելի է անմիջապես տեղեկանալ մարդու առողջության մասին, օրինակ` սրտի աշխատանքին ու շնչառության արագությանը, թթվածնի քանակին, ճնշմանը, մարմնի ջերմաստիճանին, և այլն: Այն միանում է սմարթֆոնին և ցուցադրում է ձեր տվյալները: Բացի այդ, ստացված տվյալները ցանկացած պահի կարելի է ուղարկել «ամպային պահեստ» (cloud), որտեղ բժիշկը կամ մարզիչը կարող է 30 վայրկյան անց տեղեկանալ ու հետևել ձեր առողջության այդ ցուցանիշներին: Նոր նախագծված սարքը շատ նման է ականջակալի, որի նախատիպ-տարբերակն էլ առաջին անգամ ներկայացվեց «ԴիջիԹեք Էքսպո 2013» ցուցահանդեսի ժամանակ: Նորույթը ներկայացնում էր Sensogram Technologies միջազգային ընկերությունը, որում ներառված են տարբեր երկրներ` Շվեյցարիան, Ուկրաինան, ԱՄՆ-ը և Հայաստանը: Ընկերության ծրագրային ապահովման տնօրեն Ալեքսանդր Բախշեթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սարքի հիմնական ինժեներական աշխատանքները, ինչպես նաև` ծրագրային ապահովումն ամբողջությամբ կատարվել են Հայաստանում:
Ա. Բախշեթյանի խոսքով` սարքի առաջին փորձնական խմբաքանակն արտադրվելու է Շվեյցարիայում հաջորդ տարի, այն ինչպես` բժշկական, այնպես էլ` սպորտային տարբերակ կունենա: «Սարքի սպորտային տարբերակը կարտադրվի 2014թ. առաջին եռամսյակում, իսկ բժշկական տարբերակը` մինչև 2014թ. վերջ»,- ասաց Ա. Բախշեթյանը` նշելով, որ նոր սարքն ունիվերսալ է ցանկացած ականջի համար, սակայն հետագայում հնարավոր է` լինի նաև դրա` հատուկ կանանց համար նախատեսված տարբերակը, որն ականջօղ է հիշեցնելու:
Նյութաբանության ոլորտի հայ մասնագետների մշակումը` Ֆոտոլյումինաֆորներ երկարատև հետլուսարձակմամբ
Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրՄՄԳՀԻ) կազմում գտնվող Նյութաբանության գիտաարտադրական ձեռնարկությունը մշակել է Ֆոտոլյումինաֆորներ` երկարատև հետլուսարձակմամբ:
Ֆոտոլյումինաֆորները նուրբ, դիսպերսիոն, չվառվող, էկոլոգիապես մաքուր և պայթյունաանվտանգ փոշիներ են, որոնք չեն պարունակում ռադիոակտիվ իզոտոպներ: Բնական և արհեստական լուսավորումից լյումինոֆորները կուտակում են մեծ լուսաքանակներ (մինչև 1022քվանտ/սմ3), և արտաքին լուսավորումը դադարեցնելուց հետո լյումինաֆորները լուսարձակում են կուտակած լուսաքանակները մի քանի ժամվա ընթացքում:
ԵրՄՄԳՀԻ-ի Նյութաբանության գիտաարտադրական ձեռնարկության տնօրեն Միքայել Աբովյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս տեխնոլոգիայի մշակման հարցում շատ կարևոր է եղել ԵրՄՄԳՀԻ (Մերգելյան) ինստիտուտի մոտ 40 տարվա փորձը, իսկ տվյալ տեխնոլոգիայի բուն մշակումը տևել է մոտ 2-5 տարի: Ըստ Մ. Աբովյանի` նմանատիպ լուսարձակման կիրառումը հատկապես կարևոր է արտակարգ իրավիճակների ժամանակ, քանի որ նման իրավիճակների ժամանակ շենքերն ուղղակի հոսանքազրկում են, իսկ նման եղանակով ստեղծված լուսարձակման նշանների միջոցով կարելի է մարդկանց ցույց տալ ճանապարհը:
Նյութաբանության գիտաարտադրական ձեռնարկության ինժեներ Աշոտ Մարգարյանի խոսքով` իրենք այժմ աշխատում են նաև լույս տվող տարբեր գույների ստեղծման ուղղությամբ, տեխնոլոգիան և նյութերը գնալով ավելի են կատարելագործում և լուսատվության նոր հնարավորություններ և ավելի երկար ժամանակահատված են նախատեսում: «Եթե լուսատվության այս եղանակով, օրինակ` սա հրդեհի ժամանակ ինչ-որ մեկի կյանքն էլ կփրկի` կասկանանք, որ իզուր չենք աշխատել»,- ասաց Ա. Մարգարյանը:
Պոլիտեխնիկի ավագ դպրոցի սաները պատուհան մաքրող ռոբոտ կստեղծեն
Պատուհանների մաքրումը շուտով կկատարվի առանց մարդկային գործոնի. պատուհանները կմաքրեն հատուկ պատուհան մաքրող ռոբոտները, որոնց գաղափարը պատկանում է Պոլիտեխնիկի ավագ դպրոցի սաներից մի քանիսին: Նրանք իրենց գաղափարն «Արմռոբոտիքսի» տաղավարում ներկայացնում էին «ԴիջիԹեք Էքսպո 2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ: Պատուհան մաքրող ռոբոտի գաղափարով պատանի-երիտասարդները ներկայանում են «Robotics industry» կոչվող խմբով: Խմբի անդամներից Գրիգոր Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս խնդիրը լուծելու ուղղությամբ աշխարհում տվել են տարբեր լուծումներ, սակայն դրանք ձեռնտու չեն, քանի որ արժեքը շատ թանկ է, և դրանք ունեն շատ բարդ կառուցվածք: Սակայն, ըստ մեր զրուցակցի` իրենք իրենց առջև նպատակ են դրել ավելի պարզ կառուցվածքով և ավելի մատչելի գնով ռոբոտ ստեղծել:
«Ռոբոտը պետք է վակուումների միջոցով մնա պատուհանի ապակու վրա, թրթուրավոր ակներով շարժվի ապակու երկայնքով և զիգզագաձև շարժումով ամբողջությամբ մաքրի ապակին`հատուկ կտորի միջոցով»,- ասաց Գ. Գրիգորյանը` նշելով, որ սկզբնական շրջանում ռոբոտը կաշխատի արտաքին էլեկտրական սնուցմամբ, սակայն հետագայում հնարավոր է` այն սեփական մարտկոցն ունենա: «Աշխատանքն ավարտելուց հետո ռոբոտը կարող է տեղեկացնել այդ մասին, օրինակ` սմարթֆոնի միջոցով»,- ասաց Գ.Գրիգորյանը` նշելով, որ նմանատիպ ռոբոտը կարող է կիրառվել հատկապես բարձրահարկ շենքերի ապակիները մաքրելու համար:
Մեր զրուցակցի տեղեկացմամբ, իրենց այս գաղափարը շուտով ֆինանսավորում կունենա. այն ներկայացրել են Հայաստանի ռոբոտների բաց առաջնության` «Արմռոբոտիքսի» Ռոբոտների գաղափար մրցույթին, ու հենց ֆինանսավորումը ստանան կսկսեն ռոբոտի ստեղծման աշխատանքները:
«168 Ժամ»