Լիբանանը, Հորդանանը, Թուրքիան ու Իրաքն օգնություն են խնդրել միջազգային հանրությունից՝ կապված սիրիացի փախստականների հետ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լիբանանի, Հորդանանի, Թուրքիայի ու Իրաքի կառավարությունները, որոնք ընդունել սիրիացի փախստականների ճնշող մասին, միջազգային հանրությունից պահանջել են իրենց միայնակ չթողնել ի դեմս սիրիական ճգնաժամի:
Այս մասին այսօր Ժնևում՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության գործադիր կոմիտեի 64-րդ նիստում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն.
«Մենք այսօր ապրում ենք պատմության մեջ ամենախոշոր հումանիտար աղետներից մեկը: Միջազգային հանրությունը պետք է ցուցաբերի մեծ համերաշխություն և Սիրիայի հարևան երկրներին չթողնի մեն-մենակ՝ միլիոնավոր փախստականների հետ, ինչը նրանց ընդունող երկրների համար հանդիսանում է տնտեսական ծանր բեռ»:
Նշվում է, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ սիրիացի փախստականների քանակը կազմում է 2.1 միլիոն մարդ: Սակայն դա պաշտոնական տվյալներ են: Իսկ ահա ցուցակներում չգրանցված սիրիացի փախստականների քանակը հաշվվում է հարյուր հազարներով:
ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Սիրիայի հարևան երկրների ուսերին մեծ բեռ է ընկել, որը նրանք չեն կարող միայնակ տանել: Նա ընդգծել է, որ 4 միլիոն բնակչությամբ Լիբանանում սիրիացի փախստականների քանակը կազմում է 760.000 մարդ:
Գուտերեշը հավելել է, որ դա համարժեք է Մեծ Բրիտանիայում ավելի քան 11 միլիոն փախստականի, Գերմանիայում՝ 15 միլիոն փախստականի և ԱՄՆ-ում՝ 58 միլիոն փախստականի առկայությանը:
Գուտերեշի խոսքերով՝ մինչև տարեվերջ սիրիացի փախստականների վրա Հորդանանի ծախսերը կհասնեն 1.7 միլիարդ դոլարի, իսկ Թուրքիան արդեն իսկ ծախսել է 2 միլիարդ դոլար: Հեշտ իրավիճակ չի տիրում նաև Իրաքում, ուր սիրիացի փախստականների ամենամեծ ներհոսքը բաժին է ընկել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանին: