Ստեփանակերտի օդանավակայանում իրականացվում են տեխնիկական թռիչքներ՝ արևմտյան կողմից վայրէջք կատարելու համար
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ղարաբաղյան «Էյր Արցախ» ավիաընկերությունը ներկայումս իր տրամադրության տակ ունի քաղաքացիական երկու օդանավ, որոնցից մեկի անձնակազմը թռիչքներ է իրականացնում Ստեփանակերտի օդանավակայանում: Այս մասին հայտնել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում եղած աղբյուրը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Ստեփանակերտում իրականացվում են տեխնիկական թռիչքներ, որոնց նպատակը լեռնային բարդ տեղանքում գտնվող Ստեփանակերտի օդանավակայանում թռիչքների ու վայրէջքների մշակումն է՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ շփման գծի մոտ լինելը:
Մասնավորապես, եթե խորհրդային ժամանակներում ինքնաթիռները Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք էին կատարում արևելքից, ապա ներկայումս դա արվում է արևմուտքից (Հայաստանի կողմից)՝ նվազեցնելու համար Ադրբեջանի զինված ուժերի կողմից հարձակման ենթարկվելու ռիսկերը: Այդ նպատակով կատարվել են միլիոնավոր խորանարդ մետրի հողափորման աշխատանքներ՝ օդանավակայանի մոտ ռելիեֆը հարթեցնելու համար:
Օրեր առաջ ԼՂՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Ատբաշյանը հայտարարեց, որ ԼՂՀ-ի ձեռք բերած օդանավերը տեխնիկական պլանում 15 օր անց պատրաստ կլինեն Ստեփանակերտի օդանավակայանից թռիչքներ իրագործելուն, իսկ Ստեփանակերտի օդանավակայանը վաղուց է պատրաստ ինքնաթիռների թռիչքներն ու վայրէջքները սպասարկելուն:
Նշվում է, որ Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին, և իր աշխատանքները դադարեցրել է 1992 թվականին: Նրա վերակառուցումը մեկնարկել է 4 տարի առաջ: Կառուցվել է օդային նոր տերմինալ, ընդլայնվել և երկարացվել է թռիչքուղին:
Երբ 2011 թվականին հայկական կողմը հայտարարեց կանոնավոր չվերթները վերսկսելու իր մտադրության մասին, Բաքուն սպառնաց կործանել դեպի Ստեփանակերտ մեկնող և այնտեղից թռչող յուրաքանչյուր ինքնաթիռ, ինչը հարուցեց միջազգային հանրության բացասական արձագանքը, իսկ պաշտոնական Երևանը նմանատիպ սպառնալիքը որակեց որպես «պետական ահաբեկչության դրսևորում»:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ անձամբ դառնալու է Հայաստանից Ղարաբաղ առաջին ավիաչվերթի առաջին ուղևորը: