Լուկաշին համայնքում մեկ դույլ ջուրն արժե 50 դրամ
Լուկաշին համայնքի խմելաջրի ցանցը կառուցվել է 1966 թվականին, ջրագծի երկարությունը 25 կմ է ու արդեն 47 տարի է՝ չի վերանորոգվել: Ցանցն այնքան է մաշվել, որ գյուղ հասնող ջուրը խմելու համար պիտանի չէ: Կենցաղային խնդիրները հոգալու համար լուկաշինցիները աղբյուրի ջուրն են օգտագործում, իսկ խմելու համար` գնում: Շաբաթական երկու-երեք անգամ ցիստեռններով Թալինից մաքուր ջուր են բերում, և գյուղացին դույլը 50 դրամով մաքուր ջուր է գնում: Հատկապես ամռան ամիսներին լուկաշինցի տնային տնտեսուհիները ջուր շատ են օգտագործում.
«Պահածո է, մուրաբա է, մթերքը պետք է լվանաս, խաշես, եփես, հազար ու մի բան կա, ջուրն էլ հոսում է: Ստացվում է՝ մենք կրկնակի ենք վճարում ջրի համար: Առանձին վճարում ենք խմելու, առանձին` կենցաղային հոգսերի համար»,- ասում է Արևիկը` հավելելով, որ ամսական մոտավորապես 10,000 դրամ վճարում է խմելու ջրի համար:
«Մեծ ընտանիք ենք, երեք երեխա, սկեսուր, սկեսրայր, լվացք է, ճաշ է, մաքրություն է: Գնում է»,- ասում է նա: Գյուղացիներն անգամ հրաժարվում են ծորակի ջուրը եռացնել, նոր խմել. նույնիսկ ամենաչքավոր ընտանիքներում ջրի վարձի գումարն առանձին է պահվում: Աղբյուրի ջրից ոչ միայն համ է գալիս ու ավազի մանր հատիկներ, այլև ժանգագույն է, ու երբեմն մանր միջատներ էլ են հանդիպում:
Ջուր է գնում նաև համայնքի ղեկավարը` Կարեն Մկրտչյանը, ու հավելում` ջրի հարցը գյուղի ամենամեծ խնդիրն է: Թեպետ ջրի կարգավորման հարցը համայնքի զարգացման 2009-2013 թվականների քառամյա ծրագրում է ընդգրկված, սակայն շատ քիչ բան է փոխվել այս տարիների ընթացքում: Ըստ համայնքի ղեկավարի՝ մեկ բաք է տեղադրվել, ևս երկու բաք կտեղադրվի մինչև ամսվա վերջ:
«Հետո արդեն կտեսնենք, թե երբ կարող ենք ցանցը փոխել, ֆիլտրացում ապահովել, որ գյուղացիները կարողանան ջուր ունենալ: Էսօր մեծագույն ջանքերի շնորհիվ ենք կարողանում օրական երկու ժամով էդ ժանգագույն ջուրը տրամադրել ժողովրդին: Ամեն ինչ գումարից է կախված, բյուջեով դժվար է նման ահռելի ծախսը միանգամից լուծել»,- ասում է գյուղապետը` կրկնելով համագյուղացիների խոսքը, թե այսպես այլևս անհնար է: «Բայց, դե, մեր հնարավորությունն էլ էսքան է: Մի քանի տարի առաջ չէինք էլ մտածի, որ կկարողանանք բաք տեղադրել, անգամ մի քանիսը: Էս գյուղում եմ ապրում, իմ ընտանիքն էլ դույլերով ջուր է գնում, ես էլ եմ ուզում, որ հարցը շուտ լուծվի, բայց խոսքը մի քանի տասնյակ միլիոն դրամ գումարի մասին է: Իսկ էդքան գումար գյուղապետարանի բյուջեում չկա, որ միանգամից հարցը լուծվի: Որ չորս տարի համայնքի բյուջեին ձեռք չտանք, էլի չենք կարողանա հարցը լուծել: Դրա համար պետք է կամաց-կամաց խնդիրը վերացնել»,- ասում է նա:
Լուկաշին համայնքը ստեղծվել է 1924 թվականին: Թեպետ գյուղում գրանցված է 3160 մարդ, սակայն բնակվում է 2600-ը: Գյուղապետը նշում է, որ վերջին շրջանում արտագաղթը շատ է, հիմնական ուղղությունը Ռուսաստանն է: Համայնքի ղեկավարը խոստովանում է` լավ կյանքից չէ, որ հեռանում են. «Հեռանում են՝ գոնե մի քիչ բարեկեցիկ կյանքով ապրելու համար: Հողագործությամբ քչերն են զբաղվում, շահավետ չէ, եղանակն էլ մեր կողմից չէ, մի քանի տարի է՝ կարկուտն է բերքը փչացնում, դրանից առաջ ցրտահարություն եղավ, գյուղացու աշխատանքը ջուրն ընկավ: Հետն էլ գյուղում կարգին պայմաններ չկան, հենա՝ ջրի խնդիրն արդեն ահագին պրոբլեմ է: Մարդիկ էլ ստիպված գնում են»: