Կա՞ն արդյոք ճնշումներ ռուսական կողմից. պարզաբանում է էկոնոմիկայի նախարարը
Որքան մոտենում է Եվրամիության վիլնյուսյան գագաթնաժողովն, այնքան Ռուսաստանն ավելի է ուժգնացում իր հակաքայլերը: Դրա վառ օրինակն է Ուկրաինայի հանդեպ առևտրային սահմանափակումների կիրառման փորձը: Հայաստանում, ըստ շրջանառվող տեղեկությունների, առավել գործնական քայլերի ՌԴ-ն պատրաստվում է դիմել սեպտեմբերից, մասնավորապես՝ փորձելով ճնշումներ գործադրել ռուսական կապիտալով բոլոր ձեռնարկությունների միջոցով: 168.am-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանից հետաքրքրվեց՝ արդյոք մինչ օրս որևէ ճնշում զգացվե՞լ է ռուսական կողմից:
«Ճնշման մասին դժվար է ասել: Ընդհանուր առմամբ՝ կան խնդիրներ, որ պետք է լուծվեն: Ակնհայտ է, որ ՀՀ երկու հիմնական գործընկերների մասին է խոսք գնում և մեր խնդիրն է, որ երկու գործընկների հետ էլ կարողանանք հնարավորին չափ ազատ առևտուր ունենալ: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Ոչ թե ճնշում է, այլ՝ քննարկումներ, թե մեր երկրի համար որն է առավել արդյունավետ և օպտիմալ ճանապարհը»,- ասաց նախարարը:
Վ.Ավանեսյանի խոսքով՝ ռուսական ընկերություններից, մասնավոր հատվածից նման ազդակներ չի զգացվում, բայց ակնհայտ է, որ մասնավոր հատվածի տարբեր մասեր տարբեր ռեժիմներում են շահագրգռված, կան պրոտեկցիոնիզմի կողմնակիցներ, կա նաև հակառակը: Այսինքն՝ այնպիսի ընկերությունները, որոնք ավելի շատ արտահանմանն են ուղղված և, կախված նրանից, թե որ երկիր են արտահանում, նրանց հետաքրքրություններն այդտեղ են:
«Այնպես չէ, որ ռուսական կապիտալով ընկերությունները շահագրգռված են միայն Ռուսաստանի շուկայում: Շատ կան ընկերություններ, որ շահագրգռված են հենց եվրոպական և երրորդ երկրների շուկաներով, դրա համար ավելի շատ ընկերությունների շահերը կախված է պոտենցիալ շուկաներից: Ես միայն դրական եմ նայում, երբ կան նման շահեր»,- նշեց Վ.Ավանեսյանը:
Անդադառնալով հարցին, որ ՀՀ՝ մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը հստակ կողմնորոշված է դեպի Ռուսաստան և նաև իր տնտեսական ներուժով ռուսամետ գիծն է առաջ տանում, նախարարը նշեց, որ քաղաքական շահերի տեսակետից իրենց կողմնորոշման վերաբերյալ հայտարարություններ կան, բայց գրեթե բոլոր քաղաքական ուժերը հասկանում են, որ ՀՀ համար կարևոր է պահպանել իր հիմնական գործընկերներին՝ և´ շուկաների, և´ ներդրումների տեսանկյունից. «Հիմա թե ով ավելի շատ ռուսամետ է, ով ավելի շատ եվրոպամետ… Ինձ համար ամենաբարդ թեման դա այնպիսի արտաքին տնտեսական քաղաքականությունն է, որն առավել օգուտ է տալիս Հայաստանի Հանրապետությանը: Բնականաբար, մեր գործընկերներն էլ ցանկանում են, որ դա առավել շահավետ լինի իրենց համար: Նման բանակցությունների մեջ մշտապես կա երկկողմանի և´ շահերի, և´ երկկողմանի զիջումների քաղաքականությունը: Չի լինում այնպես, որ մի կողմը մյուսի հաշվին ավելին ստանա»:
Վ.Ավանեսյանի գնահատականով՝ տնտեսական քաղաքականության և արտաքին քաղաքականության մեջ միշտ վտանգներ կան, ռիսկերը միշտ չէ հնարավոր գնահատել ամբողջովին. «Մենք չենք կարողանում դնել բնական փորձարկումներ, թե որ դեպքում ինչ կարող է լինել և այդ ռիսկերի գնահատման տեսանկյունից վտանգներ կան: Ուկրաինա-Ռուսաստան հարաբերություններից բացի, կան ԱՄՆ-Եվրոպա, Եվրոպա-Չինաստան հարաբերություններ: Արտաքին աշխարհում անընդհատ քաղաքականություններ են վարվում երկրների կողմից շուկաները պահպանելու և գրավելու համար: Բոլորի մոտ նույն խնդիրն է, ինչպես Հայաստանում՝ ապահովել ավելի շատ արտահանում, ներմուծման դուրսմղում: Բոլորը դա են ցանկանում»: