Բաժիններ՝

Ինչ կտա ICRANet-Yerevan կենտրոնը Հայաստանին

Հուլիսի 25-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Ռելյատիվիստիկական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի (ICRANet) միջև ստորագրվեց գիտության և կրթության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր։

Ըստ համաձայնագրի` ՀՀ-ում բացվելու է Ռելյատիվիստիկական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի գրասենյակը՝ ICRANet-Yerevan կենտրոնը։ Ի՞նչ կտա աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի գրասենյակի բացումը Հայաստանին. այս մասին 168.am-ը փորձեց պարզաբանում ստանալ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանից:

Այսպես, ըստ Հ. Հարությունյանի` ռելյատիվիստական աստղաֆիզիկան ժամանակակից աստղաֆիզիկայի ամենարագ զարգացող ճյուղերից մեկն է: Այն «գործ ունի» շատ մեծ արագությունների և զանգվածների դաշտում գտնվող օբյեկտների հետ: Նման օբյեկտների և աստղագիտական երևույթների բացատրության ուսումասիրությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունն այժմ ներկայացված կլինի նաև Հայաստանում, ինչը, ըստ Հ. Հարությունյանի՝ կարևոր նշանակություն կունենա:

«Կենտրոնը ռելյատիվիստական աստղաֆիզիկայի բնագավառներում իրականացնելու է տեսական և դիտողական հետազոտություներ, ինչպես նաև աջակցելու է ՀՀ-ում ժամանակակից գիտական ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը: Հատուկ ուշադրություն է դարձվելու տարածաշրջանային գիտական կենտրոնների հետ համատեղ հետազոտությունների խթանմանը:  Բացի այդ՝ կենտրոնը ICRANet-ի հետ միասին կազմակերպելու է տարբեր գիտաժողովներ, ինչպես նաև ներգրավված է լինելու հետբուհական և հետդոկտորական միջազգային ծրագրերի իրականացման գործընթացում»,- ասաց Հ. Հարությունյանը: Նրա հավաստմամբ՝ Հայաստանում նման կենտրոնի բացումը նախ նշանակում է, որ մեր տարածաշրջանի երկրները ICRANet-ի հետ կարող են միանալ Հայաստանի միջոցով:

Իսկ ինչ վերաբերում է ուսումնական միջազգային ծրագրերի իրականացմանը, ապա, ըստ Հ. Հարությունյանի` Հայաստանում նախատեսվում է կենտրոնի միջոցով կազմակերպել դասընթացներ, որին կարող են մասնակցել նաև այլ երկրների ուսանողներ:

«Օրինակ` նպատակ կա, որ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը համագործակցի կամ միանա միջազգային համալսարաններին` միմյանց դիպլոմները ճանաչելու համար, ինչը շատ կարևոր է: Փաստորեն ստացվում է, որ այսպիսով Հայաստան կարող են գալ ներհամալսարանական կրթություն ստանալու համար»,- ասաց Հ. Հարությունյանը:

Բացի այդ, նրա խոսքով, ըստ պայմանագրի՝ հետագայում նախատեսվում է Հայաստանի և տարածաշրջանի գիտնականների համար հասանելի դարձնել, այսպես կոչված՝ արտամթնոլորտային աստղադիտարանների բոլոր տվյալները (արբանյակային աստղադիտարանների): Այժմ Իտալիայում են ստացվում այդ տվյալները, և այսպիսով տվյալների հայելային կայքը կբացվի նաև Հայաստանում, ինչի շնորհիվ Հայաստանի և տարածաշրջանի երկրները կարող են անմիջապես օգտվել նոր ստացված աստղագիտական տվյալներից, որոնք ստացվում են տարբեր աստղադիտարաններից և որոնք տվյալ երկրի մթնոլորտի պատճառով հնարավոր չէ ստանալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս