Պատերազմի հրձիգ «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը՝ նոր փուլում. Բաքվի հավակնությունների ցանկում՝ Սոթք, Աղավնավանք, Որոտնավան, Կուտական, Այրում…

44-օրյա պատերազմից առաջ՝ 2020թ. հունիսի 19-ին, ԱԽ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.

 «Վերջերս էլ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ուղղորդմամբ, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջան» նախաձեռնություն են ստեղծել՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունը: Սրանով Ադրբեջանի վարած տարածաշրջանային քաղաքականությունն ավելի ամբողջական է դառնում, և «արևմտյան Ադրբեջան»-ի անհեթեթ նախաձեռնությունը եկավ փոխարինելու, այսպես կոչված, «հարավային, հյուսիսային, հյուսիս-արևմտյան ադրբեջանների» զավեշտալի շարքը՝ ընդգծելով Ադրբեջանի ապակայունացնող նկրտումները ողջ տարածաշրջանի համատեքստում»:

Պատերազմից հետո գործող իշխանության այս մտահոգությունները պահպանվել են մինչև վերջերս, հատկապես, երբ պարզ դարձավ, որ «արևմտյան Ադրբեջան» ասվածն Ադրբեջանի պետական քաղաքականության կարևոր բաղադրիչ է՝ հայեցակարգային մակարդակի: Եվ 2023 թվականի նոյեմբերին Փաշինյանը պնդել է.

«Արևմտյան Ադրբեջան»-ն ի՞նչ է։ «Արևմտյան Ադրբեջան»-ի հայեցակարգը Հայաստանի դեմ նոր պատերազմ ձևավորելու, կառուցելու, հիմնավորելու հայեցակարգ է»:

Կարդացեք նաև

Ավելի ուշ «Արևմտյան Ադրբեջան» պրոյեկտը անվտանգային առումով ռիսկային է համարել նաև ՀՀ արտաքին հետախուզական ծառայությունը:

Այս առումով ոչինչ չի փոխվել, հակառակը, ինչպես գրել ենք, Ալիևը Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ համակարգված գործընթաց է սկսել, ինչն իր մեջ ներառում է «իրավաքաղաքական» և «պատմագիտական» բազայի ստեղծում, փոխհատուցման հնարավորություն:

Եթե ավելի կոնկրետ, ապա 2025 թվականի դեկտեմբերին տեղի է ունեցել «արևմտյան Ադրբեջանին» վերաբերող վիրտուալ հանրագիտարանային ռեսուրսի պաշտոնական շնորհանդեսը:

Այն իբր արտացոլում է «արևմտյան Ադրբեջանի» բնական և աշխարհագրական պայմանները, պատմական աշխարհագրությունը, հնագիտությունը, էթնոգրաֆիան, քաղաքական, սոցիալ-տնտեսական, ռազմական և մշակութային պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:

Վիրտուալ հանրագիտարանը շոշափում է ««արևմտյան Ադրբեջանում» ադրբեջանցի ժողովրդի բնակավայրերը, կրոնական և պատմական հուշարձանների ներկայիս վիճակը»:

Ավելին, ալիևյան հովանավորությամբ ստեղծված ռեսուրսը ներկայացնում է «ցարական Ռուսաստանի և Խորհրդային Միության ժամանակաշրջանում հայ բնակչության զանգվածային վերաբնակեցման քաղաքականությունն այդ տարածքներում, «էթնիկ զտումների», «ցեղասպանության» և տեղի ադրբեջանական բնակչության տեղահանության պատմությունը, տեղանունների միտումնավոր փոփոխությունը, ինչպես նաև՝ տարածքի պատմական աշխարհագրությունն արտացոլող քարտեզների գիտական ​​​​ գնահատականը»:

Այսինքն, ինչպես Բաքվի «Ռազմավարական հաղորդակցությունների կենտրոնի» ղեկավարությունն է նկատել, փորձ է արվում «արևմտյան Ադրբեջանի» մասին «ճշմարտությունը» գիտական հենքով ներկայացնել՝ «պատմական ճշմարտությունների համակարգված և հետևողական տարածման գործընթացը շարունակվելու է»:

Իսկ «արևմտյան Ադրբեջանին» վերաբերող վիրտուալ հանրագիտարանային ժողովածուն ներառում է քարտեզներ, որոնք, մասնավորապես, ընդգրկում են «Երևանը և Գյումրին, մզկիթներ, գերեզմաններ և 1192 գյուղ»:

Ավելի ուշ «Արևմտյան Ադրբեջան» համայնքի ներկայացուցիչ Ազիզ Ալեքբերլին փոխհատուցման պահանջ է դրել, ինչի մասին վերևում նշել ենք:

Ըստ նրա՝ «շուրջ 300 բնակավայրերից վտարված ադրբեջանցիներին հասցվել է նյութական վնաս՝ 2,5 միլիարդ դոլարի չափով՝ անհատական տնտեսություններին, և 17,5 միլիարդ դոլարի չափով՝ հասարակական տնտեսություններին», և այլն:

Ավելին, նա պնդել է, թե «ադրբեջանական մի շարք գերեզմանատների տարածքներում կառուցվել են արդյունաբերական օբյեկտներ, իսկ երեք գերեզմանատների տեղում էլ ստեղծվել են ջրամբարներ»։

Բաքվում առաջ են մղում այն թեզը, որ «արևմտյան Ադրբեջանի» դեպքում վեճը զուտ աշխարհագրական չէ, այլ նաև՝ «միջազգային իրավունքը հստակորեն ճանաչում է փախստականների և բռնի տեղահանվածների՝ հայրենի հողեր վերադառնալու իրավունքը»:

Ինքը՝ Ադրբեջանի նախագահ Ալիևն է «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձը դիտարկում մարդու իրավունքների կոնտեքստում, ուստի չի պատրաստվում քաղաքական այս ծրագրից հետքայլ անել, ինչի մասին հստակ ասել է այս տարվա փետրվարին France 24-ին տված հարցազրույցում վտանգավոր և խորամանկ առաջարկ արել Փաշինյանին:

Վերադառնանք «արևմտյան Ադրբեջան» պետական քաղաքական ծրագրից բխող միջոցառումներին, և նշենք, որ այն, ինչ փորձ է արվում անել «արևմտյան Ադրբեջանին» վերաբերող վիրտուալ հանրագիտարանային ռեսուրսի միջոցով, Բաքուն արդեն մի քանի տարի շարունակ անում է նաև Baku TV-ի «արևմտյան Ադրբեջանի խրոնիկան» նախագիծ-շարքի միջոցով, և տարբեր վկայություններում կամ ՀՀ-ի դեմ «ցուցմունքներում» անդրադարձել են Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի մարզերին՝ փորձելով ՀՀ ինքնիշխան տարածքներում՝ գյուղերում, քաղաքներում, թյուրքական հետքեր գտնել և «ավելի քան 100 տարվա վաղեմության «էթնիկ զտման» դրվագներ ներկայացնելով, հայերին և Հայաստանը ներկայացնում «ցեղասպան» ժողովուրդ և պետություն: Իհարկե, ցարական Ռուսաստանին ևս մեղադրանքներ են հնչում նախագծին մասնակից «արևմտյան ադրբեջանցիների» կողմից:

Բայց Ալիևն այսքանով չի սահմանափակվել և «արևմտյան Ադրբեջանին» վերաբերող նոր նախագիծ է շրջանառության մեջ դրվել՝ «Արևմտյան Ադրբեջանի» հիշողության վայրերը» վերտառությամբ ծավալուն «գիտահետազոտություն»:

Նշվում է, որ առաջին անգամ դաշտային ուսումնասիրությունների ընթացքում ժամանակակից Հայաստանի տարածքում հավաքագրվել և համակարգվել են տվյալներ շուրջ 600 գյուղերի մասին, որտեղ նախկինում, ըստ հեղինակների պնդման, ի սկզբանե բնակվել են ժամանակակից ադրբեջանցիների նախնիները։ Թե ինչ ճանապարհով են այդ տվյալները հավաքագրվել, արդյո՞ք ՀՀ-ում որևէ մեկն օգնել է ալիևյան այս նախագծին, դեռ պետք է պարզել:

Ընդ որում՝ յուրաքանչյուր վայրի, կրոնական, մշակութային հուշարձանին առանձին անդրադարձ է արվել, և դրանք փոխհամաձայնեցված տարածում են ադրբեջանական գրեթե բոլոր լրատվամիջոցները:

Մասնավորապես, արդեն հասցրել են հրապարակումներ ներկայացնել ՀՀ Լոռու մարզի Մեծ և Փոքր Այրում գյուղերի, Ծաղկոց բնակավայրի, Սյունիքի մարզի Որոտնավան, Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Կուտական, Սոթք, Դարանակ, Շողակաթ, Տավուշի մարզի Աղավնավանք գյուղերի մասին, պնդելով, որ ժամանակակից Հայաստանի Հանրապետությունում թյուրքական տարածքներ են:

Օրինակ, Աղավնավանքի հետ կապված՝ ալիևյան վերջին նախագծում ինչ-որ արխիվային փաստաթղթերի հղում տալով, փորձ է արվում ապացուցել, թե «1905-1906 թվականներին հայկական ազգայնական «Դաշնակցություն» կուսակցությունը Հարավային Կովկասում մուսուլման բնակչության էթնիկ զտումներ է իրականացնել, որոնք չէր շրջանցել Ելիզավետպոլի նահանգը»:

«Դրանց հետևանքները Սալահի (Աղավնավանքի.- Մ.Պ.) համար տեսանելի են եղել, եթե համեմատենք գյուղի թյուրք բնակչության թվաքանակը 1897 և 1907 թվականներին։ Ըստ «Կովկասյան օրացույցի»՝ 1907 թվականին այստեղ բնակվել է 39 մարդ, որոնց մեծամասնությունը ներկայիս ադրբեջանցիների նախնիներն էին: «Ելիզավետպոլի նահանգի հիշատակագրքում» 1908 թվականի համար նշված է 56 բնակիչ՝ բոլորն ադրբեջանցիներ, իսկ 1914 թվականին՝ 64 բնակիչ է եղել, դարձյալ հիմնականում ադրբեջանցիներ: 1918 թվականին Հայաստանը տարածքային հավակնություններ է ներկայացրել Ղազախի գավառի լեռնային հատվածի նկատմամբ: Գավառի տարածքի մի մասն անցել է հայկական վերահսկողության տակ, և նույնիսկ այդ դեպքում ոչնչացվել են թյուրքական գյուղերը:

Խորհրդային տարիներին Սալահը մտնում էր Դիլիջանի շրջանի, իսկ ավելի ուշ՝ Իջևանի շրջանի կազմի մեջ: Ըստ հայկական աղբյուրների՝ մինչև 1980-ական թվականների վերջը գյուղում ադրբեջանցիներ էին բնակվում»,- նշվում է «Արևմտյան Ադրբեջանի» հիշողության վայրերը» նախագծի հետազոտության մեջ:

Եվ սա հաշվի առնելով, մի տեսակ խորհրդանշական է դառնում նախ Դիլիջանում Հիքմեթ Հաջիև-Արմեն Գրիգորյան հանդիպումը, իսկ վերջին օրերին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ և ադրբեջանցի անդամների՝ խաղաղության օրակարգի համատեքստում քննարկումները: Եվ նման «ապացույցներ» ներկայացված են հայկական մոտ 600 գյուղական վայրերի հետ կապված:

Իսկ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի մասին էլ ադրբեջանական կողմը պնդում է, որ 1991 թվականին Հայաստանում հայացման քաղաքականության և ադրբեջանական ժառանգության ոչնչացման շրջանակում է գյուղը վերանվանվել Սոթք: Ըստ Ալիևի առաջ քաշած «ապացույցների»՝ գյուղը մինչև ռուսական նվաճումը մտել է «Երևանի խանության Գյոյչայի մահալի կազմի մեջ, որն ընդգրկում էր Գյոյչայի ավազանի մեծ մասը»: Բաքուն պնդում է, որ «Սոթքում մինչև 1915 թվականը բնակվել են բացառապես կամ հիմնականում ադրբեջանցիների նախնիներ»:

Եվ նման «ապացույցներ» ներկայացված են հայկական մոտ 600 գյուղական վայրերի հետ կապված: Սակայն Ադրբեջանի հավակնությունները տարածվում են ավելի քան 1000 հայկական գյուղերի վրա, ինչպես վերևում արդեն նշել ենք:

Ի դեպ, 168.am-ը գրել է, որ Ալիևը 2024 թվականին խոստացել էր «արևմտյան ադրբեջանցիներին» Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղ վերադարձնել:

«Կգա մի օր, երբ մենք կվերականգնենք հայերի կողմից ավերված աշուղ Ալեսկերի հուշարձանը և նմանատիպ արարողություն կանցկացնենք Աղքիլսա (ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում.- Մ.Պ.) գյուղում»,- ասել էր նա:

Նշենք, որ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն «արևմտյան Ադրբեջան» պրոյեկտի քաղաքական հովանավորներից է, մի առիթով նա ասել է՝ իբր իր նախնիները Սևանից են:

Այս ամենից կարելի է ենթադրել, նույնիսկ՝ հաստատել, որ ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումները, բացի ռազմավարական, ռազմական և ջրային ռեսուրսների հետ կապված խնդիրները կարգավորելու նպատակներից, դրանք տեղավորվել են նաև «արևմտյան Ադրբեջան» ալիևյան հովանավորությամբ իրականացվող պետական ծրագրի տրամաբանության մեջ: Եվ սա Բաքուն միանգամայն օրինական և օրինաչափ է համարում, քանի որ «Արևմտյան Ադրբեջան»-ի հայեցակարգը բխում է Ադրբեջանի սահմանադրությունից, ինչպես արձանագրել է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:

«1919թ. նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունն Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի՝ Ադրբեջանի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռիի, Շիրակի մարզերի տարածքները մասամբ, ՀՀ տարածքի շուրջ 60 տոկոսը: Այսպիսով, Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության»:

Ի՞նչ է ստացվում՝ ՀՀ Սահմանադրությունից Նիկոլ Փաշինյանը հանում է Անկախության հռչակագիրը, որ պատերազմ չլինի, բայց Ադրբեջանի սահմանադրության մեջ պահպանվում են Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջները, որոնք «լեգիտիմ» հիմք են ծառայում «Արևմտյան Ադրբեջան»-ի հայեցակարգի համար, որի մասին Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Հայաստանի դեմ նոր պատերազմի հրձիգ է:

Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո Ալիևը դրանից չի հրաժարվել և դրանից բխող նոր միջոցառումներ է իրականացնում, չի՞ նշանակում սա՝ պատերազմի սպառնալիքը չեզոքացված չէ, իսկ այն ՀՀ-ի ներսում չէ:

Եվ, առհասարակ, շարքային քաղաքացին չի կարող պատերազմ հրահրել, ավելին՝ պատերազմ կանխելը պետության ղեկավարի գործն է, և դրա համար նա պետք է կարողանա զսպել արտաքին սպառնալիքները և նրանց հեղինակների ախորժակը, տվյալ դեպքում՝ Ալիևի: Որովհետև «Արևմտյան Ադրբեջանը» հովանավորվում է Ալիևի կողմից, որը զարգացման նոր փուլ է ապրում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30