Քրիստինե Գրիգորյանը խոստովանել է՝ ՀՀ անվտանգության ռիսկերի մասին ԱՀԾ զեկույցում առկա պնդումներն ուժի մեջ են, ի՞նչ է ասվել

Ապրիլի 30-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որը ներկայացրել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը:

Քննարկումից հետո խորհրդարանում լրագրողները փորձել են նրանից մի քանի հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ՝ դրսից Հայաստանի դեմ հրբրիդային պատերազմի, Նիկոլ Փաշինյանի չընտրվելու դեպքում աշնանը պատերազմի հավանականության, ինչին ի պատասխան՝ Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ մեկնաբանություն չի պատրաստվում տալ, հետո լրացրել է՝ երկրորդ հարցից փակ նիստում խոսել է, լրացուցիչ ասելիք հրապարակային չունի:

Հակադարձմանը՝ եթե հայ-ադրբեջանական հարաբերություններում վտանգ չեք տեսնում, այդ դեպքում հնարավոր պատերազմի մասին այս հայտարարության վերաբերյալ ի՞նչ պարզաբանում կտաք, Արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը սահմանափակվել է հետևյալով.

«Այն հայտարարությունը, ինչ որ արվել է մեր հրապարակային տարեկան զեկույցում, ուժի մեջ է»:

Կարդացեք նաև

Իսկ ինչ պնդումներ են եղել 2026 թվականին հրապարակված ԱՀԾ զեկույցում:

ՀՀ արտաքին անվտանգության ռիսկերը. Էսկալացիայի հավանականություն

2025 թվականին ինտենսիվորեն շարունակված երկկողմ բարձրաստիճան բանակցությունների, ինչպես նաև օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ակտիվ ներգրավմամբ ձեռք բերված Վաշինգտոնյան հռչակագրի և «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրման արդյունքում զգալիորեն նվազել է՝ ռազմական էսկալացիայի, և բարձրացել՝ խաղաղ կարգավորման հավանականությունը։

Նշված և ուղեկցող գործընթացների ու տվյալների համապարփակ վերլուծության արդյունքում գրեթե անհավանական ենք համարում 2026 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական մտադրությամբ պայմանավորված տարբեր մասշտաբների ռազմական էսկալացիան։ Քիչ հավանական ենք համարում նաև այնպիսի տեղային գործողությունները կամ միջադեպերը, որոնք ռազմաքաղաքական մտադրությամբ չեն պայմանավորված։

Ծառայության համապարփակ վերլուծությունը ցույց է տալիս, որ երկարաժամկետ հեռանկարում խաղաղության կառուցման վրա էականորեն բացասաբար ազդող և ռիսկային գործոն են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջանի» և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթներն ու դրանց ուղեկցող գործողությունները։

Ծառայության ունեցած տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է սույն քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության և երկարաժամկետ խաղաղության համար։

■ Ծառայության դիտարկումները ցույց են տալիս, որ շարունակվում է Ադրբեջանի ռազմական ծախսերի աճը։ Այս հարցը ռիսկային գնահատելու հիմքում ընկած է ոչ միայն զուտ ռազմական ծախսերի աճը, այլև այն, որ ռազմական հատկացումների աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են այլ ոլորտային հատկացումների տեմպերը և շատ դեպքերում՝ իրականացվում առերևույթ այլ ոլորտների հաշվին։ 

Ադրբեջանի բյուջեում ռազմական և այլ ոլորտների 2024-2026թթ․ հատկացումները համեմատվել են 2023 թվականի նույն հատկացումների հետ։ Արդյունքում՝ 2026 թվականի ռազմական հատկացումներն աճել են շուրջ 44%-ով, իսկ մյուս ոլորտային հատկացումները՝ ընդամենը 7.4%-ով։ 2026 թվականի դեպքում անգամ ոչ ռազմական ոլորտների հատկացումների որոշակի նվազում կա՝ 2025 թվականի համեմատ, մինչդեռ ռազմական ոլորտի հատկացումները 2026 թվականի համար շարունակել են աճել։

Տարածաշրջանային ենթակառուցվածքային և տնտեսական ծրագրերը թեև խաղաղության ինստիտուցիոնալացման միակ շարժիչ ուժը չեն, այդուհանդերձ, դրանք ունեն մեծ ներուժ մի կողմից՝ բարձրացնելու տարածաշրջանում ռազմական էսկալացիայի գինը, մյուս կողմից՝ տարածաշրջանի պետություններին առաջարկելու սեփական քաղաքական ու տնտեսական գործոնի ուժեղացում՝ այդ ծրագրերում ներգրավման միջոցով։

Վերջին կետի համատեքստում նշենք, որ զեկույցը հրապարակվել էր 2026 թվականի հունվարին, որից հետո տեղի ունեցավ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմը, և սա թույլ տվեց մասնագետներին խոսել TRIPP նախագծի հնարավոր վերանայումների մասին:

Ի դեպ, ռազմական ռիսկերի համատեքստում հավելենք, որ The New Indian Express-ը մանրամասներ է հայտնել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի` Հնդկաստան կատարած այցի արդյունքների հետ կապված։

Մասնավորապես, նշվում է, որ ըստ Հնդկաստանի պաշտպանության միացյալ շտաբի, «կողմերն ուսումնասիրել են ռազմական տեխնիկայի մշակման համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունները», ինչը մատնանշում է անցումն ավանդական գնորդ-վաճառող հարաբերություններից՝ դեպի համատեղ մշակում և տեղական արտադրության ոլորտում գործընկերություն:

Լրատվամիջոցի փոխանցմամբ, Հայաստանն ուսումնասիրում է հնդկական արտադրության որոշակի պաշտպանական համակարգերի ներքին արտադրության կամ ինտեգրման տարբերակները:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ բանակցություններ են ընթանում «երկիր-երկիր» դասի հնդկական «Pralay» տակտիկական կվազիբալիստիկ հրթիռային համակարգերի ձեռքբերման արժեքի շուրջ, քանի որ Երևանը, հնդկական աղբյուրների տվյալներով, ձգտում է ուժեղացնել Ադրբեջանի հեռահար ճշգրիտ հարվածային միջոցների, այդ թվում՝ իսրայելական արտադրության LORA հրթիռների զսպումը։

Բացի այս, ըստ հնդկական լրատվամիջոցի, Հայաստանը դիտարկում է հեռահար «Astra MK1» «օդ-օդ» դասի հրթիռի ձեռքբերման և իր Սու-30ՍՄ կործանիչների հնարավոր արդիականացման հնարավորությունը:

Թե որքանով են The New Indian Express-ի հայտնած տեղեկությունները համապատասխանում, ժամանակը ցույց կտա, գուցե այս մասին ինչ-որ պահի խոսի նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Ի դեպ, Սու-30-ների արդիականացման և նորերի ձեռքբերման մասին մենք շատ ավելի վաղ հարցումներ ուղարկել ենք պաշտպանական գերատեսչություն, սակայն հայցվող տեղեկությունը պետական գաղտնիք է համարվել: Բայցև այս տարվա հունվարին 168.am-ի հարցին՝ Սու-30ՍՄ-ներն արդյո՞ք մի օր իրենց ողջ հզորությամբ կկարողանանք կիրառել, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանել էր. 

 «Սու-30ՍՄ-ների համար ունենք բավարար որոշակի սպառազինություն, բայց ակնկալվում են նաև համալրումներ: Սու-30ՍՄ-ները բավականին լավ կործանիչներ են, ես շատ բարձր եմ գնահատում դրանց դերը: Եվ ես կարծում եմ, որ մեծ դեր կարող են ունենալ և՛ մեր երկրի հակաօդային պաշտպանության, և՛ տարածքային ամբողջականության պաշտպանության գործում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031