Այս պահին ամենաիրատեսականը «Ռոսատոմի» առաջարկն է՝ ՎՎԷՌ-1000 ռեակտոր կառուցելու վերաբերյալ. Արա Մարջանյան

«Ամերիկյան տեխնոլոգիաներով մոդուլային ԱԷԿ կարելի է ակնկալել միայն 2037-2038 թվականներին, ինչը Հայաստանի համար չափազանց ուշ է»,- այս մասին այսօր Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության արդի մարտահրավերներին և ազգային ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարներին նվիրված փորձագիտական պանելային քննարկմանն ասաց ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) էներգետիկայի հարցով ազգային փորձագետ Արա Մարջանյանը, պատասխանելով հարցին, թե ոլորտում ռուսական կողմի առաջարկը լավագույնը չէ՞ արդյոք:

Արա Մարջանյանն ասաց, որ այս պահի դրությամբ ամենաիրատեսականն ու հիմնավորվածը թվում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի առաջարկը՝ Հայաստանում նոր ՎՎԷՌ-1000 (ВВЭР-1000) ռեակտոր կառուցելու վերաբերյալ։ Մյուս առաջարկները, նրա գնահատմամբ, կրում են խիստ ընդհանրացված և հում բնույթ։ «Օրինակ՝ դուք, հավանաբար, գիտեք, որ ինչ-որ խորհրդատվական ընկերություն կատարել է ամերիկյան առաջարկի տեխնիկատնտեսական հիմնավորումը, սակայն այդ առաջարկում խոսքն արդեն իսկ գոյություն ունեցող ռեակտորի մասին չէ։

Ըստ էության, ինչի՞ մասին ենք մենք խոսում. ի՞նչ տեխնոլոգիա և ի՞նչ ռեակտոր է մատակարարվելու, ինչպե՞ս են այդ աշխատանքները կազմակերպվելու, եթե մինչ օրս ԱՄՆ-ի և Հայաստանի միջև դեռևս ստորագրված և վավերացված չէ «123 միջուկային համագործակցության համաձայնագիրը», իսկ դրա ստորագրման և վավերացման հեռանկարները մի փոքր ավելի կասկածելի են դարձել ԱՄՆ-ում վերջերս տեղի ունեցած ընտրությունների արդյունքում։

Կարճ ասած՝ այսօրվա դրությամբ ամենաիրական առաջարկը «Ռոսատոմ» պետական կոնցեռնի առաջարկն է՝ ՎՎԷՌ-1000 ռեակտորի վերաբերյալ։ Սա քաջ հայտնի, իրեն լավ դրսևորած ռեակտոր է։ Այն, օրինակ, տեղադրված է Իրանում և մի շարք այլ հարթակներում, տեխնոլոգիաները հայտնի են, ցուցանիշները՝ նույնպես։ Այստեղ կարող են մի քանի հարցեր առաջանալ. ինչո՞ւ հենց ՎՎԷՌ-1000, այլ ոչ թե, ասենք, ՎՎԷՌ-1200 կամ ՎՎԷՌ-ՏՕԻ։ Բայց դա առանձին խոսակցության թեմա է։ Այժմ այն մասին, ինչ դուք նշեցիք՝ «Ռոսատոմ» պետական կոնցեռնի առաջարկում հնչել է միջազգային կոնսորցիումի միջոցով նոր էներգաբլոկ կառուցելու գաղափարը։ Ինձ թվում է՝ սա շատ հեռանկարային և հիմնավորված առաջարկ է։

Կարդացեք նաև

Նշեմ, որ «Ռոսատոմը», անկեղծ ասած, մի շարք երկրներում հենց այդպես էլ աշխատում է։ Արևելաեվրոպական, արևմտաեվրոպական և ասիական ընկերությունների ներգրավումը նախագծի իրականացմանը շատ հեռանկարային է, հիմնավորված և ունի իր հավելյալ արժեքը։ Բայց պետք է հաշիվ տանք ինքներս մեզ, որ, այսպես կոչված, «միջուկային կղզին», ըստ էության, հենց ինքը՝ ռեակտորը, լինելու է ռուսական՝ համապատասխանելով ատոմային էներգաբլոկների անվտանգ և արդյունավետ շահագործման բոլոր պահանջներին»,- բացատրեց Արա Մարջանյանը:

Նա նաև անդրադարձավ մոդուլային ռեակտորների հարցին, առաջարկելով արձանագրել մի քանի փաստ։ «Առաջին՝ այսօրվա դրությամբ ԱՄՆ-ում չկա ոչ մի գործող, լիցենզավորված մոդուլային ռեակտոր։ Երկրորդ՝ մինչև վերջերս ԱՄՆ-ում չկար նույնիսկ մոդուլային ատոմային ռեակտորի լիցենզավորված նախագիծ։ Սեպտեմբերի 30-ին ԱՄՆ պատասխանատու մարմինն առաջին անգամ լիցենզիա է տվել Թենեսի նահանգի Օք-Ռիջի մերձակայքում առաջին մոդուլային ռեակտորի կառուցման համար. դա GE Hitachi ընկերության 300 ՄՎտ հզորությամբ ռեակտորն է։ Ընդգծում եմ՝ առաջին անգամ լիցենզիա է տրվել միայն շինարարության համար։ Սակայն այսօրվա դրությամբ ԱՄՆ-ում չկա ո՛չ այդ ռեակտորը, ո՛չ էլ գործող մոդուլային կայան։ Ռուսաստանում, ինչպես նշվեց, այդպիսի ռեակտորները երկուսն են՝ «Ակադեմիկ Լոմոնոսով» լողացող ԱԷԿ-ի վրա։ Մոդուլային ռեակտոր կա նաև Չինաստանում։

Եվս մեկ անհրաժեշտ նրբություն մեր քննարկման մեջ։ «123 համաձայնագիրը» ԱՄՆ նախագահի կողմից պետք է ուղարկվի Կոնգրես՝ վավերացման։ Եթե Կոնգրեսի անընդմեջ աշխատանքի 90 օրվա ընթացքում որևէ քայլ չձեռնարկվի, այդ պայմանագիրը կարող է համարվել ավտոմատ կերպով վավերացված։ Եթե ոչ՝ սկսվում է աշխատանքների նոր փուլ։ Այսինքն՝ եթե նայենք ժամկետներին, խոսքը 2027 թվականի սկզբի մասին է. իրատեսորեն նախագահը փաստաթուղթը կուղարկի գարնան վերջին կամ ամռանը, և լավագույն դեպքում պայմանագիրը վավերացման փուլին կհասնի 2027 թվականի աշնան վերջին։

Եվ սա դեռ միայն «123 համաձայնագիրն» է, որն ընդամենը ստեղծում է իրավական հիմք՝ ատոմային տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության համար։ Իսկ դրանից հետո անհրաժեշտ է, որ հենց ԱՄՆ-ում հայտնվեն այդ ռեակտորները և ապահովեն անվտանգ ու արդյունավետ աշխատանքի որոշակի քանակությամբ տարիներ։ Այսինքն՝ ամերիկյան տեխնոլոգիաներով գործող մոդուլային ատոմակայան իրատեսորեն կարելի է ակնկալել մոտավորապես 2037-2038 թվականների շրջանում, ինչը Հայաստանի համար չափազանց ուշ է»,- հստակեցրեց Արա Մարջանյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30