Երջանիկ Աբգարյան. Շառաչուն չափալախ հայերի երեսին

Հարցազրույց նախկին ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանի հետ

– Ի՞նչ գնահատական կտաք Ռուսաստանում ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին կանացի ծաղկավոր խալաթով դատարանի դահլիճ բերելու փաստին, ով մեղադրվում է Պոդոլսկում տեղի ունեցած ավտովթարի մեջ:

– Դա (այլ ավելի հարմար բառ չեմ գտնում ասելու) շառաչուն չափալախ էր բոլոր հայերի երեսին և հատկապես` ռուսահայերի: Մի կողմից` դա ցույց է տալիս ռուսական պետական բարոյականության անկումը, այն էլ` անկումը ստորագույն աստիճանի, ի նկատի առնելով, որ ռուսական ոստիկանությունն ու պետական առողջապահական հիմնարկն են մարդուն ստորացնելու և նրա արժանապատվությունը նսեմացնելու այդ քայլի հեղինակը, մյուս կողմից` ռուսական լայն հասարակության այլատյացության և անհանդուրժողականության «չափաբաժինների» արդեն վտանգավոր հանգրվանների հասնելը:

Մի խոսք կուզեի ավելացնել նաև ռուսահայերի վերաբերմունքի մասին, որոնք, մի կողմ թողնելով առանձին մի քանի մասնակի պոռթկումները, շատ պասիվ արձագանքեցին այս այլանդակ երևույթին: Բողոքի ոչ մի զանգվածային ելույթ չեղավ ո՛չ Մոսկվայում, ո՛չ էլ Ռուսաստանի հայահոծ այլ քաղաքներում: Իսկ նրանց պարագլուխ համարվող Արա Աբրահամյանն ուղղակի իրեն ողորմելիի և փալասի պես պահեց հայտնի հեռուստահաղորդման ժամանակ` մի բառ իսկ չարտասանելով այդ դժբախտ վարորդի մարդկային արժանապատվությունը ոտնահարելու վերաբերյալ:

Կարդացեք նաև

– Տեսակետներ հնչեցին, որ ՌԴ-ՀՀ հարաբերությունները վատթարանում են: Արդյոք այս միջադեպը հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման մասին կարո՞ղ է խոսել:

– Ես չեմ հավատում, որ հայ-ռուսական հարաբերություններն, ի դեմս ներկայիս հայկական և ռուսական իշխանությունների փոխհարաբերությունների, վատացել կամ վատթարացել են: Սա այդպիսի տպավորություն առաջացնելու քաղաքական խաղ է (դե գիտեք, եվրոպացիները շատ են սիրում խաբվել, որ հետո մի «քյալագի քաշեն» խաբողին), որն իր տրամաբանական ավարտը կունենա մի երկու-երեք ամսից: Որտե՞ղ է տեսնված, որ գործակալը սեփական խաղը խաղա և այն էլ` այդ մակարդակում: Դա բացառված է: Իսկ Հոկտեմբերի 27-ը և Մարտի 1-ը, համընդհանուր թալանըգ ո՞նց եք պատկերացնում դրանց իրական հեղինակների վիճակը, եթե ռուսները բերանները բացեն: Ի դեպ, եթե Ձեր ասածի պես լիներ, ապա Սերժ Սարգսյանը կօգտագործեր այս դեպքը` Ռուսաստանին մեղադրելու և իր «սպասվելիք» քայլերն արդարացնելու համար: Սա ընդամենը ռուսական դարավոր այլատյացության և անհանդուրժողականության աղաղակող փաստերից մեկն է:

– Հայաստանի իշխանությունների պաշտոնական գնահատականն այս դեպքին համարժե՞ք էր: Բավարա՞ր է այն, ինչ իշխանության ներկայացուցիչների կողմից հրապարակային ասվեց:

– Իսկ նրանց գնահատականը դուք լսե՞լ եք: Այդպիսի գնահատական չկա, որպեսզի քննարկենք դրա «համարժեք» լինելու կամ չլինելու հարցը: Եվ այս դեպքն էլ, ռուսների գործողություններում և արտահայտություններում, եզակի չէ հայերի նկատմամբ: Բայց ես, դեռ մի կողմ թողնելով ռուս ոստիկանների այս կեղտոտ ու անբարոյական վարմունքը` Հարությունյանին կանացի խալաթով դատարան ներկայացնելու մասով, ուզում եմ հարց տալ. երբևէ եղե՞լ է, որ հայերին ու Հայաստանին ներկայացնողները փորձեն կարգի հրավիրել ռուսներին` հայերի նկատմամբ նրանց կատարած հանցագործությունների, լկտի ու լպիրշ գործերի և վարվեցողության համար: Հեռու չգնանք` մի քանի տարի առաջ ռուս հարբած զինվորները Գյումրիում սպանեցին հայ քաղաքացուն…

Բանից պարզվեց, որ այդ քաղաքացուն իր երկրում սպանելն ընդդատյա չէ իր երկրի արդարադատությանը: Բանից պարզվեց նաև, որ մեր երկրում գործում է օտար երկրի դատախազություն` ռուսական Զինվորական դատախազությունը: Սա Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պետական հանցագործությունների շարքից է, հայ-ռուսական միջպետական անօրինական պայմանագրերի շարքից, որով բացահայտորեն խախտվում են մեր Սահմանադրության մի շարք դրույթներ: Վերոհիշյալ սպանության առնչությամբ հայկական մամուլի բարձրացրած աղմուկին ՀՀ իշխանությունը չհամարձակվեց ծպտուն իսկ հանել: Իսկ ահա այդ դեպքի կապակցությամբ, ռուսական մի թերթի թղթակցի հարցին Գյումրիի գժի թուղթ ունեցող քաղաքապետ Վարդանիկը, վատաբանելով արդեն մահացած քաղաքացուն, փաստորեն, շնորհակալություն հայտնեց այդ հարբած ռուս զինվորներին` ՀՀ այդ քաղաքացուն սպանելու և իրեն այդ «գլխացավանքից ազատելու համար»: Եվ հարցը փակվեց` տղերքին ուղարկեցին Ռուսաստանում շարունակելու իրենց ծառայությունը:

Եվս մի արդեն թարմ օրինակ` ամիսներ առաջ Գյումրիի ռուսական ռազմաբազայի տանկային վարժարանում երկու երեխաներ զոհվեցին: Ո՞ր ռուս հրամանատարը պատժվեց այն բանի համար, որ այդ «անդուռ ու անլուսամուտ» վարժարանը պարսպապատված չէր, որ այդ վարժարանի տարածքում շաղ էին տրված չվնասազերծված ռազմամթերքներ, որոնց մինչ այդ արդեն զոհ էր գնացել ՀՀ ևս մի քաղաքացի և ունեցվածքային վնասներ էին կրել շրջակա գյուղերի բնակիչները: Ռազմաբազայի հրամանատարներից մեկը ցինիկաբար մեղքը գցեց սպանված, բանից անտեղյակ երեխաների վրա, թե` թող չմտնեին այդ «վարժարանի» բաց ու արձակ տարածքը: Եվ այս հանցագործությունն էլ անպատիժ մնաց: Իր ժողովրդի վրա տանկ ու ինքնաձիգ հանող ՀՀ իշխանությունը փաստորեն ոչ մի պաշտոնական արձագանք չտվեց դրան: Հիմա, եթե մեր երկրի ներսում մենք մեր պատիվը չենք ուզում պաշտպանել, էլ ինչպե՞ս պիտի պաշտպանեք դա օտարից և այն էլ` նրա երկրում, և այն էլ` Ռուսաստանի նման օրեցօր ֆաշիստացող երկրում:

– Պարոն Աբգարյան, այդ դեպքում հիմա ի՞նչ քայլեր եք ակնկալում Հայաստանի իշխանություններից: Ի՞նչ պետք է անի հայկական կողմն այս հարցում:

– Քայլեր շատ կան, բայց կարծում եմ` ներկայումս համեմատաբար նպատակահարմարը ՀՀ ԱԳՆ-ի բողոքի նոտան է, որը պետք է հղվի ՌԴ ԱԳՆ-ին: Բայց Սերժ Սարգսյանն այդքան համարձակություն կունենա՞: Չե՛մ կարծում:

Տեսանյութեր

Լրահոս