«Գլուխ գովալով կամ լոպազանալով ման ես գալիս, հետևանքը ողբերգական է լինելու. Վերջում ասելու է՝ «извини, друг», ու թողնի գնա». Արամ Սարգսյան

«Տեսեք, թե այսօր ինչ է կատարվում ՏԻՄ ընտրությունների նախաշեմին՝ առավոտից ամեն մի տեղում, որտեղ ընդդիմադիր ուժեր կան, տեղի են ունենում ձերբակալություններ, մարդկանց բերման են ենթարկում։ Հետևաբար, որևէ երաշխիք կա՞, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված հնարավոր արտահերթ ընտրությունների ժամանակ նույնը տեղի չի ունենա՝ որևէ երաշխիք չկա։ Եվ մտածել, թե այդ ճանապարհով հնարավոր է իշխանափոխություն լինի, կարծում եմ՝ այդ լոպազությունը պետք է մի կողմ դնել և հստակ հաշվարկներ անել, թե ինչ քաղաքական գիծ պետք է ընդունի ընդդիմությունը»։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ` «եթե չկարողա համոզել ընդդիմությանը, որ Սահմանադրությունը պետք է փոխի, ապա չի բացառում արտահերթ ընտրությունների գնալու սցենարը»։

Արամ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին թերահավատորեն է վերաբերում զուտ այն պատճառով, որ նա այդպիսով շեղում է հասարակության ուշադրությունը շատ կարևոր հարցից՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետ կապված։ Բացի այդ, ըստ նրա՝ պետք է հասկանալ, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այսքան շտապում Սահմանադրությունը փոխելու հարցում և անտարբեր է մյուս հարցերի վերաբերյալ։

«Կարծում եմ՝ պարզ է, չէ՞, ինչն է Սահմանադրությունում Նիկոլ Փաշինյանի «գլխացավանքը», նաև Ադրբեջանի, որ վերացնեն Անկախության հռչակագիրը։ Ինչո՞ւ է այսպես «ափալ-թափալ» ուզում այս հարցը լուծել, ինչպես ասում են՝ շան գլուխն այստեղ է թաղված, որ պարտավորություն կա ամեն ինչ արագ անելու։

Ըստ իս, այս պահին հնարավոր չէ, որ այդ ամենն իրականացնելու համար հնարավոր կլինի ընդդիմությունից 6-7 ձայն փախցնի։ Պատկերացրեք, եթե սա չի ստացվում, նա գնում է արտահերթ ընտրությունների։ Մենք հունիսի ընտրություններին չմասնակցեցինք, որպեսզի ձայները չփոշիացնենք, դիմել էինք նաև այն ուժերին, որոնք ունեին մեծ ռեսուրս, ասելով, որ 3 պայմանով պետք է մասնակցեն ընտրություններին։ Նախ, հաղթելու դեպքում կոալիցա չեն ձևավորելու ՔՊ-ի հետ, ինչն, իհարկե, անարձագանք մնաց։ Պետք է նաև հայտարարեին, որ վերահսկելու էին ընտրությունների ընթացքը, նաև, որ հետընտրական գործընթացները պետք է արվեին միասնական»,- հավելեց մեր զրուցակիցը։

Կարդացեք նաև

Նրա դիտարկմամբ, եթե պետք է լինեն արտահերթ ընտրություններ և ընդդիմության ավելի լայն համախմբում տեղի չունենա, ուրեմն՝ նախապես այդ ընտրությունների արդյունքները կարող է ասել, թե ինչ է լինելու։

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ 4 երկրների կազմած զեկույցին, որը վերաբերում էր այն բացասական հետևանքներին, որը Հայաստանը կարող է ունենալ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում, Արամ Սարգսյանը նկատեց՝ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, տեղի է ունենալու բոլորովին այլ իրավիճակ, և հետևաբար պետք է ընտրել՝ կա՛մ գնում են հանրաքվեի ԵԱՏՄ-ից դուրս գալու համար, կա՛մ գնում են արտահերթ ընտրությունների։

«Գազի գնի շուրջ կապված. Երեխային էլ է հասկանալի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի գինը բարձրանալու է։ Ինչպե՞ս կարող է գազի գինը բարձրանա և տնտեսությունում խնդիրներ չառաջանան։

Հարցն այստեղ հետևյալն է՝ Նիկոլ Փաշինյանը ռուսական գազին այլընտրանք ունի՞, չունի, որովհետև բոլորս գիտենք, որ Իրանից եկող գազը գազամուղի պատճառով ունի սահմանափակումներ։ Չունենք գազատար երկրորդ կամ երրորդ այլ երկրներից։ Սա նշանակում է, որ այսօր ռուսական գազին այլընտրանք չունենք, հիմա թե երբ կլինի, չեմ կարող ասել, դրա համար առաջիկա տարիներին մենք ահռելի անկում ենք ունենալու, չգիտեմ էլ՝ դրան ինչպես ենք դիմանալու։ Աղքատությունը հնարավոր է ծանր բեռ դառնա, արտագնա աշխատողների թիվը, արտագաղթողների թիվը կավելանա, դրան զուգահեռ՝ կգան այն միգրացիոն խմբերը, որոնք այստեղ առհասարակ կառավարելի չեն։

Ես հիմա ոչ թե ուզում եմ ժողովրդին ահաբեկեմ, այլ իրականությունն եմ ներկայացնում։

Իմ նշած այդ ամենը չունենալով, դու գլուխ գովալով կամ լոպազանալով ման ես գալիս, բայց հասկանում եմ, որ դրա հետևանքը լինելու է ողբերգական։

Ժամանակին, երբ սովետական մեքենաները միմյանց խփում էին, ասում էին «извини, друг», սա այդպես է ասելու ու թողնի գնա, արդյունքում՝ ժողովուրդն է տառապելու։ Դրա համար ասում եմ՝ հանրաքվեն չի կարելի առանձնացնել արտահերթ ընտրությունների հարցից, այս երկուսն էլ պետք է լինեն օրհասական խնդիր»,- ընդգծեց Արամ Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031