Բաժիններ՝

Հռոմի պապ Լևոն XIV-ը մահապատիժն անընդունելի է համարել

Հռոմի պապ Լևոն XIV-ը հոկտեմբերի 10-ին դեմ է արտահայտվել մահապատժին՝ այն անվանելով «անընդունելի», հայտնում է Associated Press-ը։

Հռոմի պապի հայտարարությունը հնչել է Մահապատժի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ Նիդալ Հասանի մահապատիժը ուղիղ եթերում հեռարձակելու ծրագրերի մասին հայտարարությունից մի քանի օր անց։ Հասանը դատապարտվել է 2009 թվականին Տեխասի Ֆորտ Հուդ ռազմաբազայում տեղի ունեցած զանգվածային սպանության համար։

X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ Լևոն XIV-ը մեջբերել է Կաթոլիկ եկեղեցու՝ մահապատժի վերաբերյալ նորացված ուսմունքը, որն ընդունվել է նրա նախորդի՝ Ֆրանցիսկոս պապի օրոք։ Ըստ եկեղեցու դիրքորոշման՝ մահապատիժը ոտնահարում է մարդու անքակտելի արժանապատվությունը։

«Հանրային բարօրությունը կարելի է պաշտպանել, իսկ արդարության պահանջները՝ կատարել առանց մահապատժի կիրառման», — ասվում է պապի գրառման մեջ։

Նշվում է նաև, որ ժամանակակից քրեակատարողական համակարգերը հնարավորություն են տալիս պաշտպանել հասարակությունը՝ մեղավորներին չզրկելով քավության հնարավորությունից։

Պապն ուղղակիորեն չի անդրադարձել Հասանի՝ նախատեսվող մահապատժին։ Սակայն նրա հայտարարությունից մի քանի ժամ առաջ Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը քննադատել էր ԱՄՆ իշխանությունների ծրագրերը։

Պարոլինը մահապատժի հեռարձակումը համարել է «անընդունելի»՝ նշելով, որ մահը տեսարանի վերածելն անթույլատրելի է նույնիսկ ծանր հանցագործություն կատարած անձի դեպքում։ Նրա խոսքով՝ Կաթոլիկ եկեղեցին լիովին դեմ է մահապատժին, քանի որ այն անհամատեղելի է մարդկային արժանապատվության հետ և զսպող ազդեցություն չի ունենում։

Հասանը մեղավոր է ճանաչվել 2009 թվականին Ֆորտ Հուդ ռազմաբազայում հրաձգության հետևանքով 13 մարդու սպանության և ևս 32-ին վիրավորելու համար։ Նախապես հայտարարված ծրագրերի համաձայն՝ նրա մահապատիժը պետք է իրականացվի դեկտեմբերի 3-ին։

2018 թվականին Ֆրանցիսկոս պապը փոփոխություն էր կատարել Կաթոլիկ եկեղեցու կաթեխիզիսում՝ ամրագրելով մահապատժի անթույլատրելիությունը ցանկացած հանգամանքում։ Մինչ այդ եկեղեցական ուսմունքը բացառիկ դեպքերում թույլ էր տալիս մահապատիժը, եթե այն համարվում էր մարդկային կյանքերը պաշտպանելու միակ միջոցը։

Պենտագոնի ծրագրերին դեմ է արտահայտվել նաև ԱՄՆ կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովի ղեկավար, արքեպիսկոպոս Փոլ Քոքլին։ Նա իր ցնցումն ու խոր վիշտն է հայտնել՝ իշխանությունների որոշումը որակելով որպես մահվան մշակույթի քարոզչություն և կոչ անելով վերանայել այն։

Քոքլին ընդգծել է, որ Հասանի կատարած հանցագործությունները չեն կարող արդարացվել, սակայն ծանր հանցագործություն կատարած անձի հրապարակային մահապատիժը միայն կխաթարի ամերիկյան հասարակության բարոյական հիմքերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031