«Կոպիտ ձևակերպեմ՝ Փաշինյանը գնացել է կատարած աշխատանքի համար «աչոտ» տալու և նոր պատվեր ստանալու համար». Արմինե Ադիբեկյան
Այսօր Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում, հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Երկու երկրների ղեկավարների հանդիպումը տևել է մոտ 1,5 ժամ։ Ինչպես տեղեկացնում են Կառավարությունից՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ընդգծել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի կողմից ստորագրված համատեղ հռչակագրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման պատմական նշանակությունը։
«Ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, հացահատիկի և երրորդ երկրներից ծագող այլ ապրանքների Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցումը, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների հաստատումն ընդգծվել են որպես խաղաղության ամրապնդման կարևոր գործնական դրսևորումներ։ Ղեկավարները նաև ողջունել են գործարար համայնքների միջև շփումները և մտքեր փոխանակել փոխշահավետ տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ։
Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը համաձայնել են երկկողմ անմիջական շփման միջոցով շարունակել քայլերը՝ ուղղված տևական խաղաղության ամրապնդմանը, միջպետական հարաբերությունների կարգավորմանը և կապակցվածության ամրապնդմանը»,- նշված է Կառավարության տարածած հաղորդագրությունում։
Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը խոսելով Փաշինյան-Ալիև հանդիպման մասին և պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Բաքվում պահվող գերիների հարցը ՀՀ ղեկավարի կողմից կբարձրաձայնվի, պատասխանեց.
«Միանշանակ բացառում եմ, որ գերիների հարցը կբարձրաձայնի։ Եթե կոպիտ ձևակերպեմ, ապա Փաշինյանը գնացել է իր կատարած աշխատանքի համար «աչոտ» տալու և նոր պատվեր ստանալու համար»։
Ինչ վերաբերում է հանդիպման ընթացքում Տիգրանաշենի մասին հարցերին, որի մասին Նիկոլ Փաշինյանը վերջերս էր հայտարարություն արել, Արմինե Ադիբեկյանն ասաց, որ վստահություն ունի՝ Տիգրանաշենը Փաշինյանը հանձնելու է Ադրբեջանին, ճիշտ այնպես, ինչպես հանձնեց Շուռնուխի, Ներքին Հանդի, Կիրանցի մի մասը։
«Չկա որևէ նախադրյալ, որ ինքը Տիգրանաշենը չի հանձնելու. մարդը դրա մասին բացեիբաց հայտարարել է, նա անոնսավորել է, որ տալու է։
Դե, սահմանազատման հետ կապված այս սյուները դնում են, Ադրբեջանը զորքերը մոտեցրել է, հայ բնակչությանը հետ են քաշել, իհարկե՝ սահմանազատում է տեղի ունենում։ Այստեղ ոչ թե փաստը պետք է արձանագրենք, այլ պետք է խոսենք վտանգների ու դրա հետևանքների մասին»,- 168.am-ի հետ զրույցում ընդգծեց Արմինե Ադիբեկյանը։
Նշենք, որ Բիշկեքում նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

