«Ռուսաստանից հեռանալու բացահայտ քայլեր են անում. աշխարհը պատրաստվում է երրորդ աշխարհամարտին». Դավիթ Ջամալյան
Օրերս ՔՊ վարչության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ՌԴ նախագահն իրեն չի շնորհավորել՝ վերընտրվելու կապակցությամբ, պատճառը չգիտի: «Չի ցանկացել, չի շնորհավորել»,- կարճ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության անցնող նիստից հետո էլ խոսելով հայկական երկաթուղու մասին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հայկական երկաթուղու հետ կապված իր դիրքորոշումը հայտնի է՝ այն Հայաստանի սեփականությունն է և պետք է օգտագործի այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում։
Նա շեշտեց՝ ուզում են Ռուսաստանի հետ այդ հարցը բարեկամաբար լուծել, իսկ եթե խնդիր կա, ապա կգնան արբիտրաժային դատարան ու հարցը կլուծեն։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը խոսելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլի մասին, նախ հիշեցրեց՝ Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել մի շարք հայկական ապրանքների ներմուծման դեմ, ինչը, բնականաբար, ոչ թե տնտեսական, այլ քաղաքական որոշում է։
Թե ինչո՞ւ է նման քայլերի դիմում Ռուսաստանը, Դավիթ Ջամալյանը մանրամասնեց.
«Ցանկացած գերտերություն, հատկապես կայսերական անցյալ ունեցող, ունի համբերության բավականին ռեսուրս։ Մասնավորապես ռուսական պետության ավանդություններն ու պատմությունը հաշվի առնելով, տեսնում ենք, որ այստեղ որոշումները միանգամից չեն կայացվում։ 2021 թվականին՝ 5 տարի առաջ, շանս տվեցին Հայաստանում լեգիտիմություն չունեցող, հայրենիք հանձնող դավաճանական խունտային մնալ իշխանության ղեկին։ Սա իրենց ճակատագրական սխալն էր, ինչը հարվածեց և՛ իրենց, և՛ մեզ։ Մեր և իրենց շահերը շատ հարցերում համընկնում են, գրեթե նույնական են, սա մեր հավաքական դաշնակցային հարաբերություններին լուրջ հարված էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Ջամալյանը։
Ըստ փորձագետի, Մոսկվայում ենթադրում էին, որ թուլացած Նիկոլ Փաշինյանը չի կարող հակառուսական բացահայտ ճանապարհ բռնել, մտածում էին, եթե Արցախի անվտանգությունն իրենք են ապահովում, Սյունիքում բազաներ ունեին, Նիկոլ Փաշինյանը չի գնա ընդգծված հակառուսական քայլերի։
«Չհասկացան, որ Նիկոլ Փաշինյանը ռեգիոն էր բերվել հենց Ռուսաստանին այստեղից հանելու համար։ Այդ ճանապարհով հետևողականորեն գնաց, քայլ առ քայլ կտրվեցին ռուսական կապերը և սկսվեց ճգնաժամը։ Հիմա բանը հասել է նրան, որ խոսում են եվրոինտեգրացիայի մասին, այն դեպքում, երբ ԵՄ-ում մեզ որևէ մեկը չի սպասում»,- հավելեց Դավիթ Ջամալյանը։
Նա վստահ է, որ Հայաստանի օրվա իշխանությունները վստահ են, որ չեն կարող մտնել ԵՄ, որպես այդ կառույցի լիարժեք անդամ, միաժամանակ գիտեն նաև, որ իրենց իշխանության հարատևության գինը Հայաստանը Ռուսաստանից կտրելն է։
«Ռուսաստանից հեռանալու բացահայտ քայլեր են անում արդեն։ Աշխարհը պատրաստվում է երրորդ աշխարհամարտին, ինչն, իհարկե, զարհուրելի հեռանկար է, բայց փաստ է։
Հիմա մի քանի երկիր փորձում են Հայաստանին խցկել թուրանական նախագծի մեջ, քանի որ Եվրոպան ու Միացյալ Նահանգները չեն կարողանում բավականին կառավարելի դարձնել Թուրքիային։ Հետևաբար՝ ստիպված են հաշվի նստել նրա հետ և նրա շահերն ընդունել որպես ի գիտություն և առաջ տանել հակառուսական քայլեր։
Ռուսաստանում այս ամենը տեսնում ու հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ոչ թե հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ, այլ սոցիալական բունտը կանխելու համար նրա հետ կապերի կտրելը սահուն դարձնել»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Շարունակելով, Դավիթ Ջամալյանն ասաց՝ ՌԴ-ն Նիկոլ Փաշինյանի ձեռքը չի բռնել, միայն ասում է՝ կարող ես գնալ ԵՄ, բայց նախ ԵԱՏՄ-ից դուրս արի։ Առհասարակ ռուսական կողմի դիրքորոշումը նման հարցերում կոշտ է, և սա միայն Հայաստանի հետ հարաբերությունների մասին չէ։

