Իրան-ԱՄՆ ռազմական հարվածների տասներորդ օրը. Մերձավոր Արևելքի ճգնաժամի նոր շերտերը

Իրանի և Միացյալ Նահանգների միջև նոր  ռազմական դիմակայության փուլը շարունակվում է շուրջ տասն օր՝ աստիճանաբար վերածվելով ոչ միայն ռազմական, այլև քաղաքական ու դիվանագիտական բազմաշերտ ճգնաժամի։

Վերջին ժամերին շարունակվել են փոխադարձ հարվածները, որոնց թիրախում են հայտնվել՝ ինչպես ռազմական ենթակառուցվածքները, այնպես էլ՝ տարածաշրջանի ռազմավարական հաղորդակցություններն ու էներգետիկ օբյեկտները։

Վաշինգտոնը հայտարարում է, որ գործողություններն ուղղված են Իրանի հարվածային ներուժի սահմանափակմանը և Պարսից ծոցի ծովային հաղորդակցությունների անվտանգությանը, մինչդեռ Թեհրանը պնդում է, որ ԱՄՆ-ը շարունակում է «ագրեսիան» և ստանում է «համարժեք պատասխան»։

Միաժամանակ երկու կողմերն էլ, չնայած կոշտ հռետորաբանությանը, շարունակում են հայտարարել, որ դիվանագիտական ուղին ամբողջությամբ փակված չէ, ինչը վկայում է, որ ռազմական ճնշումը դեռ դիտարկվում է՝ որպես բանակցային դիրքերն ուժեղացնելու միջոց, այլ ոչ՝ վերջնական նպատակ։

Կարդացեք նաև

Տարածաշրջանային դիվանագիտությունն այս փուլում նոր ակտիվություն է ցուցաբերում։ Al Jazeera-ի տեղեկություններով՝ Իրանի ներքին գործերի նախարարն այսօր ժամանում է Իսլամաբադ՝ բանակցելու պակիստանյան իշխանությունների հետ։

Վերջին ամիսներին հենց Պակիստանն է դարձել Վաշինգտոնի և Թեհրանի միջև ամենաարդյունավետ միջնորդներից մեկը՝ փորձելով կանխել հակամարտության լայնածավալ ընդլայնումը։ Իսլամաբադը շարունակում է հանդես գալ նույն դիրքորոշմամբ՝ կոչ անելով կողմերին վերադառնալ քաղաքական գործընթացին և պահպանել նախկինում ձևավորված բանակցային շրջանակը։

Նույն ժամանակաշրջանում տեղեկատվական դաշտում հայտնվեց ևս մեկ ուշագրավ տեղեկություն, որն արդեն վերաբերում է ոչ թե ռազմական գործողություններին, այլ հենց բանակցային գործընթացի վստահելիությանը։ Drop Site News-ը պնդել է, որ Շվեյցարիայում կայացած շփումների ընթացքում Իրանը գաղտնի հաղորդագրություն է փոխանցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ մեղադրելով Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին բանակցային գործընթացն անձնական ֆինանսական շահերի համար օգտագործելու մեջ։

Ըստ հրապարակման՝ Թեհրանը պնդում է, թե Թրամփի մերձավոր շրջանակները շուկայի հնարավոր մանիպուլյացիաներից ստացել են շուրջ 9 միլիարդ դոլարի եկամուտ, և հայտարարել է, որ ապացույցները կներկայացվեն ավելի ուշ։ ԱՄՆ վարչակազմը կտրականապես հերքել է այդ մեղադրանքները։ Այս պահի դրությամբ հրապարակված չեն անկախ ապացույցներ, որոնք կհաստատեն այդ պնդումները, սակայն դրանք ըստ էության կասկածի տակ են դնում նաև բանակցողների ազնիվ մղումները:

Սակայն, նույնիսկ, եթե այդ տեղեկությունները չստանան փաստական հաստատում, դրանց քաղաքական նշանակությունը թերագնահատել չի կարելի։ Թեհրանը փաստացի փորձում է փոխել բանակցային օրակարգի տրամաբանությունը՝ քննարկումը տեղափոխելով բանակցողների նկատմամբ վստահության դաշտ։

Եթե նախկինում հիմնական տարաձայնությունները վերաբերում էին միջուկային ծրագրին, պատժամիջոցներին և տարածաշրջանային անվտանգությանը, ապա այժմ առաջին պլան է մղվում նաև այն հարցը, թե որքանով են բանակցողներն իրապես ներկայացնում պետական շահերը և որքանով են ազատ անձնական կամ քաղաքական ազդեցություններից։ Սա կարող է լրջորեն բարդացնել հետագա բանակցությունները նույնիսկ այն դեպքում, եթե ռազմական գործողությունների ինտենսիվությունը նվազի։

Վաշինգտոնի պաշտոնական հայտարարություններն առայժմ չեն վկայում բանակցային կազմը փոխելու պատրաստակամության մասին։ Սպիտակ տունը շարունակում է պնդել, որ Իրանի դեմ գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերացել ամերիկյան և դաշնակից ուժերի նկատմամբ սպառնալիքները։

Միաժամանակ ԱՄՆ ղեկավարությունը շարունակում է ընդգծել, որ դիվանագիտական լուծումը շարունակում է մնալ նախընտրելի տարբերակը, եթե Թեհրանը պատրաստ լինի «բովանդակային բանակցությունների»։ Իրանական կողմն էլ իր հերթին՝ հայտարարում է, որ չի հրաժարվում քաղաքական երկխոսությունից, սակայն այն հնարավոր է միայն «հավասարության և փոխադարձ հարգանքի պայմաններում»։

Առաջիկա շաբաթների զարգացման հիմնական սցենարը, ամենայն հավանականությամբ, լայնածավալ պատերազմի խորացումը չէ։ Ավելի հավանական է վերահսկվող էսկալացիայի շարունակությունը, երբ ռազմական գործողությունները կշարունակվեն սահմանափակ ինտենսիվությամբ, իսկ փակ դիվանագիտական շփումները՝ հատկապես Պակիստանի և այլ միջնորդների մասնակցությամբ, չեն դադարեցվի։

Բանակցային խմբի փոփոխությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե իրանական մեղադրանքները ստանան նոր փաստական զարգացումներ կամ ԱՄՆ ներքաղաքական դաշտում առաջացնեն զգալի ճնշում։ Հակառակ դեպքում Վաշինգտոնը դժվար թե հրաժարվի արդեն ձևավորված բանակցային ճարտարապետությունից։

Այսպիսով, Իրանի և ԱՄՆ-ի դիմակայության տասներորդ օրը ցույց է տալիս, որ հակամարտությունն աստիճանաբար տեղափոխվում է նոր փուլ, որտեղ ռազմական գործողություններից ոչ պակաս կարևոր են դառնում քաղաքական վստահությունն ու բանակցային գործընթացի լեգիտիմությունը։

Եթե առաջիկա օրերին միջնորդներին չհաջողվի վերականգնել նվազագույն վստահության մթնոլորտը, ապա նույնիսկ հրադադարի կամ ժամանակավոր դադարների դեպքում բանակցությունները կմնան խիստ փխրուն։ Իսկ դա նշանակում է, որ Մերձավոր Արևելքում կայունության գլխավոր մարտահրավերն առաջիկայում լինելու է ոչ միայն հրթիռների լռեցումը, այլև քաղաքական վստահության վերականգնումը, առանց որի որևէ համաձայնություն երկարաժամկետ կենսունակ չի լինի։

Հակամարտության շարունակությունը չի կարող ազդեցություն չունենալ նաև Հարավային Կովկասի վրա, որտեղ վերջին ամիսներին ակտիվորեն քննարկվում է տարածաշրջանային նոր հաղորդակցային և անվտանգային ճարտարապետության ձևավորման հարցը։ Հայաստանի իշխանությունների համար առանցքային հետաքրքրություն ներկայացնող «ԹՐԻՓՓ» (TRIPP) նախաձեռնության շուրջ գործընթացների արագ առաջմղումը մեծապես կախված է արտաքին դերակատարների քաղաքական և անվտանգային ռեսուրսների կենտրոնացվածությունից։

Սակայն, եթե Վաշինգտոնը ստիպված լինի երկարաժամկետ ներգրավվածություն պահպանել իրանա-ամերիկյան ճգնաժամում, ապա, բնականաբար, կնվազի նրա քաղաքական ուշադրությունն ու գործնական հնարավորությունները Հարավային Կովկասում։ Միաժամանակ Իրանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային հաղորդակցային նախագծերի համար, քանի որ Թեհրանը Հարավային Կովկասը դիտարկում է սեփական կենսական շահերի գոտի և զգայուն է ցանկացած նախաձեռնության նկատմամբ, որը կարող է փոխել ուժերի առկա հավասարակշռությունը։

Այս ֆոնին Հայաստանի համար առաջանում է նաև մեկ այլ ռազմավարական մարտահրավեր․ եթե իրանա-ամերիկյան դիմակայությունը շարունակի խորանալ, ապա անխուսափելիորեն կուժեղանան նաև ներքաղաքական և փորձագիտական այն կասկածները, թե որքան իրատեսական և կայուն կարող է լինել տարածաշրջանում ամերիկյան երկարաժամկետ ներգրավվածությունը։

Այլ կերպ ասած՝ որքան երկար է տևում Մերձավոր Արևելքի ճգնաժամը, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ Հարավային Կովկասում ԱՄՆ-ի նախաձեռնությունների նկատմամբ կձևավորվի անվստահություն՝ պայմանավորված ոչ թե քաղաքական կամքի բացակայությամբ, այլ Վաշինգտոնի ռազմավարական ռեսուրսների և առաջնահերթությունների հնարավոր վերադասավորմամբ։ Չնայած փորձագետներից շատերը պնդում են նաև, որ Վաշինգտոնում ու Թել Ավիվում սպասվող ընտրական շրջափուլերը կփոխեն նրանց ինտենսիվ քաղաքականությունն Իրանի ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031