Քաղաքական լոյալություն՝ տնտեսության դիմաց. հայ-ռուսական բանակցությունների անլուծելի հանգույցը

Ռուսական ուղղությամբ Նիկոլ Փաշինյանի հետընտրական առաջին այցը կայացավ դեպի Եկատերինբուրգ, որտեղ նա ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հուլիսի 6-ին մասնակցեց «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական համաժողովին։

Հունիսի 7-ին կայացած Հայաստանի խորհրդարանական ընտրություններից անցել է մեկ ամիս, սակայն Կրեմլի կողմից պաշտոնական շնորհավորանքի բացակայությունը շարունակում է մնալ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի առավել ուշագրավ դետալներից մեկը՝ վերածվելով դիվանագիտական «լռության» ցուցադրական ժեստի։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Հայաստանի նկատմամբ գործի դրված տնտեսական սահմանափակումներին ու կոշտ հռետորաբանությանը զուգահեռ՝ ՌԴ-ի այս ցուցադրական «անտարբերությունն» ընտրությունների արդյունքների նկատմամբ կարծես ազդակ է, որ Մոսկվան սպասում է Երևանի հետագա քայլերին՝ դեռևս չհամաձայնելով ընդունել Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները, ինչպես նաև ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը։

Սակայն կարծես այցը Եկատերինբուրգ ու հանդիպումը Միշուստինի հետ բավարար չէր, քանի որ այցից օրեր են անցել, սակայն Ռուսաստանից որոշումների փոփոխություն կարծես չի նշմարվում։

Կարդացեք նաև

Օրերս Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ Եկատերինբուրգում կայացած հանդիպմանը։

Նա նշեց, որ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ ունեցել է բաց, անկեղծ և բարեկամական քննարկում։ «Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնց մանրամասներն այս պահին չեմ ցանկանում հրապարակել։ Սպասենք, որ դրանք կյանքի կոչվեն, և ինքներդ կտեսնեք արդյունքները»,- ասաց Փաշինյանը։ Ավելի վաղ գրել էինք, որ այդ հանդիպմանը ռուսական կողմն աչքի ընկավ զուսպ, սառը, պրագմատիկ վերաբերմունքով հայկական պատվիրակության նկատմամբ։

Այնուամենայնիվ, Եկատերինբուրգում տեղի ունեցած շփումներն իրականում ավելի շատ արձանագրեցին առկա անդունդը, քան նախանշեցին դրա հաղթահարման ուղիները։

Փակ դռների հետևում ընթացող բանակցությունները վերածվել են բարդ և հակասական երկխոսության, որտեղ տնտեսական օրակարգը պարբերաբար ստվերվում է քաղաքական հիմնարար պահանջներով։ Մոսկվայի համար տնտեսական գործակցությունը վաղուց արդեն դադարել է լինել զուտ պրագմատիկ հարթության հարց․ այն դիտարկվում է՝ որպես Երևանի քաղաքական լոյալության և ռազմավարական կողմնորոշման ցուցիչ։

Ռուսական կողմը հստակ հասկացնում է, որ ցանկացած տնտեսական «փաթեթի» կամ արտոնության հիմքում պետք է ընկած լինի Հայաստանի իշխանությունների կողմից իրենց արտաքին քաղաքական կուրսի վերանայումը, ինչը, սակայն, հակասում է պաշտոնական Երևանի որդեգրած գործելակերպին։

Մինչ Մոսկվան սպասում է քաղաքական «հնազանդության» ակնհայտ դրսևորումների, Երևանը շարունակում է հետևողականորեն ընթանալ իշխանությունների հայտարարած դիվերսիֆիկացման, հավասարակշռման ճանապարհով։ Այս ռազմավարական խզումը հանգեցրել է մի փակուղային վիճակի, որտեղ կոնսենսուսի հասնելը դառնում է գրեթե անհնարին։

Ռուսաստանի Դաշնության կողմից ընտրությունների արդյունքների «չճանաչումը» վերածվել է յուրօրինակ լծակի։ Կրեմլը, օգտագործելով այս լռությունը, փորձում է հոգեբանական և տնտեսական ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների նկատմամբ՝ ստիպելով կատարել արտաքին քաղաքական ընտրություն՝ կամ դեպի Արևմուտք, կամ դեպի ԵԱՏՄ ու Ռուսաստան։

Արդյունքում՝ Փաշինյանի խոսքերը «բարեկամական քննարկումների» և «չհրապարակվող պայմանավորվածությունների» մասին այս փուլում ավելի շատ թվում են դիվանագիտական զսպվածության փորձեր, քան իրական բեկման նշաններ։ Առկա է մի իրավիճակ, երբ կողմերը խոսում են տարբեր լեզուներով. Երևանը փորձում է առանձնացնել տնտեսությունը քաղաքականությունից, իսկ Մոսկվան հրաժարվում է քննարկել տնտեսական հարցերը՝ առանց քաղաքական երաշխիքների։

Մոսկվայի կողմից պաշտոնական շնորհավորանքի բացակայությունը ոչ թե ժամանակավոր արձանագրային թերացում է, այլ քաղաքական որոշում՝ նպատակ ունենալով ցույց տալ, որ «նոր իրականությունը» Հայաստանում անընդունելի է ռուսական վերնախավի համար։

Այս պայմաններում Ռուսաստանը շարունակում է օգտագործել իր ազդեցության լծակները՝ փորձելով վերադարձնել Հայաստանն իր ազդեցության գոտի, իսկ Երևանը փորձում է գտնել քաղաքական ու տնտեսական նոր ապավեններ։ Հայ-ռուսական հարաբերությունները հայտնվել են դիվանագիտական փակուղում, որտեղ կողմերի միջև քաղաքական սպասումների անհամատեղելիությունը թույլ չի տալիս անցնել գործնական օրակարգի՝ հանգեցնելով հարաբերությունների աննախադեպ լճացման։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031