Պուտինն էքuպանսիա կսկսի Բելառուսի, Վրաստանի և ՀՀ-ի ուղղությամբ՝ լիակատար վերահսկողություն հաստատելու համար. Սահակաշվիլի
Պուտինը պարտվում է Ուկրաինային, և ես համոզված եմ, որ նա միաժամանակ կսկսի էքսպանսիա Բելառուսի, Վրաստանի և Հայաստանի ուղղությամբ՝ լիակատար վերահսկողություն հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին՝ DW-ին բանտից տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահն արդեն պահանջել է, որ Վրաստանի ներկայիս վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ճանաչի օկուպացված Աբխազիան և Հարավային Օսիան որպես անկախ պետություններ։
«Քանի որ Իվանիշվիլին ժամանակ է ձգում, Ռուսաստանն արագացրել է Հարավային Օսիայի անեքսիան, իսկ Պուտինը ռուս պաշտոնյայի է նշանակել դրա ղեկավար։ Ես կարծում եմ, որ սա կհանգեցնի Թբիլիսիի լիակատար գրավմանը, և դա ամենևին էլ դժվար խնդիր չէ։ Իվանիշվիլին, Ռուսաստանի պահանջով, փաստացի ոչնչացրել է վրացական զինված ուժերը։ Տնտեսությունը 99%-ով կախված է Ռուսաստանից։ Վրաստանն այլևս ընկերներ չունի, որոնք կարող են օգնել նրան։ Հետևաբար, միայն ժամանակի հարց է, թե երբ կհաստատվի լիակատար վերահսկողությունը։ Միևնույն ժամանակ, Պուտինը կփորձի գրավել Հայաստանը, քանի որ նա արհամարհում է Փաշինյանին և կարող է հույսը դնել այնտեղի հզոր հինգերորդ շարասյան վրա։ Հայաստանի գրավումն անհնար է առանց Վրաստանն արդեն վերահսկելու»,- ասել է նա։
Միաժամանակ, Սահակաշվիլին դրական է գնահատել ԱՄՆ-ի գործող վարչակազմի կոշտ դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ և կարծիք հայտնել, որ Ուկրաինայի եվրաինտեգրումն անխուսափելի է։
Նախկին նախագահի խոսքով՝ Կովկասում Մոսկվայի դիրքերի թուլացումը պատահականություն չէ, այլ ուղղակի հետևանքն այն բանի, որ Ուկրաինան հաջողությամբ զսպում է ռուսական ագրեսիան ռազմաճակատում։
«Եթե անկեղծ լինենք, Ռուսաստանի պատմական կորուստները Ռումինիայում, Մոլդովայում, Ադրբեջանում, Հունգարիայում, Հայաստանում և նույնիսկ Աֆրիկայում Զելենսկու փայլուն արտաքին քաղաքականության ուղղակի ձեռքբերումն են»,- նշել է Սահակաշվիլին՝ ընդգծելով, որ դա այն ռազմավարության արդյունքն է, որին Ուկրաինայի նախագահը հետևողականորեն հավատարիմ է մնացել այս ողջ ընթացքում։
Սահակաշվիլին վստահ է՝ աշխարհաքաղաքական հավասարումը բավական պարզ է, որ եթե Ռուսաստանը պարտվի Ուկրաինայում, նա կպարտվի ամենուր։ Եվ Զելենսկին կդառնա ամբողջ տարածաշրջանի ազատարարը։

