Արջը մտել է ԱՄՆ ԶՈւ բազայի տարածքում գտնվող առևտրի կենտրոն և դեղձ գողացել
Արջն անսպասելիորեն հայտնվել է Ալյասկայի «Էլմենդորֆ-Ռիչարդսոն» միացյալ ռազմակայանի տարածքում գտնվող առևտրի կենտրոնում և, համտեսելով դեղձը, հեռացել շենքից, հայտնել է տեղի KTUU հեռուստաալիքը։
Բազայի ներկայացուցչի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի առավոտյան, երբ առևտրի կենտրոնում արդեն աշխատակիցներ և այցելուներ կային։
«Արջին տեսանկարահանել են այն պահին, երբ նա մտել է ճաշարան, որտեղ վերցրել է մի դեղձ, միջանցքում թողել է արտաթորանքի մի քանի կտոր և, ի վերջո, լքել շենքը»,- նշվել է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնել է հեռուստաալիքը՝ հղում կատարելով վայրի բնության պահպանության մենեջեր Քոլեթ Բրանդտին, կենդանին շենք է մտել ավտոմատ դռներով։ Առևտրի կենտրոնում տեղի ունեցած միջադեպից հետո բնապահպանական ծառայության աշխատակիցները հոգացել են, որպեսզի արջը վերադառնա անտառ։

